Լրահոս
Օրվա լրահոսը

Լոռիում բացվեց ՍՄԱՐԹ կենտրոնը, որը մինչեւ 150.000 մարդու համար կստեղծի նոր հնարավորություններ

Մայիս 28,2018 11:45

10-ամյա Մարիամը Լոռու մարզի Դեբեդ համայնքից է: Տեղի դպրոցում սովորելուն զուգահեռ արդեն մոտ 2 ամիս է այցելում է նաեւ Դեբեդ-Դսեղ գյուղերի խաչմերուկում գործող ՍՄԱՐԹ կենտրոնը: Այստեղ Մարիամը շատերի պես անգլերեն է սովորում: Նաեւ այլ խմբակների մասնակցելու ցանկություն ունի. «Ես անգլերեն լեզուն շատ եմ սիրում, եւ ուզում էի մասնակցել անգլերենի պարապմունքների: Իմացա, որ մեզ մոտ՝ Սմարթում անգլերենի խմբակ կա, եկա, որ սովորեմ: Ինձ այս կենտրոնը շատ է դուր գալիս, ես այստեղ ինձ լավ եմ զգում, հետաքրքիր է անցնում օրս: Ուզում եմ պարի ու այլ խմբակներին էլ մասնակցել»:

Մայիսի 27-ին Մարիամի ու Լոռու մարզի բնակչության առաջ պաշտոնապես իր դռները բացեց Հայաստանի մանուկներ հիմնադրամի ՍՄԱՐԹ կենտրոնը: Ծրագիրը կյանքի կոչելու համար ներդրվել է 5 միլիոն ԱՄՆ դոլար, որը նպատակ ունի զարգացնելու տեղական ռեսուրսները եւ այն համայնքներում կիրառելու հնարավորություններ ստեղծել։ ՍՄԱՐԹ-ը ոչ ֆորմալ կրթական կենտրոն է, այստեղ սովորողների տարիքային սահմանափակում չի լինելու, լրագրողների հետ զրույցում նշեց Կենտրոնի գործառնությունների տնօրեն Քրիստ Մարուքյանը. «Գյուղատնտեսական լուրջ ծրագրեր ունենք, որոնք հիմնականում միտված են մեծահասակների համար: Տնամերձերի, չմշակվող հողերի, մեղվապահության, ջերմոցային տնտեսությունների նորագույն տեխնոլոգիաների լուծուներին ուղղված ծրագրեր կլինեն, որոնք այստեղ այդքան էլ հասանելի չեն»:

ՍՄԱՐԹ-ը հնարավորություններ է ստեղծում գյուղերի՝ երեք տարեկանից բարձր 150 հազար երիտասարդների եւ մեծահասակների համար։ Այս տարի կենտրոնը կսպասարկի մարզի հինգ՝ Դեբեդ, Դսեղ, Ձորագյուղ, Չկալով եւ Եղեգնուտ համայնքներ երեխաներին, որոնց տեղափոխման համար նաեւ տրամադրում է տրանսպորտ: Հետագայում նախատեսվում է համայնքների թիվը հասցնել 13-ի: Վանաձորից եւս կարող են շահառուներ լինել:

-Եթե ուզում ես ոգեշնչել մարդկանց, հատկապես երիտասարդներին, պետք է կառուցել մի այնպիսի բան, որ բացառիկ ազդեցություն կունենա։ Իմ ընկերոջ խոսքերն են։ Ու մենք Հայաստանի գյուղական այս չքնաղ բնության գրկում ստեղծեցինք ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնը,- իր խոսքում ասաց Հայաստանի մանուկներ հիմնադրամի հիմնադիր եւ գործադիր տնօրեն Գարո Արմենը։ Նա վստահեցրեց, որ մյուս մարզերը եւս կունենան նման կենտրոններ:

Կարեւորելով ՍՄԱՐԹ-ի գործունեությունը հատկապես մարզերում եւ գյուղական համանքներում ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը լրագրողների հետ զրույցում ասաց. «Իրենք շատ կարեւոր աշխատանք են արել: Ես կարծում ե, որ եթե COAF-ը նախաձեռնի եւ մյուս մարզերում նույնպես նման ծրագրեր իրականացնեն, պետությունն այդ գործում կաջակցի»:

ՍՄԱՐԹ կենտրոնի հայեցակարգի չորս հիմնասյուներն են՝ նորարարությունը եւ ստեղծագործականությունը, լեզուն եւ հաղորդակցությունը, ձեռներեցությունը եւ տեղական տնտեսական զարգացումը, ակտիվ քաղաքացիությունը եւ անձնային զարգացումը։

Շենքի ճարտարապետը լիբանանահայ Փոլ Գալուստյանն է: Ճարտարապետն ասում է, երբ առաջին անգամ այցելել է Լոռի, տեսել ՍՄԱՐԹ-ի կառուցման համար նախատեսվող տարածքը, հենց այս տեսքով է պատկերացրել կառույցը. «Նման կենտրոն առաջին անգամ եմ ստեղծել: Երբ առաջին անգամ եկա Հայաստան, տեսա շատ գեղեցիկ լանդշաֆտը, չցանկացա, որ շենք կառուցեք, որը լանդշաֆտի հետ չէր համապատասխանի: Այդ պատճառով էլ շենքն ունի մեկ հարկ եւ լանդշաֆտի հետ համապատասխան է: Այն կառուցված է հատուկ Լոռիի համար»:

ՍՄԱՐԹ ծրագրերի եւ ուսուցման նյութերի հիմքում ընկած են տեղեկատվական տեխնոլոգիաները եւ օտար լեզուն: Կենտրոնում անգլերեն դասավանդող Սեմ Արմենն ասում է, որ ինքը հիացած է երեխաների ունակություններով. «Ինձ համար անսպասելի էր, բայց ես տեսնում եմ, որ ինչ ստեղծագործական միտք, որ իրենք ունեն հայերենով, նրանք դա կարողանում են արտահայտել նաեւ անգլերեն լեզվով: Այսինքն, լեզվամտածողության խնդիրներ չեն առաջանում, եւ դա ցույց է տալիս մեթոդի արդյունավետությունը»:

ՍՄԱՐԹ-ն ունի նաեւ հյուրատուն՝ դրսից եկած մասնագետներին ու զբոսաշրջիկներին հյուրընկալելու համար։

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031