Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հրավերով Հայաստան պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիայի` Եվրոպայի եւ արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանը։
Այսօր` մայիսի 28-ին, Զոհրաբ Մնացականյանի եւ Ժան-Իվ Լը Դրիանի բանակցությունների արդյունքներով նախարարները հանդես եկան համատեղ մամուլի ասուլիսով, սակայն, քանի որ նախարարը շտապում էր՝ լրագրողները հնարավորություն չունեցան արտգործնախարարներին հարցեր ուղղել, նախարարները միայն հայտարարություններով հանդես եկան:
Ֆրանսիացի նախարարը նախ նշեց, որ չափազանց ուրախ է իր այցի համար, որը խորհրդանշական օր է տեղի ունենում՝ Հայաստանի Առաջին հանրապետության 100-ամյակի օրը եւ ընդգծեց, որ իր այցի ժամկետը պատահական չէ:
Հայ-ֆրանսիական հարաբերությունների արմատները ֆրանսիացի նախարարը պատմական անվանեց: «Հայաստանը իր պատմության մի շրջադարձային կետում է՝ վերջին իրադարձությունների առումով: Ուզում եմ ողջունել պատասխանատվության, երկխոսության ոգին, որը դրսեւորեցին քաղաքական ուժերը եւ հայ ժողովուրդը, որը թույլ տվեց մայիսի 8-ին ընտրել նոր վարչապետ: Շատ հպարտ եմ, որ առաջին քաղաքական բարձրաստիճան պատասխանատու պաշտոնյան եմ, որը նոր Հայաստանի նոր ղեկավարներին է հանդիպում: Հայաստանի իշխանություններին, եւ ձեզ սիրելի Զոհրաբ, ցանկանում եմ ասել, որ Ֆրանսիան կշարունակի մնալ Հայաստանի կողքին՝ օգնելու կառուցելու ժողովրդավարությունը»,- նշեց ֆրանսիացի պաշտոնյան:
Ֆրանսիան եւ Հայաստանը հին կապերով են կապված. «Այդ կապերը զարգացել են, սակայն մեր կարծիքով, այնուամենայնիվ, դրանք անբավարար են մեր քաղաքական երկխոսության համեմատ եւ մենք վճռական են զորաշարժի ենթարկել մեր ուժերը», հավելեց Ժան-Իվ Լը Դրիանը:
Ֆրանսիացի նախարարը տեղեկացրեց, որ միջկառավարական համաձայնագիր են ստորագրել, որը պետք է խորացնի հայ-ֆրանսիական համագործակցությունը ՝ Ֆրանսիայի զարգացման գործակալության միջոցով:
Նա կարեւորեց Ֆրանսիայի նախագահ Մակրոնի՝ աշնանը ծրագրված այցը Հայաստան, նշեց, որ մեծ ոգեւորությամբ են սպասում այդ իրադարձությանը, քանի որ այն երկու երկրների համար կարեւոր է լինելու:
«Մենք քննարկել ենք Հայաստան-ԵՄ փոխհարաբերությունները: Ֆրանսիան բավական ներգրաված է այս ոլորտում: Այս համաձայնագիրը լիովին ներդրված է Հայաստանի մյուս միջազգային հանձնառությունների մեջ: ԵՄ-ի հետ այսպիսի գործընկերություն դուք միակն եք, որ պետք է ունենաք»,- նկատեց ֆրանսիացի նախարարը:
Ժան-Իվ Լը Դրիանը տեղեկացրեց, որ ՀՀ ԱԳ նախարարի հետ բանակցություններում անդրադարձել են Ղարաբաղյան խնդրին: «Ֆրանսիան որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր իր տեղն է զբաղեցնում այդ գործընթացում: Մենք վճռական ենք շարունակելու մեր դերակատարությունը: Հաճախ առիթ ունեցել ենք ասելու՝ ուժի կիրառումը լուծում չէ, մենք լիովին համամիտ ենք այս հարցում պարոն Մնացականյանի հետ: Ո՛չ ստատուս քվոն, ո՛չ ուժի կիրառումը ընդունելի չեն: Պետք է պրագմատիկ եւ կրեատիվ մոտեցում ցուցաբերել», -Երեւանում հայտարարեց Ֆրանսիայի` Եվրոպայի եւ արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանը:
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ