Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Բուլղարացի տավղահարուհին գովեց իր հայուհի սանին. «Գոհարի համեստությունը լույսի շող է»

Մայիս 28,2018 14:31

Մայիսի 27-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կայացած դասական երաժշտության համերգին, որ նվիրված էր բուլղարական մշակույթի եւ սլավոնական այբուբենի տոնին, Հայաստանում Բուլղարիայի դեսպան Մարիա Պավլովա Ցոցորկովա-Կայմակտչեւան ունկնդրին ծանոթացրեց վիրտուոզ տավղահարուհի Սյուզաննա Կլինչարովայի եւ հայկական արմատներով նրա սանի եւ ասպիրանտի՝ Գոհար Անտոնյանի հետ:

Դեսպանը հայտնեց, որ բուլղարահայ համայնքի ներկայացուցիչ Գոհարը հանդես է եկել մի շարք երկրներում, այժմ էլ ակտիվ կրթական գործունեություն է ծավալում Բուլղարիայի կոնսերվատորիայում եւ Սոֆիայի ազգային երաժշտական դպրոցում: Նա նաեւ առաջադրվել է որպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի խաղաղության սուրհանդակ:

«Այս տաղանդավոր արվեստագետների միջեւ ինչպես կյանքում, այնպես էլ բեմում ստեղծագործական փոխազդեցությունն ու ներդաշնակությունն իր ուրույն ձեւով խորհրդանշում է բարեկամությունը բուլղար եւ հայ ժողովուրդների միջեւ»,-փաստեց դեսպանը:

Ճանաչված տավղահարուհի Սյուզաննա Կլինչարովան էլ ասաց, որ Բրյուսելում սովորելիս հայ ուսուցիչ է ունեցել` Սյուզաննա Մելտոնյան անունով, որի շնորհիվ հասկացել է հայկական ոգու էությունը: «Այսօր կարծես օղակը փակվեց, որովհետեւ իմ լավագույն աշակերտներից Գոհար Անտոնյանն այսօր ինձ հետ նույն բեմում է հանդես գալիս: Ի դեպ, վերջերս Գոհարը պաշտպանեց իր դոկտորական ատենախոսությունը Սոֆիայի երաժշտական դպրոցում: Ես բավականին ժամանակ եմ անցկացրել Գոհարի հետ` այդ ժամանակաշրջանում, գնահատելով նրա մարդկային որակները, համեստությունը, ինչն այսօր բեմում հազվադեպ հանդիպող երեւույթ է»,-հայտնեց Սյուզաննա Կլինչարովան:

Հավելեց, որ ցավոք, այսօր արհամարհանքն առավելություն է ընկալվում, իսկ սեփական անձի գովքը դարձել է նպատակների իրագործման հիմնական միջոց: «Այնպես որ, Գոհարի համեստությունը լույսի շող է խավարում: Լինելով Հայաստանում` ես հասկացա, որ այդ որակները Հայաստանից եւ հայի էությունից են բխում»,- նշեց հանրահայտ տավղահարուհին` հայկական արմատներով իր սանի մասին:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031