Մայիսի 28-ին Տավուշի մարզի սահմանամերձ Նոյեմբերյան քաղաքում կայացավ Հայաստանի առաջին հանրապետությանը,1918թ. մայիսյան հերոսամարտերին նվիրված հանդիսավոր միջոցառում:
Առավոտից բարձրաձայն հնչում էին հայրենասիրական երգեր: Կեսօրին քաղաքի Ազատության հրապարակում օրվա խորհրդին հարիր ելույթներ ունեցան Նոյեմբերյան համայնքի ղեկավար Կարեն Աբազյանը, Հայաստանի գրողների միության Տավուշի մարզային մասնաճյուղի ղեկավար, ազատամարտի վետերան Սամվել Բեգլարյանը, Նոյեմբերյանի սահմանապահ զորամասի հրամանատարի տեղակալ Արտյոմ Խոդերյանը:
Նոյեմբերյանի սահմանապահ զորամասի հրամանատար Սողոմոն Խաչատրյանին տրվեց Նոյեմբերյանի համայնքապետարանի պատվոգիր: Զորամասի հրամանատարի կողմից պատվոգրեր ստացան Նոյեմբերյան համայնքի ղեկավար Կարեն Աբազյանը, սահմանամերձ գյուղերի վարչական ղեկավարները:
Նոյեմբերյանի սահմանապահ զորամասի հետախուզական վաշտի զինծառայողները ցուցադրեցին հետախուզական մարտի տեսարաններ, արդիական հարձակողական զենքեր: Կայացավ համերգ, ուր ելույթ ունեցան Արծրուն Անանյանը, Աննա Ալավերդյանը, Նաիրա Ներսիսյանը, Հայկ Բեջանյանը, Նոյեմբերյանի մշակույթի տան պարի խմբերը:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ