«Բազմաթիվ, բայց հաղթահարելի խնդիրներ ունենք: Բոլոր խնդիրներն էլ հաղթահարելի են»,-այսօր Սարդարապատում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով բանակի մարտահրավերներին՝ ասաց պաշտպանության նորանշանակ նախարար Դավիթ Տոնոյանը:
Իր առաջիկա անելիքների մասին նա նշեց. «Բարձրացնելու եմ բանակի մարտունակությունը, փոխելու եմ բանակի «մենթալիտետը»: Կոռուպցիայի ռիսկերը պետք է չեզոքացվեն»:
Ինչ վերաբերում է Արտակ Դավթյանի՝ ԳՇ պետի պաշտոնում նշանակման մասին քննադատություններին, նախարարը նկատեց. «Եթե տասը տարվա օպերատիվ վարչության պետը եւ ԳՇ պետի տեղակալը գնահատվում է որպես անպատրաստ, այլեւս խոսք չունեմ»:
Տոնոյանն անդրադարձավ այն փաստին, որ երեկ հայտնաբերվել է կապիտան Հմայակ Հակոբյանի դին. «Նախաքննության տվյալներով՝ նա ինքնասպան է եղել: Ինքնասպանությունը սոցիալական խնդիր է եւ ոչ միշտ է կապված բանակի հետ»:
Նիկոլ Փաշինյանի որդու՝ Արցախում ինքնակամ ծառայելու որոշումն էլ Տոնոյանը դրական գնահատեց. «Իմ զավակն էլ է ծառայելու, հուլիսին կզորակոչվի, իսկ ինքնակամ կգնա Արցախ, թե ոչ՝ ինքը կորոշի: Ես ոչինչ չեմ անում այլ պաշտոնյաներին ուղերձ հղելու համար, բայց իմ կարծիքն այն է, որ պաշտոնյաների երեխաները պետք է ծառայեն»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ