Պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանն առայժմ չի բարձրաձայնում, թե արդյոք առաջիկայում կլինե՞ն նոր բացահայտումներ եւ արդյոք որոշ պաշտոնյաներ կպատժվե՞ն օրենքով: «Առայժմ չեմ պատասխանում այն հարցերին, որոնք վերաբերում են իմ գլխավորած ծառայությանը: Ինչպես խոստացել եմ, այդ մասին կխոսենք մամուլի ասուլիսի ժամանակ»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր հայտնեց Սանասարյանը:
Ապա նա հայտարարեց, որ ստուգումներ են անցկացվելու նաեւ բուհերում: Առաջին ստուգումներից մեկը, ըստ նրա, կլինի ԵՊՀ-ում: «Կոռուպցիան եւ հովանավորչությունը պետք է բացառել: Բացահայտումներ կլինեն Երևանի պետական համալսարանում: Դա մյուս բուհերին էլ է վերաբերում»,-վստահեցրեց նա:
Ապա նշեց, որ չնայած իր պաշտոնին՝ իր մտերիմները չեն լինելու արտոնյալների կարգավիճակում. «Իսկ կառավարությունն ու հարակից մարմինները առողջ պետք է լինեն: Հիվանդ մարմիններ չեն լինելու»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ