Լրահոս
Օրվա լրահոսը

Գործադուլ ու հացադուլ՝ Կապանի լեռնահարստացման կոմբինատում

Մայիս 28,2018 17:27

Երրորդ օրն է՝ Կապանի լեռնահարստացման կոմբինատի աշխատակիցները գործադուլ են անում: Այսօր վեց աշխատակից նստել է հացադուլի:

Աշխատակիցները պահանջում են 40 տոկոսով բարձրացնել աշխատավարձերը: Նրանք այսօր երթ են կազմակերպել դեպի մարզպետարան, քաղաքապետարան: Կոմբինատի աշխատակիցները Aravot.am-ի հետ զրույցում նշեցին, որ իրենց կատարած աշխատանքի դիմաց անհամարժեք են վարձատրվում եւ պահանջում են, որ սեփականատերը վերանայի աշխատավարձերը՝ հակառակ դեպքում գործադուլը կշարունակեն:
Կոմբինատը, որը արդյունահանում է հանքաքար, տնօրինում է ռուսական «Պոլիմետալ» ընկերությունը՝ մի քանի տարի առաջ:

Մեզ հետ զրույցում աշխատակիցները պատմեցին, որ տասը օր առաջ գործարանի տնօրինության հետ նստել են բանակցությունների՝ աշխատավարձը բարձրացնելու հորդորով:

«Պատասխանեցին, որ մեր աշխատավարձը կվերանայեն հոկտեմբերին՝ 5 տոկոս բարձրացումով: 5 տոկոս բարձրացումը ստացվում է 5 հազարից մինչեւ 8 հազար դրամ աշխատավարձ, ըստ մասնագիտությունների, որը որ այս պարագայում զրո է, մենք պահանջեցինք, որ ամենապակասը 40 տոկոսով բարձրացնեն, 60-ից մինչեւ 80 հազար դրամ:

Հանքի օժանդակ բանվորը, որն աշխատում է փակ հանքում, ավելի քիչ է ստանում, քան՝ դրսի հաց ցրողը: Կան նաեւ բարձր ստացողներ՝ կախված մասնագիտությունից, ասենք՝ մեքենավարը կարող է ստանալ մինչեւ 350 հազար դրամ աշխատավարձ, բայց դա ստանալու համար ինքը շնչում է ամեն հերթափոխին 7 ժամով 100 լիտր սալյարկայի ծուխ, գումարած պայթուցիկ նյութերից գազ, գումարած թթվածնի պակասություն, գումարած քարի փոշի: Այսօր, որ գնում ես հիվանդանոց, ամենապակասը 100-150 հազար դրամ միայն անալիզներին ենք վճարում»:

Գործադուլի մասնակիցները նշեցին, որ գլխավոր տնօրենն ի պատասխան իրենց բողոքի՝ պատասխանել է, որ աշխատավարձերը չեն վերանայելու, ավելին՝ հայտնել է, որ վաղը 200 աշխատակցի աշխատանքից հեռացնելու է եւ որ ծանուցումները կստանան փոստով:
Աշխատակիցների տվյալներով, կոմբինատն ունի 1200-1300 աշխատակից, սակայն վարչական մասը չի միացել գործադուլին:

Նշենք, որ Կապանի լեռնահարստացման կոմբինատը 1000 խոշոր հարկատուների ցանկում 17-րդ տեղում է եւ անցյալ տարի տասը ամիսների ընթացքում պետբյուջե է վճարել 4 միլիարդ 656 միլիոն 568,7 դրամ հարկ:

Aravot.am-ը կոմբինատի աշխատակիցների գործադուլի հետ կապված հարց ուղղեց կոմբինատի տնօրենի տեղակալ Վահրամ Ավագյանին, որը հասարակայնության հետ կապերի պատասխանատուն է, սակայն պարոն Ավագյանը հորդորեց հարցերն ուղարկել գրավոր:

Պարոն Ավագյանի պատասխանը կներկայացնենք առաջիկայում՝ պատասխանը ստանալուն պես:

 

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031