Նորհայաստանյան արվեստը լինելու է թեեւ ոչ ակադեմիական,
բայց բնույթով երիտասարդական ու ժամանակակից
Թավշյալ հեղափոխության արդյունքում հայաստանյան արվեստում բացահայտորեն գերիշխող շոու-բիզնեսը ընդհատակ է անցել: Հավանաբար ոլորտի ներկայացուցիչները փորձում են գուշակել՝ ինչպիսին կլինի նոր կառավարության ճաշակը:
Փորձենք փոքրիկ էքսկուրս կատարել երեսունը դեռ չբոլորած մեր հանրապետության մշակույթի տեսակին. տերպետրոսյանական Հայաստանը փորձեց ավելի դասականացված դառնալ` վերականգնելով պատերազմի ժամանակ կորսված ակադեմիական արվեստները, քոչարյանականը արագ ներառեց շոու-բիզնեսին բնորոշ ժամանակակից տարրերը, որը ձեւով ժամանակակից լինելով հանդերձ՝ չխանգարեց, որ սարգսյանական Հայաստանի արվեստը դառնա ժողովրդահասարակական ու ակադեմիաքաղքենիական: Իսկ թե փաշինյանական Հայաստանը ինչպիսին կլինի՝ կյանքը ցույց կտա, թեեւ արդեն տեսանելի է, որ, օրինակ, ռոք երաժշտությունը իր հաստատուն տեղը կգրավի Հայաստանում, քանզի հենց պատանեկան-երիտասարդական «ռոք մտածողությունը» մեր երկրին բերեց նոր ժամանակներ: Գրեթե տեսանելի է, որ նորհայաստանյան արվեստը լինելու է թեեւ ոչ ակադեմիական, բայց բնույթով երիտասարդական ու ժամանակակից:
Ի դեպ, բոլոր ժամանակների կառավարիչները, երկրի տերերը, իշխանավորները, թագավորները երկրի ղեկը ստանձնելուց կամ, որպես կանոն, գրավելուց հետո, արվեստի ոլորտում, թեեւ ոչ միանգամից, բայց բավականին արագ թելադրում են ճաշակ: Ազդեցությունից խուսափում են թերեւս շեշտված ինքնուրույնություն ունեցող արվեստագետները, որոնք բոլոր ժամանակներում էլ քիչ են եւ միշտ գտնվում են մի տեսակ «խաղից դուրս» վիճակում: Օրինակ, Հին Հունաստանում, Հռոմում, Հայաստանում եւ Հին աշխարհում ընդհանրապես` փարավոնական Եգիպտոսում, շամիրամական Բաբելոնում, զրադաշտական Պարսկաստանում, դինաստիական Չինաստանում, սանսրիտական Հնդկաստանում, կայսերապաշտական Ճապոնիայում, բուդդիստական Հեռավոր Արեւելքում, մահմեդական Մերձավոր Արեւելքում, ինչպես նաեւ միջինարեւելյան միջնադարում` Բյուզանդիայում, Կիլիկիայում, ապա «վերածնվող» Եվրոպայում` ֆրանկ-կաթոլիկական Իտալիայում, բոլոր ժամանակների եվրոպական տարբեր մշակութային դոմինանտ երկրներում` Լյուդովիկոսի Ֆրանսիայում, ֆաշիստական Գերմանիա դարձած բարոկյան Պրուսիայում, ռոկկոկյան Ավստրիայում, միապետական Անգլիայում, կոնտիսդորական Իսպանիայում, ապա օվկիանոսից այն կողմ` նույնիսկ Ազատության երկիր Ամերիկայում, մեր մշտահյուսիսում` մշտահեղափոխական Ռուսաստանում եւ այդ ամենին գումարած հարափոփոխ երկրների արագափոփոխ կառավարությունների առաջնորդներին` ապա «լիդերների» ճաշակը միանգամից փոխանցվում է տվյալ երկրին: Էլ չասենք այն մասին, որ երկրի բնավորությունը ուղիղ համեմատական է դառնում Առաջնորդի բնավորությանը. եթե զուսպ առաջնորդ է, ապա երկիրը «զուսպ» է, եթե կամակոր է, ապա երկիրը «կամակոր է», եթե հոգեւոր առաջնորդ է, ապա երկիրը «հոգեւոր» է, եթե անդեմ առաջնորդ է, ապա երկրիը «անդեմ» է, եթե զինվորական է, ապա երկրիը դառնում է «զորք», եթե պալատական առաջնորդ է, երկիրը դառնում է «պալատական»…
Բազմաթիվ ու անսահման են առաջնորդների եւ երկրների տեսակները եւ ոչ մի կերպ հնարավոր չէ ցանկավորել հնարավոր բոլոր տարբերակները: Առաջնորդի ճաշակային ազդեցությունը անմիջապես եւ ամենաշատն արտահայտվում է երկրի տեսանելի մշակույթում՝ տոնահանդեսների եւ հանդիսությունների ժամանակ, ծիսական հրապարակային արարողություններում, զանգվածային ուրախությունների կամ ծնունդ-հարսանեկան ամենօրյա եւ անվերջանալի ընտանեկան տոնախմբությունների ժամանակ: Եթե գանք մեզ, ապա հայաստանյան մշակույթը պարզ ու հասկանալի է, որ յոթանասուն տարի եղել է կուսակցական ազդեցության մամլիչի տակ, որտեղ բոլոր ստեղծագործական «տվայտանքները» ենթարկվել են գաղափարական ուղղորդող միատեսակության, որն անգամ լիդերին չէր հարցնում, թե ինչպիսին պետք է լինի, այլ բոլորը միատեսակ, միաբերան, միահամուռ, միաձույլ պետք է նույն բանն ասեն-անեն, գործեն կամ «ստեղծագործեն»՝ մեկը բոլորի համար եւ բոլորը մեկի, որ գործնականորեն նշանակում էր մեկը բոլորի նման եւ բոլորը մեկի նման: Դա արդեն անցած է մեզանում:
Անկախության Հայաստանի մշակույթը, երբ դեռ բուռն պատերազմական վիճակում էր, բնականաբար, առաջին պլանում էին վաղուց արգելված ու կորսված ֆիդայական-հայրենասիրական երգերը, բերդ-քոչարի շուրջպարերը, հաղթական զգայացունց երգերը եւ ռազմականացված հանդիսությույնները` լինի դա բեմում, թե հրապարակներում: Իսկ երբ երկիրն անցավ հարաբերական խաղաղ կյանքի, հրապարակները իրենց տեղը զիջեցին բեմերին եւ երգ-պարերի ժողովրդական շարանների փոխարեն բեմ բարձրացան ժամանակավորապես հետ մղված ակադեմիական արվեստները, որոնք կյանք են ստանում բեմերում եւ կյանք են տալիս բեմերից: Սակայն ժանրային առումով այն դարձյալ ենթակա է դառնում երկրի առաջնորդի խիստ ասած՝ քմահաճույքներին, մեղմ ասած` ճաշակին:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ»
26.05.2018