Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես «ազատվել» ամուսնալուծությունների գործերով հայցերից

Մայիս 28,2018 12:30

Դատարաններում աճել են ամուսնալուծությունների գործերով հայցերը: Տարիներով ձգձգվող այդ գործերից «ազատվելու» ելք է ցույց տալիս «Էլոֆանտ» փաստաբանական ընկերության ղեկավար գործընկեր, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Գեւորգ Հակոբյանը:

«Առավոտի» հետ զրույցի ժամանակ նա ասաց, որ ընդհանուր իրավասության դատարանները տարեկան քննում են 1600-1800 ամուսնաընտանեկան դատական գործ, որոնց մոտ կեսը (շուրջ 800 գործ) վերաբերում է բացառապես ամուսնալուծությանը. դրանցով չի քննվում ոչ ալիմենտի, ոչ երեխաների, ոչ գույքի, ոչ ամուսնության անվավերության վերաբերյալ որեւէ վեճ։

Բացառապես ամուսնալուծության պահանջը, եթե ամուսնությունն անվավեր չէ կամ չի կատարվում կնոջ հղիության ընթացքում, անխտիր բավարարվում է, որովհետեւ ամուսնալուծությունը մերժելու այլ իրավական հիմք չկա։

Փաստաբանի տեղեկացմամբ, կնոջ հղիության ընթացքում առանց նրա համաձայնության ամուսնալուծության գործերը տարեկան կազմում են բացառապես ամուսնալուծության գործերի 2.3-2.4%, ինչը նշանակում է, որ դատարանների ծանրաբեռնվածության համատեքստում դատական թանկարժեք ռեսուրս է վատնվում շուրջ 800 միայն ձեւական վեճի համար, որոնք բովանդակային առումով վեճ չեն ենթադրում, եւ մեկ ամուսնու պահանջով վերջնական արդյունքում միեւնույն է՝ տեղի է ունենալու ամուսնալուծություն։
«Այն արդյունավետ չէ ամուսնալուծվողների համար, եւ պրակտիկան ցույց է տալիս, որ դատական կարգով ամուսնալուծությունը հանգեցնում է չարաշահումների։ Հետեւապես, եթե այս գործերը դատական համակարգից հանվեն, ապա դատական համակարգը տարեկան կթեթեւանա շուրջ 800 եւ ավելի գործով»,- ասում է Գ.Հակոբյանը։

Նա առաջարկում է ամուսնալուծությունը իրականացնել բացառապես ՔԿԱԳ մարմնի միջոցով՝ պահպանելով դատական վերահսկողության այլ ավելի արդյունավետ տարբերակ՝ վերահսկողություն պահանջող իրավիճակների համար։ Մասնավորապես, ամուսիններից մեկը դիմում է ներկայացնում ՔԿԱԳ մարմնին՝ ամուսնալուծության վերաբերյալ, անկախ մյուս ամուսնու համաձայնությունից, ՔԿԱԳ մարմինը մյուս ամուսնուն ուղարկում է ծանուցում, ծանուցումը տեղադրում է «Ազդադար» կայքում եւ կարճ ժամկետում գրանցում է ամուսնալուծությունը։ Մյուս ամուսինը կարող է ամուսնալուծությունը բողոքարկել ընդհանուր իրավասության դատարանում, եթե ամուսնալուծությունը տեղի է ունեցել առանց կնոջ համաձայնության նրա հղիության ընթացքում։ Գույքային հարցերով չարաշահումներից պաշտպանելու համար, մինչեւ համատեղ գույքի բաժանումը (բայց ոչ ավելի, քան մեկ տարվա ընթացքում), այդ գույքի հաշվին ձեռք բերված գույքին առաջարկվում է տալ համատեղ սեփականության կարգավիճակ, ինչպես նաեւ կնոջ հղիության ընթացքում ամուսնալուծվելու դեպքում կնոջն ընձեռել իրավունք պահանջելու ամուսնալուծության անվավերություն եւ ամուսնալուծությունից հետո ամուսնու ձեռք բերած գույքի կեսը։

Գ.Հակոբյանի կարծիքով, առաջարկը կյանքի կոչելուց հետո կթեթեւանա դատական համակարգը շուրջ 800 եւ ավելի գործից, կլուծի չարաշահումների հարցերը, ավելի արդյունավետ կպաշտպանվի ամուսինների շահերը այն փոքր քանակի գործերով, որոնցով դատական վերահսկողությունն իսկապես անհրաժեշտ է։
Ժամանակն է մտածել դատարաններից այդ գործերը սահուն անցումով տեղափոխելու մեխանիզմի մասին:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ»

26.05.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031