Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ Վարդան Բոստանջյանի, Սարդարապատը բոլորի տոնն է ու առանց հրավերքի էլ կարող էին մասնակցել

Մայիս 28,2018 18:40

Այսօր Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը ներկա չի գտնվել Սարդարապատում կազմակերպված Առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված տոնական միջոցառումներին։

Նրան չեն հրավիրել՝ որպես ԱԺ նախագահ, միայն ՀՀԿ խմբակցությունից անվանական երեք հոգու անուն են նշել՝ Վահրամ Բաղդասարյան, Ֆելիքս Ցոլակյան, Արա Բաբլոյան: Հրավերք չեն ուղարկել նաեւ ԱԺ փոխնախագահներին ու հանձնաժողովների նախագահներին:

ԱԺ ՀՀԿ-ական փոխնախագահներ խտրական վերաբերմունք են որակել այս մոտեցումը:

Aravot.am-ի հետ զրույցում ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի հանձնաժողովի նախագահ Վարդան Բոստանջյանն ասաց, որ իրեն էլ չեն հրավիրել, բայց, ըստ նրա, հրավերքի ինստիտուտն այստեղ չպետք է լինի. «100-ամյակի կապակցությամբ հրավերք որ չեղավ, ես չէի ուզենա նման գնահատական տալ, թե խտրական մոտեցում է եղել: Պարզապես սա գիտեք ոնց է, երեւի գոյություն ունեցող իրավիճակում ավելի շուտ դրա վրա ուշադրություն չի սեւեռվել, բայց ասել, թե հատուկ են այդպես արել՝ ես բացառում եմ»:

Մենք փոխանցեցինք, որ երբ Ազգային ժողովի աշխատակազմը փորձել է ճշտել ԱԺ նախագահի մասնակցության արարողակարգը, հաշվի առնելով, որ միջոցառման պաշտոնական մասը միշտ իրականացվել է եռյակի մասնակցությամբ՝ Հանրապետության նախագահի, ԱԺ նախագահի եւ վարչապետի, ԱԺ աշխատակազմին հայտնել են, որ այս տարի Ազգային ժողովի նախագահը չի լինելու նշված եռյակում։

Բոստանջյանն արձագանքեց. «Եռյակ, քառյակ, ընդհանրապես պետք է աբստրահարվենք նման բաներից, ինչի մասին է խոսքը: Երկիրն ունի իր պատմությունը, իր պատմության ոսկե էջերից մեկը Սարդարապատն է, հիմա այս պարագայում նստել մտածել եռյակների, քառյակների մասին՝ առնվազն զավեշտալի բան է»:

Նա ասաց, որ քաղաքական եւ ոչ քաղաքական բոլոր գործիչները կարող էին հանգիստ ներկա գտնվել Սարդարապատի միջոցառմանը՝ առանց հրավերի, որովհետեւ դա բոլորի տոնն է. «Ասենք՝ ՀՀԿ-ական, ԲՀԿ կամ ՀՅԴ, ես չէի ուզենա քաղաքական երանգ տալ, սա ազգային տոն է ու ոչ թե կարող էին ներկա գտնվել, ցանկալի էր, որ ներկա գտնվեին»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031