Պաշտոնական Բաքուն արձագանքել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանն այն մասին, որ իր 18-ամյա որդին սահմանված կարգով մեկնելու է ծառայության: Աշոտ Փաշինյանն իր հերթին նշել էր, որ դիմում է գրել զինծառայությունը Արցախի Հանրապետությունում անցնելու համար։ Ադրբեջանի ԱԳՆ-ն այս հայտարարությունները որակել է որպես «պոպուլիստական հերթական փորձ և միջազգային նորմերի խախտում»։
«Հայաստանի քաղաքացիները, մասնավորապես երիտասարդությունը, կրթական և ստեղծագործական գործունեությամբ զբաղվելու փոխարեն կյանքի ձևավորման ամենակարևոր փուլը ստիպված անցկացնում են Ադրբեջանի օկուպացված տարածքների խրամատներում»,-հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Հիքմեթ Հաջիևը:
Նա Հայաստանի ղեկավարությանը խորհուրդ է տվել «մտածել երկրի սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման, հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման շուրջ»:
Նշենք, որ Ադրբեջանում անդրադարձել են նաև «Ազգ-բանակ» հայեցակարգի շուրջ Հայաստանի ՊՆ նախկին նախարար Վիգեն Սարգսյանի և Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի միջև ծագած բանավեճին: Մասնավորապես, ադրբեջանական haqqin.az կայքի վերլուծաբանը կարծիք է հայտնել, որ ղարաբաղյան հակամարտության սրացումը սարերի հետևում չէ: «Եթե Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը ուղիղ բանավեճի մեջ է մտնում պաշտպանության նախկին նախարարի հետ, կայունության սպասել պետք չէ»,-գրում է կայքը:
Պատրաստեց՝ ՎԻԿՏՈՐՅԱ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ