Վերին Լարսին այլընտրանքային ճանապարհի հնարավորություն է ստեղծվում
Երեկ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում ուշագրավ հայտարարություն է տարածել եւ նշել. «Կարող ենք արձանագրել եւս մեկ դրական տեղաշարժ՝ տնտեսության եւ տրանսպորտի ոլորտների համար»:
Ավինյանը գրել է. «Երեկ (մայիսի 24-ին) Ռուսաստանի Դաշնության եւ Վրաստանի ներկայացուցիչները հանդիպել են Պրահայում եւ քննարկել 2011 թվականին կնքված «Մաքսային վարչարարության եւ ապրանքի առեւտրի մոնիթորինգի մեխանիզմի հիմնական սկզբունքների մասին» համաձայնագրի կիրարկման մանրամասներ: Կողմերը համաձայնություն են ձեռք բերել, որ Աբխազիայի, Հարավային Օսիայի տարածքներում բեռների մաքսային վերահսկողության համար պետք է ձեւավորվի եռակողմ հանձնաժողով` Վրաստանի, Ռուսաստանի եւ շվեյցարական SGS ընկերության ներկայացուցիչներից: Համաձայնագրի կյանքի կոչվելու պարագայում մենք կունենանք բեռնափոխադրման այլընտրանքային ճանապարհներ՝ այն դեպքերում, երբ Վերին Լարսի ավտոճանապարհը փակ լինի:
Համաձայնագրի իրականացման մասին ենք նաեւ զրուցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ մայիսի 14-ին Սոչիում կայացած հանդիպման ժամանակ: Մենք բարձր ենք գնահատում կողմերի պատրաստակամությունն ու ջանքերը մեզ համար չափազանց կարեւոր այս պայմանագրի իրականացման ուղղությամբ»:
Վերին Լարսի ավտոճանապարհը թեեւ բեռնափոխադրողները համարում են ամենահարմարը, բայց այն անհուսալի է եւ անկանխատեսելի. մեկ ձմռան ամիսներին է փակ լինում, մեկ շինարարություն է ընթանում, ինչի պատճառով հայ բեռնափոխադրողները օրերով ու շաբաթներով մնում են սահմանին:
Հիշեցնենք, որ բեռնափոխադրողների եւ ընդհանրապես ՀՀ-ից Ռուսաստան ցամաքային ճանապարհ Վերին Լարսին որպես այլընտրանք գտնելու փորձեր նախկին գրեթե բոլոր կառավարություններն արել են, սակայն մշտապես անարդյունք է եղել: Սա միայն տնտեսական համագործակցության շրջանակներում լուծվող խնդիր չէր, ինչպես փորձագետներն ու տնտեսագետներն են մշտապես պնդել, Վերին Լարսին այլընտրանքային ճանապարհ գտնելը լուրջ քաղաքական խնդիր է ՌԴ-ի եւ Վրաստանի միջեւ: Այսինքն՝ Վրաստանի համար Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախությունը ճանաչելու խնդիր է առկա: Եվ հիմա հանուն Հայաստանի արդյոք Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ որեւէ համաձայնություն կլինի՞: Հավանաբար, կողմերի միջեւ խնդրի շուրջ, գոնե հանուն տնտեսական շահերի, որոշակիություն կա, եթե փոխվարչապետը նման հայտարարություն է արել:
Հիշեցնենք նաեւ, որ այս տարվա փետրվարին Հարավային Օսիայի չճանաչված հանրապետության արտգործնախարարությունը հայտարարություն էր տարածել վրաց-ռուսական 2011 թվականի պայմանագրի վերաբերյալ, որը վերաբերում է Աբխազիայի եւ Օսիայի տարածքով անցնող տրանսպորտային միջանցքների գործարկմանը՝ անկախ քաղաքական հակադրությունից եւ հակամարտ տարածքներից: Այդ պայմանագիրը ենթադրում է բեռնափոխադրում 3-րդ կողմի՝ շվեյցարական ընկերության մոնիտորինգով, սակայն առանց, այսպես ասած, վրաց-աբխազական եւ վրաց-օսական սահմանային իրավական ընթացակարգերի, այլ դրանք իրականացնելով միայն Ռուսաստանի սահմանին:
Սեփ.լր.
«Առավոտ»
26.05.2018