Լրահոս
Օրվա լրահոսը

Ազատ Մարտիրոսյանի դեմ բերված այս մեղադրանքները բացարձակապես կապ չունեն իբրև ՀՀ դեսպան նախկինում նրա գործունեության հետ. փաստաբան

Մայիս 29,2018 10:08

Հայաստանյան լրատվամիջոցներով տեղեկատվություն է տարածվել ԱՄՆ Արդարադատության նախարարութան կողմից մի խումբ անձանց դեմ երեկ հրապարակված մեղադրանքների մասին։ Այդ մեղադրանքներն առնչվում են Ասիական գազատարի շինարարության հարցում Ռոլլզ-Ռոյս ընկերության կողմից օտարերկրյա կառավարություններին, մասնավորապես Ղազախստանի պետական պաշտոնյաներին կաշառելու, և այդ կերպ մատակարարման կապալներ ստանալու խնդրին։ ԱՄՆ Արդարադատության նախարարությունն այս գործողությունները որակել է իբրև կաշառատվություն և փողերի լվացում։

Ի թիվս այն անձանց, ովքեր, ըստ ԱՄՆ Արդարադատության նախարարության, այս կամ այն չափով ներգրավված են եղել նշված գործողություններում, նշված է նաև Ազատ Մարտիրոսյանի անունը։ Ազատ Մարտիրոսյանն 90-ական թթ․ վերջին ու 2000-ական թթ․ սկզբին եղել է Չինաստանում ՀՀ դեսպանը։ Սակայն, իր դիվանագիտական պրակտիկան նա ավարտել է 2001 թ․՝ անցնելով դասախոսական, իսկ այդուհետ նաև միջազգային գործարար խորհրդատվական գործունեության։ 2004 թվականից մինչև այսօր նա աշխատում է միջազգային նավթագազային ինժեներական մի մեծ ընկերության հետ, իբրև խորհրդատու և Պեկինում այդ ընկերության ներկայացուցիչ։

Պրն․ Մարտիրոսյանի դեմ բերված այս մեղադրանքները բացարձակապես կապ չունեն իբրև ՀՀ դեսպան նախկինում նրա գործունեության հետ։ Միաժամանակ, այդ մեղադրանքները բացարձակապես անհիմն են՝ հենված իրավական ու փաստային մի շարք թյուրըմբռնումների և դրանց խեղաթյուրված ներկայացման վրա։

2017 թ․ սեպտեմբերից ես հանդիսանում եմ այս հարցով պրն․ Մարտիրոսյանի իրավական ներկայացուցիչն ու փաստաբանը։ Ես, ինչպես և պրն․ Մարտիրոսյանը, ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ պրն․ Մարտիրոսյանը միանգամայն անմեղ է, և որևէ կերպ ներգրավված չի եղել այն գործունեության մեջ, որին հղում է կատարվում ԱՄՆ Արդարադատության նախարարության մամլո հայտարարության, ինչպես նաև պրն․ Մարտիրոսյանի դեմ ներկայացված մեղադրական փաստաթղթի մեջ։

Պրն․ Մարտիրոսյանը վճռականորեն տրամադրված է պաշտպանել իր բարի համբավն ու գործարար վարկը և օգտագործելու է բոլոր հնարավոր իրավական ուղիներն ու միջոցները՝ այս հարցում արդարության վերականգնման նպատակով։

ԱՄՆ արդարադատության ու իրավապահ համակարգերն ավանդաբար աչքի են ընկել արհեստավարժության, անաչառության և օրինականության բարձր չափանիշներով առաջնորդվող իրենց գործունեությամբ։ Ցավոք, այս պարագայում այդ որակները չեն դրսևորվել։ Մենք հուսով ենք, որ իրավական շրջանակներում այս խնդիրն իր պատշաճ պարզաբանումը կգտնի՝ թույլ տալով պրն․ Մարտիրոսյանին՝ վերականգնել իր անունն ու համբավը։

Արմեն ԽԱՐԱԶՅԱՆ

Մարտիրոսյանի փաստաբան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031