Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, Aravot.am-ին տված հարցազրույցում խոսելով կատարվելիք ներդրումներից, տեղեկացրեց, որ Գյումրու կենտրոնական հատվածում՝ Շառլ Ազնավուրի հրապարակի մոտակայքում գտնվող «Բարեկամության» այգին վերջնականապես ազատելու են տնակներից ու ներդրումներ կատարելու նպատակով հանձնելու են Ռուբեն Վարդանյանին պատկանող կազմակերպությանը։
«Արդեն իսկ խոսում ենք, որպեսզի 22 բնակիչների հետ ազատենք տարածքը և տանք համապատասխան կազմակերպությանը։ Իդեալական այգի կլինի, միայն ատրակցիոները, որ բերելու են, մոտ 4 միլիոն դոլարի արժողություն ունի։
«Բարեկամության» այգին ընդհանուր կտանք իրենց, եթե չեմ սխալվում մոտ 27 հեկտար տարածք, այնտեղ կան որոշ տարածքներ, որ իրենք ուզում են գնել։ Այսպիսի լավ ծրագիր է լինելու մեր քաղաքի համար։
Գիտեք, որ «Բարեկամության» այգու դիմաց գտնվող «Շիրակ» հյուրանոցի տարածքը ևս կառուցվում է մասնավորի կողմից։ Սա ևա շատ կարևոր է, որպեսզի կարողանանք Շառլի հրապարակի այդ հատվածը վերականգնենք։
Սայաթ-Նովայով, Հայուհու հրապարակով հասնելու ենք մինչև Վազգեն Սարգսյան, Մովսես Խորենացի փողոցներ։ Այս տարի արդեն ծրագրի մեջ կա, և մենք շուտով կհայտարարենք, թե երբ ենք սկսելու շինարարական աշխատանքները»,-ասաց Գյումրու քաղաքապետը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ