Լրահոս
Օրվա լրահոսը

Օրհներգը պետք է ունենա ոգեշնչող բառեր եւ վերելք տանող երաժշտություն

Մայիս 28,2018 12:00

Բաց նամակ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին

Հարգելի նախագահ, մեր հանրապետության ինքնությունը հաստատող խորհրդանիշները՝ անունը, պետական դրոշը, զինանշանը, օրհներգը, ներկա պայմաններում իրենց բովանդակությամբ լիարժեք չեն ներկայացնում հայի հոգեկերտվածքն ու նպատակները:
Նկատի ունենալով, որ մեր երկրում տեղի ունեցող վերջին փոփոխությունները մեկ անգամ եւս հաստատում են հին խորհրդանիշներով Նոր Հայաստանի կառուցման անհամատեղելիությունը, առաջարկում ենք.

ա/ «Հայաստանի Հանրապետություն» անվանումը փոխարինել «Արեւելյան Հայաստանի Հանրապետություն»-ով, մատնանշելով կորուսյալ Արեւմտյան Հայաստանի խնդիրը, եւ ամբողջական Հայաստանի վերամիավորման նպատակը:

բ/ Կենդանական աշխարհով հարուստ զինանշանը փոխարինել եւ վերահաստատել Մ. Սարյանի հեղինակած առանցքում սրբազան Արարատով զինանշանը որոշ փոփոխություններով՝ հեռացնել Արեւը փակող մուրճը, մանգաղն ու հնգաթեւ աստղը, եզրաշերտում գրել «Արեւելյան Հայաստանի Հանրապետություն», իսկ ներքեւում «Հայեր, միացեք հանուն հայրենիքի» կարգախոսը:

գ/ Հրաժարվել դրոշի վրա հրեաների Հին կտակարանի Ելից գրքում նկարագրված վարագույրների գույներից՝ «կապույտ», «ծիրանագույն» ու «կարմիր» եւ օգտագործել հայկական թագավորությունների զինանշաններին հատուկ ոսկեգույնը:

դ/ Վերադառնալ Ա. Խաչատրյանի Հայկական ԽՍՀ օրհներգի երաժշտությանը:
Մենք համոզված ենք, որ նրանք, ովքեր հետամուտ են մեր ազգային նպատակներին, զգում են նշված փոփոխությունները կատարելու խիստ անհրաժեշտությունը:

Հիշեցնենք, որ ԽՍՀՄ փլուզումից անմիջապես հետո, շատ հապճեպորեն որոշվեց ՀՀ օրհներգի հարցը, եւ քանի որ նորը գրելու ժամանակ չկար, ստիպված ընդունվեց անհաջող ավարտ ունեցած, ընդամենը երկու տարի գոյատեւած Առաջին հանրապետության օրհներգը: Գաղտնիք չէ, որ Մ. Նալբանդյանի «Իտալացի աղջկա երգը» նախատեսված չի եղել օրհներգի համար: Այլ տեսանկյունից մեր օրհներգը չի համապատասխանում միջազգային չափանիշներին՝ կրկներգ չունենալու պատճառով: Կա նաեւ հիմնավոր այլ թերություն, որ այն վերջանում է մահ ազդարարող կոչով, հետեւաբար անթույլատրելի պետք է համարել նրա հետագա կիրառությունը վերածննդի հեռանկար ունեցող հայ ժողովրդի համար:

Օրհներգը պետք է ունենա ոգեշնչող բառեր եւ վերելք տանող երաժշտություն:
Ողջունելի է, որ 2004 թվականին ՀՀ նոր օրհներգի համար հայտարարված մրցույթում ներկայացված 85-ից 45-ի խոսքերը Ա. Խաչատրյանի երաժշտությամբ էին, եւ հանձնաժողովը որոշել էր վերադառնալ հենց այդ երաժշտությանը, իսկ խոսքերի համար պետք էր, որ մեկ տարվա ընթացքում նոր մրցույթ հայտարարվեր, ինչը, սակայն, մինչեւ օրս չի կատարվել:

Հարգելի նախագահ, գտնում ենք, որ հաշվի առնելով խորհրդանիշների դերակատարության կարեւորությունը պետության զարգացման գործում, կընդառաջեք մեր վերոնշյալ առաջարկությունների ի կատար ածմանը:

«ՀԱՆՈՒՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ» հ/կ

«Առավոտ»

26.05.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Մարինա says:

    Ծիրանագույնը ոսկեգույնով փոխարինելու մտքի հետ համամիտ եմ. կապույտի և կարմիրի հետ այն տալիս է բավականին ճչացող և անճաշակ գուներանգ, որն ավելի շուտ կարպետին է սազական, քան թե դրոշին: Գեղեցիկ են նայվում մոնոխրոմ դրոշները կամ նրանք, որոնց վրա տաք գույնը սահմանափակվում է սառը երանգներով կամ ընդհանրապես չկա:

    Առավոտից շնորհակալ եմ այս նյութը տպագրելու համար, որովհետև դրա շնորհիվ շատ բաներ իմացա հայկական դրոշի գույների ծագման և պետական օրհներգի մասին:

  2. ԱՌԱՎՈՏ թերթի այս հրաշալի մտածված առաջարկը պետք է տարածել լրատվական բոլոր

    միջոցներով, որպեսզի մեր այսօրվա ՆՈՐ կառավարությունը, մի ժամ առաջ որոշում կայացնի

    կատարելու բոլոր փոփոխությունները կետ առ կետ, ինչ որ ասվում է հոտվածում:

    Վստահ եմ մեր Հանրապետության Նախագան իր լայնամիտ եւ ազգանվեր մոտեցումով չի կարող

    նման հարցի շուրջ մնալ անտարբեր:

    Հաէգանքներով,

    Պետրոս

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031