Մայիսի 28-ին Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում ունեցավ պաշտոնական այցով Հայաստան ժամանած Ֆրանսիայի` Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանի հետ:
Ողջունելով հյուրին՝ նախարար Մնացականյանը հատկանշական համարեց, որ ֆրանսիացի գործընկերոջ այցը տեղի է ունենում, երբ համայն հայությունը նշում է Հայաստանի առաջին Հանրապետության հռչակման հարյուրամյակը։ Նախարարի խոսքով` խորհրդանշական է նաև, որ նախքան իրենց հանդիպումը նախարարներն այցելել են Մուսա Լեռան հուշահամալիր, որը հայ-ֆրանսիական բարեկամության յուրօրինակ խորհրդանիշներից է: «Մեր հարաբերությունները հիմնված են արժեքների վրա, որոնց հիմքում դրված է մարդու արժանապատվությունը և ազատությունը»,- նշեց արտգործնախարար Մնացականյանը: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կարևորեց նաև, որ ֆրանսիացի գործընկերն այցի սկզբում Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Շնորհավորելով Հայաստանին և հայ ժողովրդին Հանրապետության տոնի կապակցությամբ` Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանը վերահաստատեց ֆրանսիական կողմի պատրաստակամությունը` շարունակելու դարավոր բարեկամության և ընդհանուր արժեհամակարգի վրա հիմնված համագործակցության խորացմանն ու առավել ընդլայնմանն ուղղված քայլերը:
Անդրադառնալով Հայաստանում տեղի ունեցած վերջին զարգացումներին՝ Ժան-Իվ Լը Դրիանը նշեց, որ Հայաստանն իր պատմության շրջադարձային մի կետում է՝ ողջունելով քաղաքական ուժերի և ժողովրդի պատասխանատվության և երկխոսության ոգին: Ֆրանսիայի ԱԳ նախարարն ընդգծեց, որ հպարտ է, որ հանդիսանում է առաջին բարձրաստիճան պաշտոնյան, ով այցելում է Հայաստան վերոհիշյալ զարգացումներից հետո՝ վերահաստատելով Ֆրանսիայի՝ Հայաստանի կողքին լինելու և աջակցելու պատրաստակամությունը:
Զրուցակիցները համակարծիք էին, որ Հայաստանի և Ֆրանսիայի առանձնաշնորհյալ հարաբերությունները խարսխված են երկու ժողովուրդների ավանդական բարեկամության և փոխադարձ աջակցության դրսևորումների վրա, ինչի վկայությունն են երկկողմ հագեցած օրակարգը, մշտական քաղաքական երկխոսությունը, պետությունների ղեկավարների մակարդակով իրականացվող պարբերական պետական այցելությունները, տարբեր բնագավառներում խորը համագործակցային կապերը, ֆրանսահայ աշխույժ համայնքի առկայությունը։
Կողմերը մտքեր փոխանակեցին համատեղ ջանքերով առևտրատնտեսական, գիտակրթական և մշակութային կապերին, ինչպես նաև ապակենտրոնացված համագործակցությանը նոր շունչ հաղորդելուն ուղղված քայլերի շուրջ:
Զրուցակիցների ուշադրության կենտրոնում էին նաև Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության երևանյան գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքները: Այս համատեքստում նախարար Մնացականյանը վերահաստատեց Հայաստանի կողմից բարձր մակարդակով այս կարևորագույն միջոցառումը կազմակերպելու և անցկացնելու հանձնառությունը:
Նախարարները քննարկեցին նաև Հայաստան-Եվրամիություն համագործակցությանը, ստորագրված ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին և այս ձևաչափով հայ-ֆրանսիական փոխգործակցության հեռանկարներին վերաբերող հարցեր:
ԱԳ նախարարները երկուստեք գոհունակությամբ արձանագրեցին, որ Հայաստանում ֆրանսիական համալսարանը կրթական ոլորտում երկկողմ սերտ փոխգործակցության ամենահաջողված օրինակներից է և Հայաստանի կրթական համակարգում հանդիսանում է ամենապահանջված համալսարաններից մեկը։
Հանգամանալից մտքեր փոխանակվեցին Իրանի միջուկային ծրագրի շուրջ զարգացումների և Սիրիական ճգնաժամի կարգավորման ուղղությամբ գործադրվող ջանքերի վերաբերյալ։
Նախարարներ Մնացականյանը և Լը Դրիանը հանգամանալից անդրադարձ կատարեցին ղարաբաղյան հիմնախնդրին: Զոհրաբ Մնացականյանը կարևորեց Ֆրանսիայի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի կողմից գործադրվող ջանքերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ: Կողմերը համակարծիք էին, որ գործընթացի հաջողության համար կարևոր է խաղաղությանը միտված մթնոլորտի ձևավորումը։
Հանդիպման ավարտին տեղի ունեցավ Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) և Տնտեսական համագործակցության համար խթանման և մասնակցության ընկերության (Պրոպարկո)՝ Հայաստանում հաստատման և գործունեության մասին համաձայնագրի ստորագրման արարողությունը:
Հանդիպման արդյունքներով Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները հանդես եկան մամուլի համար հայտարարություններով:
ՀՀ ԱԳՆ