Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ընտրությունները թերի լեգիտիմություն կունենան, եթե դրանց չմասնակցեն քաղբանտարկյալները. Երվանդ Բոզոյան

Մայիս 28,2018 16:23

«Անկախության և ճակատամարտերի հիմնական դասն է այն, որ երբ ժողովուրդը հույսը դնում է իր վրա, հաջողություններ է ունենում»,-«Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Ազգային համաձայնության կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը:

Նա հավաստիացրեց՝ միշտ էլ քաղաքական վերնախավը հեռու է եղել ժողովրդից. դա ցույց են տվել Սարդարապատի,Ղարաքիլիասայի ճակատամարտերը:

Անդրադառնալով խորհրդարանական համակարգից բխող խնդիրներին՝ պարոն Հարությունյանն ասաց. «Եթե ՀՀԿ-ն որոշի ձախողել, իրենք իրավական մեխանիզմներ ունեն ձախողելու, նորից պիտի փողոց փակվի, ժողովուրդ դուրս հանվի: Այդ բոլորի մեջ բացառությամբ Նիկոլ Փաշինյանի, մնացածն այս ռեժիմի դեմ չի երևում, որ պայքար են տարել: Երբ երեք-չորս ամիս հետ ենք գնում, տեսնում ենք՝ այս մարդկանց ստատուսները. պայքար չի եղել»:

Ըստ պարոն Հարությունյանի՝ հեղափոխության առաքելությունն է նաև այն, որ ազատություն պարգևեն այն մարդկանց, որոնք բանտերում են, քանի որ պայքարել են ռեժիմի դեմ: Նա հավելեց. «Որքան հնարավոր է՝ այդ մարդկանց պետք է շուտ ազատ արձակել, ոչ թե զանգով, կամ ներողություն ծնգացնելով, այլ մթնոլորտը շարունակելով: Այնպես չպետք է ստացվի, որ հաղթել է հեղափոխությունը նրա համար, որ մարդկանց մի մասն ավելի լավ է քայլել կամ փողոց փակել: Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ պետք է իր տեղը բերի, հակառակ դեպքում ստացվում է, որ մարդկանց պայքարը կարող է յուրացվել ու անտեսվել»:

Արամ Հարությունյանը վստահեցրեց՝ Սամվել Բաբայանը, Սասնա ծռերը, Անդրանիկ Թևանյանը, Երվանդ Բոզոյանը, բոլորն էլ պայքարել են ռեժիմի դեմ. «Այնպես չէ, որ ֆուտբոլի ժամանակ գոլ խփողն է հաղթում. բայց ո՞վ տվեց պասը: Մեր թիմ ինչքան շատ ասեն, այնքան օգուտ չէ իրենց: Թիմը եղել է ժողովուրդը, քաղաքական ուժերը մի կողմ էին քաշվել, որ օգնեին հեղափոխությանը: Նույն Վոլոդյա Ավետիսյանը՝ այդ տարիքի մարդ, զբաղված էր իրազեկմամբ»:

Դառնալով տարածքներ հանձնելու մասին հայտարարություններին՝ պարոն Հարությունյանը վստահեցրեց. «Ուզում է ժողովուրդը գրկած բերի իշխանությանը, եթե նա թուղթ ստորագրեց, որ տարածքները պիտի հանձնվեն, ժողովուրդը չի ընդունելու: Պատահական չէ, որ նույն Նիկոլ Փաշինյանն Արցախի հետ կապված քայլեր է անուն: Լևոն Տեր-Պետրոսյանը տարածքները հանձնելու հետ կապված փորձեր արեց, կորցրեց իշխանությունը, 2017-ին նման քայլ արեց, ուղղակի զրկվեց մանդատից»:

Քաղաքագետ Երվանդ Բոզոյանի կարծիքով՝ ՀՀ Առաջին Հանրապետության 100-ամյակն այսօր նշում ենք սիմվոլիկ և շատ ձևական. «Ցավոք, մեր հանրությունը չի մարսել ընդհանրապես, թե ինչ կատարվեց հարյուր տարի առաջ, ինչպես ստեղծվեց և ինչպես վերացավ առաջին հանրապետությունը»:

Նա արձանագրեց, որ մեզանում եղել է թավշյա հեղափոխություն, բայց նշեց, որ մի քանի հրատապ խնդիրներ ունենք լուծելու. «Լեգիտիմ իշխանություններ ձևավորելու համար արտահերթ խորհրդարանական ընտրություններ պիտի անցկացվեն: Նորմալ ընտրություններ անցկացնելու համար պետք է ԸՕ փոխվի, պետք է տեխնիկական միջոցներ ներդրվեն, միասնական էլեկտրոնային բազա ստեղծվի ամբողջ Հայաստանում: Պետք է քաղբանտարկյալներն ազատ արձակվեն: Եթե մարդիկ մնան բանտում և չմասնակցեն ընտրություններին, թերի լեգիտիմությամբ ընտրված կլինեն իշխանությունները: Այդ մարդիկ պայքարել են ռեժիմի դեմ, այնքան սուր են պայքարել, որ հայտնվել են բանտում: Մյուսները միգուցե այդքան սուր չեն պայքարել և մնացել են ազատության մեջ, քանի որ թիրախ չեն եղել: Ինչո՞ւ նրանք պիտի մասնակցեն ընտրություններին, իսկ մյուսները՝ ոչ »:

Դառնալով շահարկումներին, եթե Սամվել Բաբայանն ազատ արձակվի, նա պետք է գնա Արցախ՝ այնտեղ հեղափոխություն անելու, պարոն Բոզոյանն ասաց. «Սամվել Բաբայանն ակտիվ ներգրավված էր ՕՐՕ դաշինքի աշխատանքներին: Շփվել եմ նրա ու նրա ընկերների հետ: Նման օրակարգային խնդիր՝ դուրս գալ ու գնալ Արցախ, չկա: Նա Հայաստանում է տեսնում լուրջ խնդիրներ: Եթե նման բան է շահարկվում, դա լավ չէ»:

Պարոն Բոզոյանն ասաց, որ մի շարք խնդիրներ կան լուծելու նաև սոցիալ-տնտեսական ոլորտում ու եզրափակեց. «Մենք կարող են ասել քայլ արա, մերժիր Սերժին, ՀՀԿ-ին, բայց ավելի լուրջ քայլեր են պետք անել, որպեսզի ասենք՝ քայլ արա, ստեղծիր արտադրություն, նորմալ տնտեսություն»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031