«Առաջիկայում էլ նոր բացահայտումներ կլինեն, համբերեք՝ կտեսնեք»,-լրագրողների հետ զրույցում այսօր անդրադառնալով օրերս բացահայտված կոռուպցիոն սխեմային, ասաց ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:
«Բոլոր ապօրինի հարստացածները պետք է պատժվեն: Մեր քայլերը լինելու են հետևողական: Մենք փոխել ենք մեր աշխատաոճը: Այս ամենը շարունակական է լինելու»,-վստահեցրեց նա:
Վերջին օրերի գործողությունների արդյունքում բերման ենթարկված անձանց թիվ Արթուր Վանեցյանը չնշեց, բայց հաստատեց, որ այդպիսիք կան: «Չի լինելու այնպես, որ հասարակության մոտ կասկածներ առաջանան այն հարցի շուրջ, թե մենք այս կամ այն գործողությունն անում ենք պատվերով կամ ինչ-ինչ այլ նպատակներով: Մենք ապացույցներով ենք առաջնորդվելու»,-համոզմունք հայտնեց Վանեցյանը:
Նա հավելեց, որ ապացույցների առկայության պարագայում բոլոր օրինախախտները պատժվելու են եւ նրանց համար ոչ ոք չի կարող «բարեխոսել»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ