Բրիտանացի հայտնի երգիչ, երաժիշտ, բարերար Էլթոն Ջոնը Instagram-ի իր էջում անդրադարձել է Հայաստան կատարած այցին: Երաժիշտը լուսանկար է հրապարակել լսողական խնդիր ունեցող տղայի հետ: «Հնարավոր չէ նկարագրել, թե ինչ ուրախություն ես զգում, երբ տեսնում ես՝ ինչպես է ինչ-որ մեկը լսում առաջին անգամ»,-գրել է Էլթոնը Ջոնը լուսանկարին կից մեկնաբանությունում՝ հավելելով, որ տղան լսողական սարք ունի Starkey Hearing Technologies-ի շնորհիվ, որի թիմը ճամփորդում է աշխարհով մեկ և մարդկանց ընծայում լսելու ունակություն:
Էլթոն Ջոնն անդրադարձել է նաև Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հետ հանդիպմանը և գրել է. «Մեծ պատիվ էր նման ջերմ ընդունելության արժանանալ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի կողմից: Շատ հուզիչ և ոգեշնչող փոփոխություններ են տեղի ունենում այս գեղեցիկ երկրում: Շնորհակալություն բոլորին՝ ինձ և Դևիդին նման կերպ հյուրընկալելու համար»:
Երաժիշտը լուսանկար է հրապարակել «Նոր Սերունդ» հասարակական կազմակերպության անդամների հետ հանդիպումից: «Հայաստան կատարած մարդասիրական այցի ընթացքում մենք հանդիպեցինք իրապես ոգեշնչող մարդկանց: Ահա «Նոր Սերունդ»-ի թիմը: Նրանք խիզախորեն անանուն ցանց են ստեղծում, որը Հայաստանում ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներին թույլ է տալիս ունենալ ՄԻԱՎ-ի ախտորոշման և բուժման հասանելիություն»: