Լրահոս
Օրվա լրահոսը

«Առաջին Հանրապետության պաշտոնյաների պես Կարեն Կարապետյանն էլ չհաջողեց, քանի որ երկար ժամանակ Հայաստանում չէր ապրել». Նարինե Թուխիկյան

Մայիս 28,2018 15:22

«ՀՀ քաղաքացիներն Առաջին Հանրապետության հարյուրերորդ տարեդարձի տոնակատարությունների տարվա մեջ մտան՝ թոթափելով ռեժիմը: Սա ամենամեծ ձեռքբերումն է»,-«Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանը:

Տիկին Թուխիկյանը նշեց, թե ամենաշատը բացասական առումով տպավորվել է ՀՀ առաջին Հանրապետության առաջին վարչապետ Հովհաննես Քաջազնունու հուշերից, որտեղ պատմում էր, թե ինչպես եղավ, որ ստորագրվեց Բաթումի պայմանագիրը, ինչ խոսակցություններ էին և այլ: Տիկին Թուխիկյանը հատկապես շեշտեց այն հանգամանքը, որ Քաջազնունին հուշեր է գրել այն մասին, թե որքան էր կոտրված իր սիրտը այդ պայմանագիրը ստորագրելուց հետո. անգամ ապրելը չէր գալիս:

Հարցին՝ինչո՞ւ կորցրեցինք ՀՀ առաջին Հանրապետությունը՝ տիկին Թուխիկյանը պատասխանեց՝ ռոմանտիզմը, ավանտյուրան էլ իրենց չափաբաժինն ունեին, բայց ամենակարևորն այն էր, որ առաջնորդների մի մասն, ըստ էության, բուն Հայաստանի, հող ու ջրի հետ կարծես թե կապ չունեին՝ ապրում էին ռուսահայաստանում:

Այնուհետև զուգահեռներ տարավ մեր օրերի հետ և հիշեց ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին. «Մեր օրերում էլ այն մարդիկ, որոնք իշխանության այս կամ այն պաշտոնը ստանձնեցին երկարատև դրսում ապրելուց հետո, էլի որևէ կապ չունին Հայաստանի հետ: Խոսում եմ  հատկապես Կարեն Կարապետյանի մասին»: Դիտարկմանը՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն էլ է երկար տարիներ ապրել Հայաստանից հեռու, Նարինե Թուխիկյանն արձագանքեց՝ դեռ կտեսնենք, նայած թե ինչով է զբաղվել անձն ու ինչ է արել իր պետականության համար:

Հարցին՝ որքանո՞վ է այս օրերին ազատագրված տարածքների վերադարձի մասին խոսելն արդարացված և տեղին, տիկին Թուխիկյանն արձագանքեց. «Այդ մասին միայն հիմա չի խոսվում, այլ երկար տարիներ, բայց դա որևէ բան նշանակել չի կարող: Մենք տեսանք, որ մենք ունենք ժողովուրդ, որը կարող է իր պահանջները դնել ու իր կամքը թելադրել: Շատ դեպքերում այդ խոսակցությունները տարածվում են կասկածներ գցելու, թուլացնելու համար: Ես ամենևին նման կասկածներ չունեմ»:

Ըստ Նարինե Թուխիկյանի՝ ՀՀ առաջին Հանրապետության ամենակարևոր պատգամն ու դասն էր այն, որ անկախությունը գերագույն արժեք է և գերագույն նպատակ պետության ու յուրաքանչյուր ժողովրդի համար: Դա ամենօրյա աշխատանք է, և ինչպես Հովհաննես Քաջազնունին էր ասում, անկախությունը պահել է պետք անվթար: Տիկին Թուխիկյանը եզրափակեց. «Սա շարունակական գործընթաց է, և մենք մեծ առաքելություն ունենք իբրև ժողովուրդ և պետություն, մանավանդ հիմա, երբ տեսնում ենք, որ ողջ տիեզերքը նպաստում է դրան»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031