Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Վարչապետի փոխվելու հետ փոխվեց փողոցի գույնը (Ֆոտոշարք)

Մայիս 28,2018 15:02

Ինչպես հայտնի է, ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը սկսել էր իրականացնել Գյումրու պատմական կենտրոնը՝ «Կումայրի»-ի արգելոց-թանգարանի տարածքը տուրիստական գոտու վերածելու ծրագիր: Այդ նպատակով անգամ հատուկ հիմնադրամ էր ստեղծվել՝ «Կումայրի վերածնունդ» անվամբ։ Ու թեև Կարեն Կարապետյանն իր հարցազրույցներից մեկում վստահեցրել էր, որ թեկուզև ինքը չլինի վարչապետ, միևնույն է՝ շարունակելու է իր նախաձեռնած ծրագիրը, իշխանափոխությունից հետո գյումրեցիների մոտ մտահոգություն կա, որ վերանորոգելու նպատակով քանդված փողոցները գուցեև այդպես էլ քարուքանդ մնան։

Aravot.am-ը Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ է սպասվում Կարեն Կարապետյանի՝ «Կումայրի»-ի արգելոցի տարածքը տուրիստական գուտու վերածելու ծրագրին՝ կշարունակվի՞ փողոցաշինությունը, և մասնավոր ներդրողները, որոնցից ոմանց համոզել ու Գյումրի էր բերել նախկին վարչապետը, կվերակառուցե՞ն իրենց գնած պատմական շենքերը։

 

Սամվել Բալասանյանը վստահեցրեց, որ փողոցաշինությանը ոչ մի վտանգ չի սպառնում, քանի որ դա շարունակում են ՎԶԵԲ-ի՝ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջոցներով։ Քաղաքապետի տեղեկացմամբ, այն 4 փողոց է ընդգրկում՝ Շիրազի անվան փողոցը Ռուսթավելու փողոցի հետ կապող հատվածը, Ղորղանյան, Աբովյան, Ջիվանի, Վարպետաց փողոցները, իսկ Հակոբյան փողոցը կվերանորոգվի համայնքային բյուջեի միջոցներով։ Գյումրու քաղաքապետն ասաց, որ կենտրոնական այս 5 փողոցների վերանորոգման համար հայտարարված մրցույթն արդեն կայացել է, նույնիսկ պայմանագիրն են ստորագրել, հաջորդ շաբաթվանից կսկսվեն շինարարական աշխատանքները։

«Շիրազի փողոցն իր հարակից փողոցներով դեպի հարավ, այսինքն՝ դեպի Գայի փողոց, դեպի Ջիվանի, դեպի Վարպետաց փողոց, վերանորոգելու ենք Համաշխարհային բանկի միջոցներով։ Այսինքն՝ «Կումայրի վերածնունդ» հիմնադրամի հետ որևէ կապ ունենալ չի կարող։ Նախագծերն արդեն պատրաստ են, մենք մրցույթ ենք հայտարարելու, այն իրականացնելու է Տարածքային զարգացման հիմնադրամը, այսինքն՝ Համաշխարհային բանի միջոցներով իրենք են իրականացնելու այս ծրագիրը։ Դրա մեջ նույնիսկ մտնում է մեր կենտրոնական հրապարակի ասֆալտապատումը, Գայի փողոցի, Ջիվանի հրապարակի ասֆալտապատումը։ Հիմա օպերատորները՝ Ջրմուղը, ՀԷՑ-ը, կապն աշխատանքներ են իրականացնում, և կոյուղագծերի, և խմելու ջրի հետ կապված բոլոր աշխատանքները վերջացրել ենք, մինչև մայիսի վերջ վերջացրած կլինենք այդ բոլոր աշխատանքները։ Դրանից հետո շինարարը պարզ կլինի, երևի հունիսի վերջ, հուլիսի սկիզբ կսկսենք մեր շինարարական աշխատանքը», -ասաց քաղաքապետը։

Մենք քաղաքապետից հետաքրքրվեցինք՝ Շիրազի անվան փողոցում, որտեղ Կարեն Կարապետյանը մտադրված էր կարմիր ասֆալտ փռել, արդյոք պահպանվելո՞ւ է հենց այդ գույնը։

«Ոչ, կարմիր չի լինելու, գույնը փոխվել է, և ոչ թե վարչապետը փոխվել է, գույնն էլ նոր փոխվեց, հենց Կարեն Կարապետյանի պաշտոնավարման ժամանակ մենք առաջարկություն կատարեցինք փոխել գույնը։ Իհարկե, շատ գեղեցիկ կլիներ կարմիր գույնով փողոց ունենալ, բայց շատ թանկ կլիներ, հետագա շահագործումը քաղաքապետարանը չէր կարողանա անել, եթե ինչ-որ ճաք լիներ, ինչ-որ փոս լիներ, վերջը հինգ տարիների ընթացքում երաշխիքից դուրս է գալու, մենք այդպիսի գույն չէինք կարող ճարել, որպեսզի նույն ձևի կարմիր ասֆալտ անեինք։ Դուրս գալով այսօրվա ընդհանուր իրավիճակից, որ մենք չենք կարող շահագործել, առաջարկություն կատարվեց, և մենք փոխեցինք սովորական ասֆալտաշերտի»,-պարզաբանեց քաղաքապետը։

Սամվել Բալասանյանն ասաց, որ այս փողոցը շատ գեղեցիկ է լինելու. խաչմերուկները լինելու են մանրաքարերով, մայթն ամբողջապես լինելու է բազալտից։ Իսկ հարակից որոշ փողոցները, օրինակ՝ Վարպետաց փողոցը մինչև հրապարակ մանրաքարերով է լինելու։ Գյումրու քաղաքապետը վստահեցնում է, որ այս փողոցները իրենց գեղեցկությամբ չեն զիջելու Ռուսթավելու անվան փողոցին։

Մեր հարցին՝ իսկ մասնավոր ներդրողները, որոնք պատմական կառույցներ ձեռք բերելով՝ արդեն իսկ սկսել են որոշ շինարարական աշխատանքներ, ավարտին կհասցնե՞ն, թե՞ իշխանափոխությունից հետո այդպես էլ կիսատ կթողնեն՝ փչացնելով Գյումրու պատմական կենտրոնի տեսքը։

«Սա արդեն մասնավոր խնդիր է. այն կազմակերպությունները, որոնք արդեն շինթույլտվություն ունեին և սկսել են շինարարական աշխատանքներ, հիմա կարող է այդ մարդիկ չանեն, դա մասնավորի ցանկությունն է, կարող է ուրիշ ծրագիր բերեն։ Այսինքն՝ այս հարցին ես հիմա չեմ կարող պատասխանել, կարող եմ միայն պատասխանել այն հարցին, թե ո՞վ է շինթույլտվություն վերցրել և ի՞նչ նախագծով։ Հիմա այս պահին որոշ մասնավոր անձինք շարունակում են շինարարական աշխատանքները, որոշ անհատներ նոր են եկել, նույնիսկ արտերկրից կան անհատներ, Գերմանիայից։ Գերմանացին գալիս է, փողոցի վրա բնակարան է գնում։ Կան տարբեր տեսակի առաջարկություններ, մարդիկ ցանկություն ունեն տներ գնելու կամ հասարակական օբյեկտներ կառուցելու, հուշանվերի խանութներ, ռեստորաններ բացելու, մենք ունենք պատմական բոլոր փողոցների նկարագրությունը։ Մենք, ըստ նկարագրության, ցուցադրում ենք՝ որտեղ ինչ շենք է տեղավորվելու, մենք այդ նախագիծը ունենք, որն արվեց հիմնադրամի աջակցությամբ», -ասաց Սամվել Բալասանյանը։

Մենք հարցրեցինք՝ իսկ ի՞նչ է լինելու «Կումայրի վերածնունդ» հիմնադրամի կողմից գնված կամ միգուցե ուղղակի ձեռք բերված պատմական շենքերի ճակատագիրը, օրինակ՝ ասենք բժշկական քոլեջի, որը պատրաստվում էին պատմական շենքից տեղահանել ու այնտեղ հյուրանոց կառուցել։

«Հիմնադրամը իր գործունեությունը չի դադարեցրել, հիմնադրամը շարունակելու է իր գործունեությունը։ Հիմնադրամը որևիցե մի անգամ չի ասել, թե դադարեցնում եմ գործունեությունը, եթե այդպիսի բան լինի, ինքը կհայտարարի անպայման։ Մենք այս պահին աշխատում ենք հիմնադրամի հետ, օրինակ՝ հիմա ինչպիսի նստարաններ, ինչպիսի աղբամաններ, տարբեր կահավորանքներ ենք տեղադրելու այդ փողոցների վրա, համաձայնեցնում ենք, որպեսզի կարողանանք այն, ինչ-որ արվել է Ռուսթավելու անվան փողոցի վրա, լինի նաև այլ փողոցների վրա»։

Սամվել Բալասանյանը նաև տեղեկացրեց, որ Կարեն Կարապետյանի՝ Գյումրու պատմական կենտրոնում գնած շենքի շինաշխատանքները մեծ թափով շարունակվում են, աշխատում են նույնիսկ շաբաթ օրերին, որպեսզի հասցնեն օգոստոս ամսին ավարտին հասցնել։

«Մի բրիգադ չէ, այլ մի քանի բրիգադներ են աշխատում»,- ասաց քաղաքապետը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031