«Նրանք, ովքեր ասում են`շտապել պետք չէ, որ էդպես է, թող չշտապեին Սերժի հրաժարականի հարցում էլ: Բա ինչի՞ էն ասում`չէ, մեկ ամիսը երկար է, պետք է երկու ժամում հրաժարական տաս»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը`անդրադառնալով քաղբանտարկյալներին ազատ արձակելու հարցին:
Հիշեցնենք, իր ֆեյսբուքյան ուղիղ եթերներից մեկում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել էր քաղբանտարկյալներին ազատ արձակելու հարցին`ասելով. «Տեսնենք` ինչ օրինական ճանապարհ կա, որ լուծենք, եթե նման հնարավորություն չկա, պետք է մտածենք համաներմամբ ազատ արձակելու մասին, եթե պարզվի, որ այդ գործիքն էլ հնարավոր չի կիրառել` հնարավոր է կիրառել ներման ինստիտուտը: Բայց` ամեն ինչ պետք է լինի օրինականության սահմանում»:
Քաղբանտարկյալներին ազատ արձակելու հարցը նախկին քաղբանտարկյալ Պարույր Հայրիկյանն ավելի կարևոր հարց է համարում, քան «մեկ ապիկար իշխանավորի հրաժարականը»: Ինքը չի կարծում, որ այս հարցում պետք է հապաղել. «Նույնիսկ, կարելի է գնալ ամենածանր հանցագործներին`քաղաքական նկատառումներով, ազատելուն`հարյուրամյակի հետ կապված: Շանթ Հարությունյանին եւ նրա գործընկերներին ազատելու կարգ չի, խայտառակություն է: Ըստ էության, պատժաձեւն են փոխում: Դրա մասին չպետք է լիներ խոսքը: Հեղափոխություն, նշանակում է` հեղափոխական փոփոխություններ»:
«Սասնա ծռեր» զինված խմբի անդամների մասով էլ Պարույր Հայրիկյանն ասում է. «Բացառիկ բան կարող է լինել, գոնե խափանման միջոցն անմիջապես պետք է փոխվի»: Ինքը համաձայն չէ այն տեսակետի հետ, որ դա վատ նախադեպ կարող է լինել: «Նախադեպ արդեն ունեցել ենք: 1998 թվականին Ռոբերտ Քոչարյանը բաց թողեց եւ այդ նախադեպից Հայաստանը չկործանվեց: Ավելի լավ է ունենալ տասը չդատված հացագործ, քան մեկ անմեղ դատապարտյալ: Դա քաղաքակիրթ աշխարհի սկզբունքն է»,-ասաց ԱԻՄ նախագահը:
Հիշեցնենք, խոսքը «Վահան Հովհաննիսյան+30» ազատ արձակված ՀՅԴ-ական գործիչներ Վահան Հովհաննիսյանի, Արմեն Ռուստամյանի, «Դրոյի» գործով ազատ արձակված Հրանտ Մարգարյանի, Գեղամ Մանուկյանի եւ այլոց մասին է: Նրանք ազատ արձակվեցին քաղաքական իրադրության փոփոխության հիմնավորմամբ:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ