ԶՈՒ ԳՇ նախկին պետ, նորանշանակ գլխավոր ռազմական տեսուչ Մովսես Հակոբյանն այսօր Սարդարապատում լրագրողների հետ զրույցում մեկնաբանելով իր նոր աշխատանքը՝ ասաց. «Ամեն ինչ տրամաբանական էր: Իմ մտահղացումներն իրականացվում են՝ սերնդափոխություն»:
Հակոբյանը հավելեց. «Ցանկացած պաշտոն, որով քեզ հնարավորություն են տալիս հայրենիքին ծառայել, մեծ պատիվ է»:
Ինչ վերաբերում է Արտակ Դավթյանի՝ ԳՇ պետ նշանակվելուն, Հակոբյանն ընդգծեց. «Նա բանիմաց սպա է, կարծում եմ՝ ամեն ինչ լավ կլինի»:
Լրագրողները հետաքրքրվեցին՝ կա՞ն մտահոգություններ, որ ԱԱԾ-ի բացահայտումները նաեւ ՊՆ-ին կհասնեն: Մովսես Հակոբյանը նշեց. «Ձեր մտահոգություններն անտեղի են եւ կփարատվեն: Իմ տիրապետմամբ՝ բանակը զերծ է եղել կոռուպցիայից: Չեմ հավակնում իրավաբան լինել, իրավապահները գնահատականներ կտան»:
Հարցին՝ «մտավախություն ունե՞ք, որ այդ բացահայտումները ձեզ էլ կհասնեն», նա այսպես արձագանքեց. «Առհասարակ, իմ վախի չիպը հանած է»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ