Այսօր Հայաստանում նշվում է Առաջին Հանրապետության հիմնադրման 100-ամյակը: Այդ օրերին են տեղի ունեցել նաև մայիսյան հերոսամարտերը: Դրանցից ամենաուշագրավը Սարդարապատի ճակատամարտն էր, որի մասին ստորև կներկայացնենք քիչ տարածված փաստեր.
-1918 թվականին թուրքական 36-րդ դիվիզիան ներխուժում է Արարատյան դաշտ և գրավում Սարդարապատից 10 կմ հեռու գտնվող «Արաքս» կայարանը, որով անցնում էր Ալեքսանդրապոլ-Երևան երկաթգիծը: Երկրում տիրում էր համընդհանուր խուճապ: Շատերն առաջարկում էին նահանջել դեպի Սևանի ավազան ու այնտեղից պաշտպանվել (որտեղ նաև ռազմանավ կար):
-Հայկական զորքերի երևանյան զորախմբի հրամանատար գեներալ Մովսես Սիլիկովը (Սիլիկյանը), Երևանի ապագա պարետ Շահխաթունու ուղեկցությամբ, այցելում է Էջմիածին, ուր Ամենայն Հայոց կաթողիկոս Գևորգ Ե-ին առաջարկում է անվտանգության համար տեղափոխվել Սևանա լճի շրջան։ Կաթողիկոսը կտրուկ մերժում է. «Եթե հայկական ուժերն ի վիճակի չեն պաշտպանելու այս սրբազան վայրը, ապա ես ինքս կանեմ դա և հոգ չէ, թե կզոհվեմ հազարամյա տաճարի շեմին»:
-Հայոց հովվապետը հրամայում է օր ու գիշեր հնչեցնել բոլոր եկեղեցիների զանգերը և ոտքի հանել ժողովրդին։ Նա, ժողովրդի ներկայությամբ աղոթելով, երդվում է համընդհանուր նահանջի դեպքում անգամ մնալ Էջմիածնում ու անձամբ պաշտպանել Մայր Աթոռը։ Սա բացառիկ իրողություն է հայոց պատմության մեջ:
-Ավելորդ չէ նշել, որ Մայր տաճարի զանգերն այդ օրերին անընդհատ ղողանջում են՝ հանդիսանալով տեղեկատվության և կոչի յուրատեսակ աղբյուր: Հետագայում, երբ կառուցվեց Սարդարապատ հուշահամալիրը, վեց զանգերը պատվիրվել և ձուլվել են Ֆրանսիայում: Եվ կար ժամանակ, երբ բոլոր վեց զանգերը ղողանջում էին, նույնիսկ մեղեդի էր միացված` ավտոմատ սարքերով:
-Թուրքական 36-րդ դիվիզիան կոչվում էր Գալիբոլոu (Դարդանելյան): Այն կազմում էր թուրքական բանակի կորիզը և փառավորվել էր Գալիոպոլիի ճակատամարտում, բայց փախուստի դիմեց Սարդարապատում:
-Ճակատամարտի նախօրեին՝ մարտ ամսին, Անդրանիկը 15000 գաղթականների ուղեկցում էր Էրզրումից Արևելյան Հայաստան: Խորասան գյուղում Անդրանիկին ներկայանալուց հետո Բաղրամյանի (ապագա մարշալ) դասակը անցնում է կարճատև հանգստի: Հաջորդ օրը վաղ առավոտյան տեղի է ունենում անսպասելի միջադեպ. Անդրանիկը, ով շատ բուռն խառնվածքի տեր անձնավորություն էր, իր մոտ է կանչում Բաղրամյանին և ապտակում նրան: «Կոռնե՛տ, քո այդ երեսուն զինվորները իմ հույսն են, բայց ինձ լուր տվին, որ նրանց մի մասը հրաժարվում է կռվել։ Սա մեր հայրենիքն է, ինչ կարևոր է, թե ովքեր են ղեկավարում… Հայրենիքը միշտ կապրի նվիրյալ չարքաշների կյանքով… Գնա ու կարգի բեր քո էսկադրոնը…», – ասում է Անդրանիկը Բաղրամյանին: Հետագայում, Երևանի պետական համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը Բաղրամյանը պատմել էր, որ 1918-ի գարնանը ամենուրեք ցավալի կերպով կարելի էր լսել հետևյալ խոսքերը՝ «թող հիմա էլ աղաների տղաները կռվեն, հերիք է մենք ինչքան կռվեցինք», և դա էլ հենց հարուցել էր Անդրանիկի զայրույթը: «Զորավարի ապտակն ինձ մարշալ դարձրեց։ Ոչ մի պարագայում չի կարելի հայրենիքից նեղանալ…», – համալսարանում ասել էր Բաղրամյանը:
-Սարդարապատի ճակատամարտին որպես շարքային մասնակցել է նաև Ակսել Բակունցը:
-Հետաքրքիր հուշեր են պահպանվել Սարդարապատի մասնակիցներից: Ահա դրանցից մեկը. «…Գառնիկ Հակոբյանը ասաց, որ ուզում է տեսնել, թե թուրքերի ուսապարկի մեջ ինչ կա: Բացեցինք` աղացած ձավար էր, մի 300 գ. լավ թութուն, իսկ հրացանի մեջ կար չորս փամփուշտ: Թողեցինք ուսապարկը և առաջ շարժվեցինք»:
-Իսկ ահա Հմայակ Խաչատրյանի հուշերը ուշագրավ են նրանով, որ տեղեկություն են տալիս զենքերի, դրոշի, երգի մասին, թվարկում են մարտերին մասնակցած համագյուղացիների անունները: «…Մեր ձեռքի հրացանները կոչվում էին «Մոսին»: Հրացանների գլուխներին շտիկներ էին ամրացված: Օգտագործել ենք «Մաքսիմ» և «Կոլտ» մակնիշի գնդացիր: Հեծյալները իրենց կողքից կախված թրեր ունեին, ինչպես նաև դաշույն: Մեր գնդի դրոշը ցարական բանակի դրոշներից էր` կարմիր, կապույտ, սպիտակ: Շատ հետաքրքիր, հայրենասիրական պաթոսով երգեր էինք երգում: Դրանցից էր «Մեր հայրենիք» երգը: Աշխարհազորային շարժման մասին պետք է ասեմ, որ մեր գյուղի քահանա Տեր Հովհաննեսը, Էջմիածնի վանքից Գարեգին եպիսկոպոսը, Դանիել վարդապետը, որոնք աշխարհազորային շարժման կազմակերպիչներ էին, իրենց հետ երեք արշին բիազ էին վերցրել, որ որտեղ մեռնեն, այնտեղ իրենց պատանքը կարեն»:
-Երևանի նահանգի 1 միլիոն 120 հազար ազգաբնակչությունից 661 հազարը հայեր էին, իսկ 374 հազարը` մահմեդականներ: Թուրքիայի գործակալները, հատկապես Արարատյան դաշտավայրում, եռանդ չէին խնայում մահմեդականներին իշխանության դեմ ոտքի հանելու համար: Այստեղ հսկայական դեր է կատարում Հովհաննես Թումանյանը: Ըստ մարշալ Բաղրամյանի հուշերի. «…ճերմակ դրոշը ձեռքին՝ անցնում էր գյուղից գյուղ, չէր վախենում գնդակներից և խաղաղություն ու բարեկամություն էր քարոզում»:
-Գևորգ Ե կաթողիկոսի հրամանով կազմակերպվում է միայն հոգևորականներից բաղկացած 300 հոգանոց ջոկատ:
-Հայաստանի Առաջին Հանրապետության ապագա վարչապետ Հովհաննես Քաջազնունու երեք որդիները՝ Արամը, Աշոտը և Ռուբենը, 1914 թվականից մասնակցում են Առաջին աշխարհամարտին: Աշոտ Քաջազնունին 1918թ. մայիսին կռվել է Ղարաքիլիսայի հերոսամարտում, ապա՝ զինվորներով նահանջել են մինչև Լոռվա Չանախչի գյուղ, որտեղ նրանց շրջափակել են թուրքերը և տեղի գյուղացիների դավաճանության արդյունքում կոտորել բոլորին։ Ռուբեն Քաջազնունին գերվել է 1920-ի աշնանը Կարսում, երբ թուրքական զորքերը գրավեցին քաղաքը: Ապա մահացել է գերության ճանապարհին:
Վահրամ Թոքմաջյան
«Իրազեկ Քաղաքացիների Միավորում»
էս ամեն ինչը “հեղափոխությունից” հետո իմացաք՞ թե գիտեիք բայց չէիք պատմում