Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Արյունարբու «հրեշի» հեղինակը պատմեց իր պատմությունը

Մայիս 28,2018 14:48

Արդեն մի քանի շաբաթ է, ինչ սոցիալական ցանցերում պտտվում է «Օտարը» ֆիլմի հորինված կերպարի՝ արյունարբու քսենոմորֆի քոսփլեյի նկարը, որով նկարչուհի Արաքս Սարգսյանը մասնակցում է միջազգային մրցույթի։ Ֆեյսբուքյան շատ օգտատերեր, որոնք շաբաթներ շարունակ տարածում էին քվեարկության հղումն ու կոչ անում ընկերներին քվեարկել, օրերս «Լոֆթում» տեղի ունեցած հանդիպման ժամանակ հնարավորություն ստացան անձամբ ծանոթանալու քոսփլեյի հեղինակի հետ։

Արաքս Սարգսյանը մասնակցում է լոսանջելեսյան «Cinema Makeup School»-ի «Next level of cosplay» մրցույթին, որտեղ հաղթելու դեպքում կմեկնի Հոլիվուդ՝ սովորելու։ Օնլայն քվեարկության շնորհիվ նա հասել է մրցույթի եզրափակիչ փուլ և շարունակում է մնալ առաջատար։ Հանդիպման սկզբում Արաքսը պատմեց իր մասին, ցույց տվեց կինոգրիմի ոլորտում իր առաջին աշխատանքները, այնուհետև ներկայացրեց քսենոմորֆի քոսփլեյի ստեղծման պատմությունը։ «Մրցույթի մասին բավականին ուշ իմացա և աշխատելու համար ունեի ընդամենը 50 օր։ Մինչ մտածում էի՝ մասնակցել, թե ոչ, կերպարն արդեն ձև էր ստանում գլխումս։ Աշխատել եմ մեծ մասամբ պատուհանի փրփուրով, օգտագործել եմ խողովակներ և պոլիմերային կավ»,- մանրամասնում է Արաքս Սարգսյանը։

Ներկաներից մեկի հարցին, թե ինչ կցանկանար փոխել աշխատանքում, Արաքսը պատասխանում է. «Եթե փորձեմ վրան փոփոխություններ անել, ապա ամբողջովին կքանդեմ ու կսկսեմ սկզբից։ Իրականում լրացնելու շատ բան կա, պարզապես ժամանակը քիչ էր, նյութերն էլ ինձ համար նոր էին։ Եթե լիներ հնարավորություն, կմտածեի նաև հարմարության մասին, որովհետև միայն գլուխը 2,5 կգ է կշռում և մոդելի համար այն կրելն այնքան էլ հեշտ չէ»։

Երբ բոլոր հարցերը սպառված էին, հերթը հասավ տեխնիկական գործընթացների մասին քննարկմանը։ ԵՊՀ դասախոս Արման Ղարագուլյանը, որ նախաձեռնել էր այս հանդիպումը, իր խոսքում նշեց, որ քվեարկության հղումով Ֆեյսբուքում կիսվելն այնքան էլ արդյունավետ չէ։ Ավելի ճիշտ է անձամբ գրել ընկերներին ու տեղեկացնել մրցույթի մասին։

Մեզ հետ զրույցում Արման Ղարագուլյանը նաև պատմեց, որ Արաքսի հետ անձամբ ծանոթացավ հենց իր նախաձեռնած հանդիպման ժամանակ, և ակամայից է դարձել առցանց քվեարկության գործընթացների կազմակերպիչներից մեկը։ «Երբ համացանցում մրցույթի մասին հայտարարությունը տեսա, Արաքսի աշխատանքը շատ հավանեցի։ Միևնույն ժամանակ նկատեցի, որ սոցիալական ցանցերում հանրային իրազեկման գործողությունները կարելի է շատ ավելի արդյունավետ իրականացնել՝ սկսած կազմակերպչական խնդիրներից, վերջացրած մրցույթի մասին հայտարարություններում ճիշտ շեշտադրումներ կատարելով»,- մանրամասնում է ԵՊՀ դասախոսը։

Թեև հաղթողին որոշելու է պրոֆեսիոնալ ժյուրին, սակայն օնլայն քվեարկությունում առաջին տեղը զբաղեցնելը ևս շատ կարևոր է։ Ժյուրիի անդամները գնահատելու են մասնակիցների աշխատանքները՝ շնորհելով 1-6 միավոր, ընդ որում՝ ամենաբարձր գնահատականը 1-ն է։ Առցանց քվեարկության հաղթողը կստանա հավելյալ մեկ միավոր, երկրորդ տեղը զբաղեցրած մասնակիցը՝ 2, և այդպես շարունակ։ Դպրոցում սովորելու կրթաթոշակը կստանա թվով ամենաքիչ միավորներ ստացած մասնակիցը։ Քվեարկությունը կավարտվի ուրբաթ օրը։

 

Մանե ՄՈՒՐԱԴՅԱՆ

Լուսանկարները՝ Գայանե Ենոքյանի

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031