«Ադրբեջանին զենքի վաճառքի հարց ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Պատրուշեւի հետ չենք քննարկել, քանի որ այս այցը ճանաչողական էր, բայց առաջիկա հանդիպումների ժամանակ դրան էլ կանդրադառնանք»,-լրագրողների հետ զրույցում այսօր անդրադառնալով ՀԱՊԿ անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի օրերս կայացած նիստին իր մասնակցությանը, ասաց ՀՀ ազգային անվտանգության խորհրդի նորանշանակ քարտուղար Արմեն Գրիգորյանը:
Նա տեղեկացրեց, որ իր գործընկերներն իրեն դրական են վերաբերվել: «Ջերմ զրույց ունեցանք Պատրուշեւի հետ, որը շնորհավորեց ինձ այս պաշտոնում նշանակվելու առթիվ: Անդրադարձել ենք հայ-ռուսական հարաբերություններին եւ դրանց զարգացման հնարավորություններին»:
Ինչ վերաբերում է ԱԱԾ-ի վերջին կոռուպցիոն բացահայտումներին, Արմեն Գրիգորյանը նշեց. «Բոլոր կոռուպցիոն գործընթացները պետք է բացահայտել: Մեր մարտավարության մեջ կոռուպցիան դարձնելու ենք անվտանգության խնդիր»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ