Լրահոս
Օրվա լրահոսը

Գերմանիայում բնակվող երիտասարդ գիտնականը՝ Հայաստան վերադարձի մասին. «Սկսել եմ իրոք հաճախ մտածել այդ ուղղությամբ»

Մայիս 28,2018 16:13

Թավշյա հեղափոխության օրերին, արտերկրում բնակվող ՀՀ քաղաքացի գիտնականները հայտարարություն էին տարածել՝ պահանջելով Սերժ Սարգսյանի հրաժարականը: Հայտարարության մեջ գիտնականները նշել էին ՀՀ գիտական ներուժի արտահոսքի ցավոտ խնդրի մասին եւ իրենց  համերաշխությունը հայտնել Հայաստանում ձեւավորված ավտորիտար համակարգի դեմ պայքարի դուրս եկած, իրենց քաղաքական եւ քաղաքացիական ազատություններն իրացնող մեր համաքաղաքացիներին:

Ինչպես հայտնել ենք, այս օրերին Aravot.am-ը արտերկրում բնակվող գիտնականներից հետաքրքրվում է՝ հիմա, երբ Հայաստանում իշխանություն է փոխվել, մտադի՞ր են վերադառնալ հայրենիք եւ այստեղ շարունակել իրենց գործունեությունը:

Այս առնչությամբ մեզ հետ զրույցում տեսաբան ֆիզիկոս, ֆիզ-մաթ. գիտ. թեկնածու, ավագ գիտաշխատող, «Հայկյան» մրցանակակիր Վազգեն Սարգսյանը, որը Հայաստանից հեռացել է 2008-ին եւ հիմա բնակվում է Գերմանիայում, ասաց, որ հիմա Հայաստանում ստեղծված իրավիճակը գնահատում է գերազանց. «Իհարկե նկատի ունեմ մթնոլորտը, որը ձևավորվել է Հայաստանում: Հավատում եմ որ այդ մթնոլորտը աստիճանաբար կտարածվի բոլոր ոլորտների վրա, նաեւ գիտության»:

Ինչ վերաբերում է վերադառնալուն՝ նա ասաց. «Կարծում եմ, առաջնային պետք է մտածեմ, թե ինչ ձեւաչափով մենք կարող ենք օժանդակել նոր Հայաստանին, եւ համոզված եմ, որ այդ ձեւաչափը կարող է լինել շատ տարբեր: Այդ օժանդակությունը կարող է լինել ե՛ւ հեռվից, ե՛ւ տեղում մասնակցությամբ: Եվ այո, սկսել եմ իրոք հաճախ մտածել նաեւ այդ ուղղությամբ»:

Շուտով կառավարության ծրագիրն է քննարկվելու, մեր հարցին՝ կոնկրետ գիտության ոլորտի մասով ի՞նչ առաջարկներ ունեք կառավարությանը՝ Վազգեն Սարգսյանը պատասխանեց. «Կարծում եմ, կառավարությունը պետք է առաջնային հասկանա, թե ինչի համար է Հայաստանին պետք գիտությունը: Երբ իրոք լինի խորը գիտակցում գիտության դերի մասին եւ հասարակության, եւ տնտեսության համար, ապա մյուս հարցերը կստանան իրենց լուծումներն ու պատասխանները, եթե ոչ, գիտության դերի կարեւորությունը կրկին կմնա դեկլարատիվ հայտարարություն: Բայց կրկնում եմ, տեսնում եմ, որ նոր թիմը իրոք նոր մտածելակերպ կրող մարդիկ են եւ գիտակցում են դա»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Լուսանկարը՝ Վազգեն Սարգսյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031