Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե նույնիսկ ԱԺ նախագահն էլ չի հրավիրվել, կներեք, սա արդեն իրոք անթույլատրելի է». Խոսրով Հարությունյան

Մայիս 28,2018 18:10

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը ներկա չի գտնվել Սարդարապատում կազմակերպված Առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված տոնական միջոցառումներին։

Նրան չեն հրավիրել՝ որպես ԱԺ նախագահ, միայն ՀՀԿ խմբակցությունից անվանական երեք հոգու անուն են նշել՝ Վահրամ Բաղդասարյան, Ֆելիքս Ցոլակյան, Արա Բաբլոյան: Հրավերք չեն ուղարկել նաեւ ԱԺ փոխնախագահներին ու հանձնաժողովների նախագահներին:

Aravot.am-ի հետ զրույցում ԱԺ տնտեսական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանն ասաց. «Ինձ համար անսպասելի էր: Որեւէ միջոցառում, այն էլ՝ համապետական կարեւորության այդպիսի միջոցառում եւ կանգնած են երկրի նախագահը, երկրի վարչապետը, չի կարող ներկա չլինել ԱԺ նախագահը: Ինձ թվաց՝ սա ուղղակի թյուրիմացություն է: Նկատեցի, որ շատ քիչ պատգամավորներ կային այնտեղ: Ինքս անձամբ որեւէ հրավեր չեմ ստացել: Կարող եմ ասել, որ առնվազն տարակուսելի է այս ամենը, եթե նույնիսկ ԱԺ նախագահն էլ չի հրավիրվել, կներեք, սա արդեն իրոք անթույլատրելի է: Ես չգիտեմ՝ ո՞վ էր հրավիրողը՝ նախագա՞հը, թե՞ կառավարությունը:

ԱԺ-ից aysor.am-ին հայտնել են, որ երբ Ազգային ժողովի աշխատակազմը փորձել է ճշտել ԱԺ նախագահի մասնակցության արարողակարգը, հաշվի առնելով, որ միջոցառման պաշտոնական մասը միշտ իրականացվել է եռյակի մասնակցությամբ՝ Հանրապետության նախագահի, ԱԺ նախագահի եւ վարչապետի, ԱԺ աշխատակազմին հայտնել են, որ այս տարի Ազգային ժողովի նախագահը չի լինելու նշված եռյակում։

Խոսրով Հարությունյանի խոսքով՝ մեր Սահմանադրությամբ ԱԺ նախագահը հանրապետության երկրորդ պաշտոնյան է. «Ես չգիտեմ ով է փոխում եռյակը, կամ առհասարակ եռյակ փոխում են, չեն փոխում, բայց կա Սահմանադրություն, վերջ»:

Մեր հարցին՝ ըստ ձեզ, ինչո՞ւ են նման մոտեցում ցուցաբերել, գուցե մտածել են՝ ՀՀԿ-ականները կարող է գնան, «տոնը փչացնեն»՝ Խոսրով Հարությունյանը պատասխանեց. «Մտածում եմ, որեւէ տրամաբանական մեկնաբանություն, որ փորձեմ վերծանել՝ ես կդժվարանամ: Ենթադրենք, կազմակերպական առումով ամեն խմբակցությունից կարող էին լինել 3 հոգի, ես սա արտառոց բան չեմ համարում, բայց պերսոնալ չհրավիրել ԱԺ նախագահին, սա ուղղակի անհասկանալի է, վերջին հաշվով պետություն է: ՀՀ-ն ինքնիշխան պետություն է՝ իր Սահմանադրությամբ եւ սահմանադրությամբ պայմանավորված պետական պաշտոնների ենթակայությամբ»:

Հարցին՝ իսկ ի՞նչ կխանգարեր, եթե ՀՀԿ-ականները պարզապես որպես ՀՀ քաղաքացի այս տոնն իրենցը համարելով՝ ներկա գտնվեին միջոցառմանը՝ Խոսրով Հարությունյանը պատասխանեց. «Դա էլ է լուծում: Անկեղծ ասած, իմ չմասնակցելը պայմանավորված չի եղել այն հանգամանքով, որ ես հրավեր չեմ ստացել: Ուղղակի ընտանեկան միջոցառում է, դրանով է պայմանավորված իմ՝ Սարդարապատում չլինելը, բայց կարծում եմ, ոմանք կարող էին առաջնորդվել ուղղակի այլ մոտեցմամբ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ծանրաբեռնված և ժողովրդի համար մտածողներ, նորից տպավորություն եք ստեղծում,ինձ ինչ,ի”նչ Սարդարապատ:
    Եթե այդ տրամաբանությամբ ապրենք Շուշին էլ կուրանանք:
    Հա իմիջայլոց’ Թաթուլ Կրպեյանի անվան այգում հոյակապ միջոցառում էր կազմակերպվել,եթե մոտ չապրեի ես էլ չէի մասնակցի:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031