Մենք, հայերս, մեր բնօրրանում` Հայկական բարձրավանդակում, Արարչի կողմից ստեղծված կատարյալ բնության ներքո և սուրբ հողի վրա, վերստին դիմավորում ենք Արարատյան դաշտի լուսապայծառ առավոտը` ազգային պետության ներքո: Մեր ազգի այն հատվածը, որը հարկադրված դեռ ապրում է ՀԱՅՐԵՆԻՔԻՑ դուրս, նույնպես դիմավորում է լուսաբացը` տեսնելով Մասիսի սպիտակափառ գագաթը` վարդագույն շողերի շլացուցիչ փայլով:
Մենք, հայերս, անհիշելի ժամանակներից` Արատտայից մինչև Վանի թագավորություն, Երվանդունիների, Արտաշեսյանների, Արշակունիների, Բագրատունիների թագավորությունից մինչև քրիստոնեության որպես պետական կրոնի ընդունում, Կիլիկիայի թագավորությունից մինչև Հայաստանի Հանրապետություն, ապացուցել ենք, որ քաղաքական անկախության կրող ենք: Ավարայրից Սարդարապատ, Բաշ-Ապարանից Շուշի մեր հաղթական երթը դրա փայլուն վկայությունն է:
Մենք, հայերս, գիտակցելով, որ հայրենի բնօրրանում քաղաքական անկախությունն է ի զորու ապահովել ազգային ծաղկունք, չենք դադարել և շարունակել ենք պայքարել ազգային անկախության համար:
Այսօր` Հայաստանի Հանրապետության հիմնադրումից 100 տարի անց, մենք պարտավոր ենք կիրառել մեր բացառիկ իրավունքը` ունենալ Անկախ և Միացյալ Հայաստանի Հանրապետություն:
Արհեստականորեն ստեղծված պայմանները և ձևականությունն այլևս չպետք է խոչընդոտ ու արգելք լինեն մեր ցանկությունների և երազանքների իրականացման համար:
Դեպի Արարատ, դեպի փառքի ճամփան, Հայաստանի Հանրապետության հիմնադրումից 100 տարի անց` այս տարի, պետք է դարձնենք իրականություն: Վերադարձնենք հայերին Հայաստանի Հանրապետությունը իրենց պատկանելու իրավունքը` վերադարձնելով հայ ազգի բոլոր հատվածներին Հայաստանի Հանրապետությունում քաղաքական իրավունքներ, վերականգնելով հայերի քաղաքական մանդատը առայժմ Հայկական բարձրավանդակի 42 հազար քառակուսի կիլոմետր տարածքի վրա:
Մենք, հայերս, Հայաստանի Հանրապետության հիմնադրումից 100 տարի անց ազդարարում ենք, որ չենք դադարում երազել Մեծ Միացման և Մեծ Հայրենիքի մասին:
Ազդարարում ենք մեզ պատերազմ հայտարարողներին, որ հայերը վերադառնալու են իրենց սուրբ հողը: Մենք համոզված ենք` վերածնվելու ենք և նշելու ենք մեր Մեծ ու Միացյալ Հանրապետության ծնունդը:
«Երկիր Ծիրանի» կուսակցություն
Հայաստանի Հանրապետություն, Ապարան
28 մայիսի 2018
հետաքրիքր է, թե Զարուհի Փոստանջյանի ամուսինը մասնակցելո՞ւ է այդ հողերի վերադարձին