Գրականագետ Դավիթ Գասպարյանը ոգևորված է նրանով, ինչ կատարեց համաժողովրդական շարժումը: «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը, շնորհավորելով Առաջին Հանրապետության 100-ամյակի կապակցությամբ պարոն Գասպարյանը հայտարարեց. «Վերջին մաքրագործումները բացառիկ ազգանպաստ ազդեցություն ունեցան, հույսը վերականգնվեց»:
Դառնալով նախորդ իշխանություններին՝ պարոն Գասպարյանը նկատեց. «Ապազգային, հակաժողովրդական իշխանություն էր ստեղծվել. ամեն ինչ միացնում էին իրար, կրճատում: Չշրջվեցին դեպի ժողովրդի կողմը, դրա համար էլ ժողովուրդը տապալեց ու լավ արեց: Ամեն բան ունի իր ժամանակը: Կոմունիստները ԽՍՀՄ-ում 22 միլիոն էին, բայց նրանցից պրծանք, ՀՀՇ-ն մեծ շարժում էր, բայց հետքը չկա: Ալիք էր եկավ, անցավ: Արդեն պատմության մեջ պիտի դիտարկել նրանց, այսօր այլևս անելիք չունեն: Տեսանք, թե ոնց աշխատեցին: Ո՞նց կարելի է նույն մարդուն յոթ անգամ նախարար դնել: Եթե լավ էր աշխատել, ինչո՞ւ էիր հանել»:
Դավիթ Գասպարյանը վստահեցրեց՝ ազատագրված տարածքների վերադարձ չի լինելու. «Նախկին իշխանավորն ասում էր՝ ո՞ւմ պապն է ծնվել Աղդամում, որ Աղդամը պահենք: Բայց իմ պապը ծնվել է Վանում, մյուսինը՝ Կարինում, Կարսում, Երզնկայում, ուրեմն իմ պապի ծննդավայրը հետ բեր: Այս կոչը նաև այսօրվա ու բոլոր ժամանակների իշխանավորներին է: Այն, ինչ մերն է, ոչ մի կաթիլ չենք զիջելու: Ապրիլին սվաղեցին, անցան՝ 800 հեկտարն ի՞նչ ասեցին: Բայց մենք կորուստ ունեցանք»:
Դառնալով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ տարածքների վերադարձի հետ կապված հայտարարություններին՝ գրականագետը վրդովվեց. «Առաջին նախագահն ասաց, կրկնեց, մեկ-երկու տարի առաջ էլ կրկնեց ու իր խմբով հրաժարական տվեց, գնաց: Ինչ արեց, արեց, էլ գործ չունի, թող չխառնվի մեր գործերին: Ժամանակն առաջ է գնում. իր ժամանակին ինքն ի՞նչ արեց: Ո՞ւմ օրոք երկիրը քանդվեց, այսքան գործարան ե՞րբ թալանեցին: Հիշեք, թե ոնց էր ժողովուրդը ծաղրում անկախություն բառը. այդտեղից եկավ այդ պարտվողականությունը, որին հիմա մենք վերջ տվեցինք: Մեր իշխանություններն այժմ խելոք մարդիկ են: Այդ հողերի համար զոհեր, արյուն ենք տվել, հո էդպես չէ՞, որ միանգամից տանք: Դե որ այդպես է, թող Արևմտյան Հայաստանի հողերը վերադարձնի»:
Պարոն Գասպարյանի կարծիքով՝ Սամվել Բաբայանը, Ժիրայր Սեֆիլյանը, «Սասնա ծռերը» պետք է ազատ արձակվեն. «Ամոթ է: Ես շատ եմ լինում Արցախում և զորամասերում, տեսնում եմ, որ Սամվել Բաբայանի նկարը կախված է հերոսների նկարների շարքում: Ստալինն էլ էր այդպես անում. երկրի նվիրյալներին 1937-ին լցրեց բանտերը: Սամվել Բաբայանը, Սեֆիլյանը, «Սասնա ծռերը» օր առաջ պիտի ազատ արձակվեն: «Սասնա ծռերն» էլ ինչ արել են, արել են հայրենիքի համար: Ցավոք, մահվան դեպքեր են եղել, բայց դրանք իրավիճակային էին…խելոք պիտի լինենք. հերոսները պիտի իրենց տեղն ունենան, ես իրենց ցավը տանեմ: Այո, չլինեին «Սասնա ծռերը», սա կարող է տեղի չունենար: Կերան մեզ նախկին իշխանությունները, էս ինչ ուրախություն էր, որ պրծանք դրանցից, էն մնացողներից էլ, որոնք լոքո-լոքո խոսում են, պիտի ազատվենք»:
Դավիթ Գասպարյանը հպարտությամբ նշեց, որ աշխարհի 5000 ազգերից միայն 200-ն ունեն պետություն և պետականություն, որոնց շարքում է նաև Հայաստանը:
Նկարագրելով 1918-ի իրադրությունը՝ պարոն Գասպարյանը նշեց. «Առաջին Հանրապետությունը կարելի է ասել ինքնաբերաբար ստեղծվեց, նույնիսկ տխուր էին, որ անկախացանք: Ռուսաստանը թուլացավ, զորքը նահանջում էր… Վրաստանը, Ադրբեջանը, Հայաստանը ինքնաբերաբար իրենց հռչակեցին որպես անկախ պետություն»:
Գրականագետը հիշեցրեց, որ կռվում էին նաև իշխանավորների երեխաները. Օհանջանյանի, Քաջազնունու որդիները զոհվեցին հանուն հայրենիք. «Կռվում էին չորս ճակատով՝ Թուրքիայի, Ադրբեջանի, վրացու, բոլշևիկի դեմ: ՀՀ-ի այդ փոքր տարածքում թուրքաբնակ գյուղեր էլ կային, անընդհատ դեպքեր էին ստեղծում, նրանց էլ քշեցին»:
Դավիթ Գասպարյանն Առաջին Հանրապետության սխալներից համարեց նաև Կարսը կորցնելը. «Մեր ամենամեծ սխալը Կարսի պոկումն էր: Թեև Կարսը հրաշալի պաշտպանված էր, բայց բոլշևիկները թունավորել, քայքայել էին բանակը: Լենինը Թուրքիայի համար ամեն ինչ արեց, և թուրքական կայսրությունը վերածնվեց: Մյուս սխալն այն էր, որ պետք չէր բոլշևիկներին ժամանակին այդքան արտոնություն տալը: Նրանք նենգ էին: Նույնիսկ Լևոն Շանթի նամակներում կա այն միտքը, որ անգամ կարող էր մի պահ գալ, որ Լենինն էլ համաձայներ, որ Հայաստանը չլցվեր բոլշևիկներով»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ