Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչի է փորձում հասնել Ալիեւը Հայաստան-Նախիջեւան սահմանում լարվածությամբ

Մայիս 28,2018 19:00

Ըստ Դավիթ Շահնազարյանի՝ «այդ կերպ Ադրբեջանը նպատակ է հետապնդում առաջ քաշել ԵԱՀԿ Մինսկի խմբին զուգահեռ մի այլ բանակցային ձեւաչափ՝ Թուրքիայի մասնակցությամբ»:

«Հաշվի առնելով նոր հնարավորությունները, Հայաստանը պետք է նախաձեռնողական քաղաքականություն վարի առաջին հերթին հենց ղարաբաղյան բանակցային գործընթացում, որի համար լուրջ նախադրյալներ են ստեղծված, քանի որ Հայաստանում նոր կառավարություն է ձեւավորվել, առկա են խորքային նոր իրողություններ: Անհրաժեշտ է այնպես գործել, որպեսզի բանակցային գործընթացը լինի ոչ թե այսպես ասած՝ Ադրբեջանի դաշտում, Բաքվի թելադրած օրակարգով եւ կանոններով, այլ՝ հայկական կողմի: Բայց նշեմ, որ շատ ժամանակ չկա, պետք է արագ գործել: Էապես աճել է Հայաստանի միջազգային վարկը: Սրանք նոր իրողությամբ ստեղծված լրացուցիչ բաղադրիչ են ավելացրել ԼՂ հիմնախնդրում եւ Հայաստանը ի զորու է ու պարտավոր նախաձեռնողականություն ցուցաբերել բանակցային գործընթացում», «Առավոտ»-ին տված հարցազրույցում ասաց 1992-95թթ. ՀՀ նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան Դավիթ Շահնազարյանը:

Նախիջեւանի կողմում Ադրբեջանի ակտիվությունն ի՞նչ է նշանակում, զուտ քարոզչական նկատառումներո՞վ են ինժեներական աշխատանքներ տարվում, թե՞ ագրեսիվ մտադրությունների իրականացման նախապատրաստական աշխատանքներ են տարվում, հարցրեցինք պարոն Շահնազարյանին:

«Ադրբեջանը Հայաստան-Նախիջեւան սահմանում լարվածության անընդհատ աճի քաղաքականություն է վարում: Այդ կերպ նպատակ է հետապնդում առաջ քաշել ԵԱՀԿ Մինսկի խմբին զուգահեռ, մի այլ բանակցային ձեւաչափ՝ Թուրքիայի մասնակցությամբ: Այլ մանրամասների վերաբերյալ, առայժմ, ձեռնպահ կմնամ հրապարակայնորեն արտահայտվել: Ի դեպ, հավելեմ, որ Ադրբեջանում, իշխանության ներսում սուր, անզիջում պայքար է ընթանում առանցքային պաշտոնների համար», նշեց մեր զրուցակիցը:

1992-95թթ. ՀՀ նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան Դավիթ Շահնազարյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ՝ կարդացեք մայիսի 30-ի տպագիր «Առավոտ»-ում:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031