Առաջին փոխվարչապետի շնորհավորական ուղերձը
Հայաստանի Հանրապետության ազատ քաղաքացիներ,
Ուղիղ 100 տարի առաջ այս օրը հազարամյա դադարից հետո աշխարհի քարտեզի վրա վերահաստատվեց Հայաստանի Հանրապետությունը՝ իբրև ապացույց, որ հայ ժողովուրդն իր սրտում շարունակում է փայփայել ազատ, արժանապատիվ ու երջանիկ Հայաստանի մասին երազանքը։
Չնայած առկա գերծանր ռազմական, սոցիալ-տնտեսական և աշխարհաքաղաքական իրադրությանը՝ Առաջին Հանրապետության հիմնադիրներին անմարդկային ջանքերի գնով հաջողվեց ամրագրել մեր՝ իբրև ազգային հանրույթի, ապրելու, սեփական հայրենիքում ինքնորոշվելու և պետականություն ունենալու իրավունքը։
Խորհրդանշանականորեն արդեն 100 տարի անց Հայաստանի Հանրապետության քաղաքացին ոտքի կանգնեց՝ ևս մեկ անգամ հաստատելու այդ Հայաստանի մասին իր երազանքը և այդ երազանքի համար ոտքի ելնելու իր պատրաստակամությունը։
Այսօր՝ մայիսի 28-ին, մենք հպարտորեն պիտի հիշենք մեկդարյա վաղեմություն ունեցող դեպքերը, աչալրջորեն վերլուծենք պատմության դասերը և առաջ նայենք՝ միասնական ջանքերով, համերաշխությամբ, անհոգնում ու հետևողականորեն կերտելու մեր երազանքների Հայաստանը։
Շնորհավոր Հայաստանի Հանրապետության տոնը։
Արարատ Միրզոյան
ՀՀ առաջին փոխվարչապետ