Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայկական տեռորի» եւ դրա նկատմամբ մեր վերաբերմունքի մասին

Մայիս 28,2018 12:20

Ես արգելում եմ իմ անունից մարդ սպանել

Կարծում եմ՝ ժամանակն է, որ հայ հասարակության մեջ լուրջ խոսակցություն սկսվի մի այնպիսի երևույթի մասին, որ պայմանականորեն կոչում ենք «Հայկական տեռոր»։ Այս անվան տակ ես հասկանում եմ մի երևույթ, որ առկա էր 1975-1985 թվականների ընթացքում։

Տվյալ հոդվածի խնդրից դուրս է մանրամասնորեն անդրադառնալ ահաբեկչական կազմակերպություններին (ԱՍԱԼԱ, «Ցեղասպանության մարտիկներ», «Հայկական դիմադրություն» և այլն), նրանց անդամներին և նպատակներին։ Խնդիրն ավելի լայն է։ Առաջարկում եմ խոսել բուն երևույթի մասին և հատկապես մեր՝ իբրև հասարակության վերաբերմունքի մասին։

Մենք՝ հայաստանցիներս, 1975-1985 թվականներին, ապրելով խորհրդային վարչակարգի և գրաքննության պայմաններում, ստանում էինք կցկտուր և երբեմն իրարամերժ տեղեկություններ աշխարհի տարբեր կետերում իրականացված ահաբեկչական գործողությունների մասին։ Անկախացումից ի վեր թե՛ Հայաստանում, թե՛ սփյուռքում քիչ գրքեր ու հոդվածներ չեն տպագրվել նշված իրադարձությունների և կազմակերպությունների, նրանց անդամների մասին։ Դրանից պատկերն ավելի ամբողջական չի դարձել։ Ավելին՝ խորացել է հակասականությունը (գոնե ինձ համար)։

Ես հաշիվ եմ տալիս ինձ, որ սա շատ տարողունակ թեմա է։ Մեզանում կան մարդիկ, որ կարող են երկու կիսամյակի դասընթաց-դասախոսություն կարդալ մեր գլխին այս հարցի շուրջ։ Կրկնում եմ, ես առաջարկում եմ խոսել ոչ թե նախապատմության, պատմության, դրվագների և այլնի մասին։ Ես առաջարկում եմ, որ մենք, որպես հայ հանրություն, վերանայենք մեր վերաբերմունքը ահաբեկչության, այդ թվում և հայերի կողմից իրականացված ահաբեկչության նկատմամբ։

Մեզանում այդ ահաբեկիչներին (հատկապես զոհվածներին) հերոսացնում են։ Դա անում են և՛ որոշ լրագրողներ ու հրապարակախոսներ, և՛ որոշ կազմակերպություններ և նույնիսկ ՀՅ Դաշնակցությունը։ Ազգի հերոսները հայրենասիրության և առաքինության օրինակ են նոր սերնդի համար։ Ես դեմ եմ ահաբեկիչների հերոսացմանը։ Ես դեմ եմ, որ իմ որդիների համար ասալայականները կամ «Լիզբոնի տղաքը» լինեն ընդօրինակման առարկա։

Ես ունեմ ելակետ, և իմ ելակետը շատ պարզ է. ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ԿԱՐՈՂ ՈՒՆԵՆԱԼ ԳԱՂԱՓԱՐԱԿԱՆ ԿԱՄ ԲԱՐՈՅԱԿԱՆ ՈՐԵՎԷ ԱՐԴԱՐԱՑՈՒՄ։

Նրանց, ովքեր համաձայն չեն իմ տեսակետի հետ, ես հրավիրում եմ հրապարակային բանավեճի։ Համոզված եմ, որ այդ բանավեճը պարտադիր է ներկա հայ հասարակության համար և հատկապես մեր երեխաների դաստիարակության համար։ Ավելին՝ համարում եմ, որ ահաբեկիչների հերոսացումը վտանգավոր է հասարակական առողջության տեսակետից։ Միանգամից ասեմ, որ 19-րդ դարավերջի և 20-րդ դարասկզբի ահաբեկչական գործողությունները, որոնք կիրառվում էին Եվրոպայի բոլոր հեղափոխական կազմակերպությունների կողմից, քննարկվող նյութի հետ կապ չունեն։ Տվյալ պատմական ժամանակաշրջանում դա համարվում էր քաղաքական պայքարի անբաժանելի մաս։ Այդ փուլում և այդ համատեքստում ահաբեկչությունն ավելի շուտ նորմ էր, քան բացառություն։

Իմ ասածի հետ կապ չունի նաև «Նեմեսիս» գործողությունը, որ կոչված էր պատժելու Մեծ եղեռնի անմիջական կազմակերպիչներին ու մեղավորներին: Սա ահաբեկչություն չէ։ Սա արդարադատության իրականացում է:

Մեր այսօրվա հասարակական գիտակցության մեջ մենք ամեն ինչ խառնել ենք իրար, մեզ համար հերոսներ են և՛ Սիամանթոյի հայտնի բանաստեղծության հերոսները («Ահաբեկիչները»), և՛ Նակաշիձեին գետնող Դրոն, և՛ Թեհլերյանը, և՛ թուրք դեսպան սպանողը։

Իմ ընկերն ինձ հակաճառում է։ Նրա փաստարկը հետևյալն է։ Թուրք դեսպանը թուրքական պետության ներկայացուցիչն է: Տվյալ պետությունը պատասխանատու է հայերի ցեղասպանության համար։ Նա չի ընդունում իր երկրի և իր մեղքը, ավելին՝ աշխատում է ժխտելու ուղղությամբ։ Ահա այս պատճառաբանությամբ նա կարող է լինել ահաբեկչության թիրախ։

Բայց այդ պատճառաբանությամբ ահաբեկչության թիրախ կարող են և պետք է լինեն թուրքական պետության բոլոր քաղծառայողները, զինվորականները, ոստիկանները, դիվանագետները, դատավորները և այսպես շարունակ։ Արդյոք հայ հայրենասերների պարտքն է նրանց բոլորին պայթեցնել ու գնդակահարե՞լ։

Ես ուրախ եմ, որ հայ հասարակությունը և առաջին հերթին սփյուռքահայությունը 1985 թվականին իր մեջ ուժ գտավ կասեցնելու եւ մեկընդմիշտ դադարեցնելու հայկական ահաբեկչությունը: Սա պետք է համարել բացառիկ քաղաքակրթական նվաճում, որ արձանագրել ենք հենց մենք։ Հայ հասարակությունն է, որ հասունացել է 10 տարվա ընթացքում՝ ներսից ճանաչելով և ճաշակելով ահաբեկչության բոլոր «հաճույքները»։

Հայերի օրինակը փայլուն օրինակ է հօգուտ այն թեզի, որ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ է ԿԱՍԵՑՆԵԼ ՄԻԱՅՆ ԱՅՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆԸ, ՈՒՄ ԱՆՈՒՆԻՑ ԿԱՏԱՐՎՈՒՄ է ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅՈՒՆԸ։

Նույնն է մյուսների պարագան, բասկերի ահաբեկչությունը ոչ ոք չի կարող կանգնեցնել՝ բացի բասկ հասարակությունից, իռլանդացիների ահաբեկչությունը չի կարող կանգնեցնել ոչ ոք՝ բացի իռլանդացիներից։ Իսլամիստական ահաբեկչությունը ոչ ոք չի կարող կանգնեցնել՝ բացի տեղի մուսուլման հասարակությունից։

Մենք բռնության արատավոր շղթան քանդել ու դուրս ենք եկել 1985 թվականին (անկախ հանգամանքներից, թե ինչպես): Վերադարձ չկա և չի կարող լինել, որովհետև, կրկնում եմ, ահաբեկչությունը չի կարող ունենալ գաղափարական կամ բարոյական որևէ հիմնավորում և արդարացում։

Մեզ համար հերոսները կռվի դաշտում ընկած զինվորներն են։ Ահաբեկիչը զինվոր չէ։ Ահաբեկիչը մարդասպան է։ Պետք է ունենանք հստակ զատորոշում։ Դեռահասների ուղեղներում չպետք է լինի շփոթ։ Պետք է լինի հստակ զատորոշում։

 

Հ.Գ.– 1975-1985 թվականները սառը պատերազմի «դասական» շրջանն է։ Ամեն մի «լուրջ» երկիր ուներ իր «լավ» և ուրիշի «վատ» տեռորիստները։

Օրինակ՝ Բին Լադենը, ըստ ամերիկացիների, «լավ» տեռորիստ էր, երբ կռվում էր Խորհրդային Միության դեմ Աֆղանստանում, և «վատ», երբ կռվում էր իրենց՝ ամերիկացիների դեմ, «վատ» տեռորիստ էր նաև Յասիր Արաֆաթը (թեև դա չխանգարեց, որ հետագայում Արաֆաթին շնորհվի «Խաղաղության Նոբելյան մրցանակ») և այսպես շարունակ։ ԽԱՀՄ-ն էլ, իհարկե, ուներ ի՛ր «լավ» ու «վատ» տեռորիստները։ Իսկ «Հայկական տեռոր» կոչվածը դիտարկել սառը պատերազմի համատեքստից դուրս, իբրև արտամոլորակային մի երևույթ, լուրջ չէ։ Եզրակացությունը մեկն է՝ «լավ» տեռորիստ չկա և չի կարող լինել ոչ սառը պատերազմի ժամանակ, ոչ առավել և՛ս այսօր։ Տեռորիստները բոլորն էլ վատն են, եթե նույնիսկ նրանք հայ են։ Վերջ։

 

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Հոդվածը հրապարակվել է «Անդին» ամսագրում 4.04.2015 թ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031