Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական
ինստիտուտի (ՄԱՀՀԻ) փորձագետ, քաղաքագետ Արմեն Վարդանյանը չի պատկերացնում, թե ոնց են ցրելու ԱԺ-ն այս նոր Սահմանադրությամբ:
Վերջին օրերին արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման ժամկետների վերաբերյալ հայտարարություններ հնչեցին: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Մեր պատկերացումն է արտահերթ ընտրություններն անցկացնել աշնանը, բայց դա պետք է փորձենք համադրել այլ քաղաքական ուժերի պատկերացումների հետ ու փորձել դուրս բերել ընդհանուր լուծումներ»:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը նույն հարցի կապակցությամբ հայտարարեց, որ դա ժողովրդի եւ ԱԺ-ի որոշելու հարցն է:
Մինչդեռ մեկ օր առաջ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը վստահեցրեց, թե ՀՀԿ եւ ընդհանրապես ՀՀ քաղաքական օրակարգում նման հարց չկա, եւ վկայակոչելով միջազգային պրակտիկան՝ հայտնեց, որ կայծակնային իշխանափոխություններից հետո արտահերթ ընտրությունների կազմակերպումը լավագույն գաղափարը չէ:
«Առավոտը» Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) փորձագետ, քաղաքագետ Արմեն Վարդանյանից հետաքրքրվեց՝ ՀՀԿ-ին եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիմին ձեռնտո՞ւ է արտահերթ խորհրդարանական ընտրությունների՝ հնարավորինս սեղմ ժամկետներում անցկացումը, քաղաքագետ պատասխանեց. «Արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը ՀՀԿ-ականներին միանշանակ ձեռնտու չէ ո՛չ հիմա, ո՛չ վեց ամիս հետո, քանի որ եթե ներկայումս ունեն մեծամասնություն ԱԺ-ում, ընտրություններից հետո իրենց ընտրազանգվածը կտրուկ կրճատվելու է»:
Նիկոլ Փաշինյանի թիմին վերաբերող հարցի կապակցությամբ Արմեն Վարդանյանը նկատեց. «Ընտրական օրենսգիրքը փոխելը հեշտ չէ. դա սովորական օրենք չէ, բացի նրանից, որ դեռ ԱԺ-ում պետք է փորձեն հասնել օրենքի փոփոխմանը՝ այն դեպքում, երբ ՀՀԿ-ն մեծամասնություն ունի, կա նաեւ այն գործոնը, որ Վենետիկի հանձնաժողովը դեռ պետք է ուսումնասիրի եւ հավանություն տա ԸՕ-ի փոփոխություններին»: Ըստ Արմեն Վարդանյանի՝ միջազգային պրակտիկայում գոնե վեց ամիս պետք է Ընտրական օրենսգրքի ընդունումից հետո, որպեսզի քաղաքական ուժերն ու հասարակությունը կարողանան հարմարվել նոր օրենքին եւ պատրաստվեն ընտրություններին: Այնուհետեւ հավելեց. «Բնական է՝ Նիկոլ Փաշինյանին ձեռք է տալիս հենց հիմա անցկացնել ընտրությունները, բայց տեխնիկական պատճառներով հենց հիմա դա հնարավոր չէ: Ձեռնտու է, քանի դեռ շատ մեծ լեգիտիմություն, աջակցություն ունի իր թիմը, եւ ինչքան շուտ անցկացվեն ընտրությունները, այնքան իրենց օգտին կլինի»:
Արդյոք ՀՀ կառավարության նոր անդամները պատրա՞ստ են հրաժարվել իրենց պաշտոններից հանուն ընտրությունների, պարոն Վարդանյանն արձագանքեց. «Բնականաբար, կուզեն: Այն մեծամասնությունը, որ ունեն ներկայումս, հեղհեղուկ է: Չտեսնված մի բան է, որ ինը հոգանոց խմբակցությունն ինքը վարչապետ առաջադրի: Ուստի լավ հասկանում են, որ հեղհեղուկ վիճակում է նրանց իշխանությունը, կոալիցիան ամեն վայրկյան կարող է փլուզվել, թեկուզ եթե դա տեղի էլ չունենա, ՀՀԿ-ականները կարող են տորպեդահարել նրանց գործողությունները, չընդունել օրենքները, իսկ մեկ տարի հետո անվստահություն հայտնել կառավարությանը: Ուստի իշխանությունները ներկայումս ցանկանում են ամրապնդել իրենց դիրքերը»:
Հիշեցրինք «Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի մտահոգությունը, թե ՀՀԿ-ն մտադիր չէ ԸՕ-ի որեւէ փոփոխության կողմ քվեարկել, այնուհետեւ հարցրինք՝ ի՞նչ ելքեր կան այս իրավիճակից, եւ ինչպե՞ս հնարավոր կլինի արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել, քաղաքագետը պատասխանեց. «Դժվարին իրավիճակ է ստեղծվել, նույնիսկ կազուսային, երբ բացի քաղաքական ճգնաժամից՝ կա նաեւ սահմանադրական ճգնաժամ: Այո, մեծ է հավանականությունը, որ ՀՀԿ-ն չի ընդունի ԸՕ-ի փոփոխությունները: Պետք է իշխանություններն ամեն կերպ փորձեն բանակցել ՀՀԿ-ի հետ կամ գոնե աջակիցներ գտնել ՀՀԿ շրջանակներում: Եթե մի քանի պատգամավոր ՀՀԿ-ից անցնի «Ելք»-ի կողմը եւ աջակցի ԸՕ-ի փոփոխություններին, այն կարող է փոփոխվել: ՀՀԿ-ն, բնականաբար, դեմ է լինելու, քանի որ այս ռեյտինգային համակարգի շնորհիվ իրենք աննախադեպ մեծ թիվ են ստացել: Եթե 2012-ին ստացել էին մոտ 660 հազար ձայն (44%), իսկ 2017-ին ՀՀ-ում կյանքն ավելի էր վատացել, դժգոհությունն ավելի մեծացել իշխանություններից, բայց ռեյտինգային համակարգի շնորհիվ 770 հազար (49%) ձայն են «հավաքել»՝ մոտ 110 հազարով ավելի, դրա համար նրանք այս համակարգն ամեն կերպ փորձելու են ատամներով պահել, քանի որ սրա շնորհիվ են մեծ հաջողության հասել»: Երկրորդ տարբերակը, ըստ պարոն Վարդանյանի, կարող է լինել քաղաքական պայմանավորվածությունը. հնարավոր է փորձեն փոխզիջումային տարբերակ գտնել, իշխանությունները ՀՀԿ-ի հետ փոխհամաձայնության գան:
Հարցին՝ այս պահի դրությամբ, Ձեր հաշվարկներով, ընտրություններն ամենաշուտը ե՞րբ հնարավոր կլինի անցկացնել, Արմեն Վարդանյանը պատասխանեց. «Ամենաշուտը հնարավոր կլինի անցկացնել աշնան վերջ կամ ձմռան սկիզբ: Անկեղծ՝ չեմ էլ պատկերացնում, թե ոնց են ցրելու խորհրդարանը. այս ապաշնորհ Սահմանադրությամբ նույնիսկ դա չի նախատեսվում: Կարծես թե իշխանություններն ինչ-որ սողանցքներ կփորձեն գտնել սահմանադրագետների միջոցով: Բավականին բարդ է: Ուղղակի ցրելու մեխանիզմ էլ չկա, քանի որ ՀՀԿ-ականներն ասում են, որ չեն խոչընդոտելու կառավարության ծրագրի ընդունմանը: Դա կարող էր լինել հիմա, երբ կառավարության ծրագիրը չհաստատվեր, իսկ վեց ամիս հետո ուղղակի միջոց չեմ տեսնում դա անելու»:
Արմեն Վարդանյանի դիտարկմամբ՝ կարող է խորհրդարան ցրելու տարբերակ լինել այն, երբ ՀՀ ներկայիս իշխանությունները ՀՀԿ-ի հետ քաղաքական պայմանավորվածության գան. բոլորը դնեն մանդատները, նոր ընտրություններ անցկացվեն:
Ըստ քաղաքագետի՝ առաջին հայացքից ՀՀ իշխանությունները հայտնվել են բավականին լավ վիճակում, բայց իրականում իրավիճակը շատ անկայուն է, ու քաղաքական ճգնաժամը լուծված չէ. «Ամեն պահի նոր բռնկում կարող է տեղի ունենալ, եւ իշխանությունները հասկանում են, որ ներկայումս էյֆորիան մեծ է, եւ առայժմ նոր կառավարության դեմ կտրուկ քայլեր չեն անի»:
Մինչդեռ ՀՀԿ-ն այլ ծրագիր ունի: Արմեն Վարդանյանն այսպես ձեւակերպեց. «ՀՀԿ-ում հույս ունեն, որ քաղաքացիների տրամադրությունը մի քիչ կընկնի, էյֆորիկ վիճակը կանցնի, Նիկոլ Փաշինյանն այս մի քանի ամիսներին սխալներ թույլ կտա, եւ հասարակության ճնշող մեծամասնությունն իրեն չի աջակցի, ու մեկ տարի հետո անվստահություն կհայտնեն կառավարությանը եւ Նիկոլ Փաշինյանին կհեռացնեն վարչապետի պաշտոնից: Բնական է՝ իրենք դրա համար էլ չեն ուզում, որ նոր ընտրություններ լինեն»:
Արմեն Վարդանյանը վստահեցրեց՝ բոլորն էլ հասկանում են ՀՀԿ-ի այդ ծրագիրը, իսկ իշխանությունները նոր՝ ավելի ուժեղ խորհրդարանով ավելի մեծ աջակցություն ունեցող կառավարություն են ուզում ձեւավորել:
ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Առավոտ»
26.05.2018
Ձեր մեկնաբանությունը նման է.<>: ՀՀԿ-ն կամ այդ գաղափարակիցների խումբը ընտրության ժամանակ ծրագիր էր ներկայացրել,որի իրականացումը չէր հասցնի այս իրավիճակին: Օր օրի վերացվում էր հայի հայացքը,մտածելակերպը,ապրելակերպը: Ստեղծվել էր որտեղ հաց, այնտեղ կաց գաղափարը… Պետք է վերջ տալ օտարածին և անհանդուրժելի բոլոր արարքներին. ի վերջո մեր հայրենիքի,մեր ժողովրդի մասին է խոսքը: Հիմնաքար ընդունելով մեր նախնիների մատուցածը, մենք կունենանք հզոր Հայաստան: Ընդամենը օրերի ընթացքում պարզվեց, որ ոչ ոք իր տեղում չէ, և բոլորը լավ երգել գիտեին: