(հատվածներ պատմական ակնարկից)
…Վերջին տարիներին կարդում կամ լսում եմ անգրագետ, անպարկեշտ ու անհասկանալի արտահայտություններ այն մասին, թե իբր Անդրանիկը Լոռիում Հովհաննես Թումանյանի հետ 1918 թվականի մայիսյան օրերին միայն կերուխումով է զբաղվել եւ որեւէ ակտիվ գործողություններ չի ձեռնարկել թուրքական զորքերի դեմ, ուստի ներքոնշյալ փաստերը կոչված են թեկուզ մի քանի դրվագով լրացնել գեներալ Անդրանիկ Օզանյանի կերպարը որպես կատարյալ հայրենասեր մարդ եւ տաղանդավոր զորահրամանատար:
…1918 թվականի մայիսի 15-ին Ալեքսանդրոպոլից կտրված Անդրանիկի զորամասը նահանջել է Վորոնցովկայի (ներկայումս՝ Տաշիր քաղաքի) ուղղությամբ: Իսկ մինչ այդ թուրքերը շրջապատել էին Անդրանիկի զորամասի ձախ թեւը եւ Անդրանիկը մարտի էր բռնվել, որը տեւել է մինչ գիշեր եւ շարունակվել նաեւ հաջորդ օրը: Այդ մասին Անդրանիկի լրագրողը /Ե.Ք./ գրում է. «Այսօրվա կռիվը ամենակատաղին է, գաղթականությունը բռնել է ամբողջ շոսեն եւ կշարժվի դեպի Լոռի, Ջալալօղլի, չգիտենալով, թե որտեղ է լինելու վերջին կայանը»: Եվ զորամասը բռնել է նախընտրած երթի այդ ուղին: Զորավարի խոսքերով. «Այս տեղեն 20 գյուղի հայ ժողովուրդը հետս առնելով ուղղվեցա Ջալալօղլի: Չէի կարող 20000 գաղթականությունը թողնել բախտին՝ հեռանալ»: Երբ գաղթականների քարավանը Ղարախաչի լեռնանցքից սկսել է իջնել դեպի Լոռվա սարահարթը, ուժգին հարձակման է ենթարկվել մերձակա թաթարական գյուղերի կողմից: Ուստի Անդրանիկը հանկարծակի հարվածել է այդ ավազակներին, գրավել Կարաիսա գյուղը, ապահովելով գաղթականների անվտանգ անցումը դեպի Ստեփանավան:
Թուրքերի կողմից ծրագրավորված, ցեղասպանության նախախնդրի անբաժան մասն էր Ղարաքիլիսայի (Վանաձորի) եւ Լոռու բարձրավանդակի գյուղերի եւ նրանց հետ՝ Ստեփանավանի գրավումը, որը շարունակվող գծի վրա հայ բնակչության հետ հաշվեհարդար տեսնելուց հետո թուրքական զորքերին դուրս կբերեր դեպի Ղազախ եւ այնտեղից էլ դեպի Ադրբեջանի խորքերը տանող ճանապարհը:
…Դեպի Ստեփանավան թուրքերի ճանապարհին Անդրանիկի գտնվելը այլեւս ոչ միայն դեպքերի բերումով էր, այլեւ հրամանատարության պաշտպանական մտահղացմանը համաձայն, քանի որ, մայիսի 18-ին, երբ Աշոցքի դալարագեղ գոգահովտի արեւմտյան եւ հյուսիսային բարձր դիրքերից հարվածող ջոկատի վաշտերը միահամուռ դիմագրավում էին կատաղորեն հարձակվող թշնամուն, կորպուսի շտաբից Անդրանիկը ստացել է հրաման. «Քո գործը կորպուսի կարգադրությամբ եւ Խորհրդի (Հայաստանի ապահովության խորհուրդ -Ռ. Ս.) համաձայնությամբ, որ քեզ տւած է, կայանում է նրանում, որ պաշտպանես նույն սահմանը, ինչ-որ առաջ էր նախանշւած, բայց փոխանակ Ալէքսանդրօպոլի, պետք է հենւես Վորոնցովկա–Ջալալ օղլու վրա, այնտեղի հետ կապ հաստատիր Ղարախաչի վրայով: Եթե թշնամին ուժեղ յարձակում գործի եւ դու անկարող լինես դիմադրել, պետք է նահանջէս դեպի Լոռու դաշտը` Ջալալ օղլու ուղղությամբ»:
Ինչպես պատմում է իր հուշերում Անդրանիկի ենթակայության տակ ծառայած պորուչիկ Կոլմակովը, նա Անդրանիկից ստացել է հետեւյալ տեղեկությունը. «Ջարդեցի թաթարական հրոսակախումբը: Բացել եմ ճանապարհը: Անհապաղ շարժվեք դեպի Ջալալօղլի: Եթե գաղթականները (խոսքը տեղաբնակների մասին էր-Ռ.Ս.) չեն գալիս, թողեք նրանց»: Դրանից հետո Անդրանիկը մայիսի 19-ին ստիպված քաշվել է Ստեփանավանի ուղղությամբ…
Երբ լուր է տարածվել, որ Անդրանիկը իր զորքով շարժվում է Ստեփանավանի ուղղությամբ, մայիսի 19-ին Անդրանիկին դիմավորելու համար նրա մոտ են գնացել ստեփանավանցիներ Լեւոն Վարդազարյանը (անվանի կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանի պապի եղբայրը) եւ ոստիկանական պրիստավ Մարտիրոս Ստեփանյանը: Ստեփանավանը մեծ շուքով է դիմավորել գեներալ Անդրանիկին եւ նրա զորքին: Ստեփանավանում ուղղափառ ռուս բնակիչները զգալի մաս են կազմել եւ նրանք նույնպես հայերի հետ սրտաբաց են ընդունել Անդրանիկին:
Թուրքական հետախուզիչ ստորաբաժանումները մայիսի 21-ին գտնվել են Ջալալօղլիի մատույցներում: Թշնամին բռնել էր քաղաքի դիմացի սարերը եւ բոլոր կողմերից նեղում էր Ջալալօղլիի պաշտպաններին: Ձորագետի աջ ափի պաշտպանությունը հանձնարարվել էր Սմբատ Բորոյանի եւ Յակով Բորտի գումարտակներին, ձախ ափին Լոռվա տեղական ուժերն էին, իսկ հրետանին տեղավորվել էր քաղաքի սահմանագծում:
«Ժողովրդի ձայն»-ի 1918 թվականի սեպտեմբերի 28-ին տպագրված՝ «Տաճիկ զորքը Լոռիում» (Ականատեսի եռամսյա ապրումներից) հոդվածում Ավ. Տեր-Պողոսյանը նշում է, թե «…գյուղացիներից լսում ենք, որ Անդրանիկը Ջալալողլի է հասել, օգնություն է պահանջել Լոռու գյուղերից եւ չի ստացել …»: Այս պնդումը հերքվում է թեկուզ նրանով, որ մասնավորապես, նույն Լ. Շահվերդյանը իր հուշերում գրում է, որ բոլշեւիկ Նիկոլայ Դադիվանյանի հետ գնացել է Կուրթան գյուղ, ուր հասնելուն պես ժողով են հրավիրել: Հաջորդ օրը՝ մայիսի 22-ին, երբ արդեն շուրջ 400 մարդ զենքերը ձեռքին պատրաստ են եղել գնալ Անդրանիկին օգնության, Կուրթանից նկատել են, որ Կուրթան գյուղի մոտով անցնող գետի աջ ափի ճանապարհով Անդրանիկն իր զորքով եւ հազարավոր գաղթականներ շարժվում են Դսեղ գյուղի ուղղությամբ…
Բանն այն է, որ Հայկական բանակային կորպուսի հրամանատար գեներալ-լեյտենանտ Թովմաս Նազարբեկովի շտաբը, Ղարաքիլիսան հանձնելուց հետո, ուղղվել էր Դիլիջան: Ղարաքիլիսայից մեկնելու վերջին պահին հրամանատարությունից Անդրանիկը ստացել է հրաման՝ թողնել Ստեփանավանը ու նահանջել Դիլիջանի ուղղությամբ: Հեռախոսով Անդրանիկը Ստեփանավանից մի կերպ է կապվել Նազարբեկովի օգնական գնդապետ Մանաս Մանասյանի հետ ու լսել նրա տխուր պատասխանը. «Ղարաքիլիսան թողնում եւ գնում ենք Դիլիջան»: Հեռախոսն այլեւս լռել է …
Սակայն մինչ այդ, Արմանիս գյուղի մոտ երկու օր Անդրանիկը կատաղի մարտեր է մղել թուրքական զորքի հետ եւ կասեցրել Ղարախաչ լեռնանցքի կողմից ներխուժած գերազանց զինված 5-րդ թուրքական ստորաբաժնի շարժումը դեպի Ստեփանավան: Արդեն քանիցս հարձակվող հակառակորդը հետ է շպրտվել, սակայն, չնայելով կորուստներին, առաջացել է նորից ու նորից, որի ժամանակ այդ մարտերում զոհվել է մի ստեփանավանցի Տեր-Մովսեսյան ազգանունով, իսկ մեկ այլ ստեփանավանցի՝ Հովհաննես Ավետիքի Ասատուրյանը վիրավորվել է:
Լեւոն Շահվերդյանի եղբայրը՝ Կոնստանտին Շահվերդյանը ցարական բանակի սպա է եղել եւ կռվել է Սարիղամիշում ու Ղարսում, որտեղից էլ ծանոթ է եղել Անդրանիկի հետ: Ստեփանավանում Կոնստանտինը իր գեղեցիկ սեւաթույր նժույգը նվիրել է զորավարին, որից հետո միացել է Անդրանիկի բանակին եւ ծառայել նրա ենթակայության տակ որպես հեծելազորի սպա:
Այսպիսով, Ստեփանավանի եւ մոտակա գյուղերի բնակիչների մի մասը միացել է Անդրանիկի զորքին, իսկ հարյուրավոր մարդիկ էլ պատրաստ են եղել կռվել նրա ենթակայության տակ, սակայն ոչ իրենց մեղքով է, որ դա նրանց չի հաջողվել իրագործել: …Ղարաքիլիսայի անկումից հետո երկաթուղին կարող էր անցնել թուրքի ձեռքը: Այդ դեպքում Անդրանիկի զորքը, գաղթականներն ու տեղի ժողովուրդը կարող էին մնալ թուրքական զորամասերի եւ թաթարական շրջանների օղակի մեջ, ուստի շրջապատված չլինելու համար պիտի թողնեին Ջալալօղլին, ապա Դեբեդի ձորը հաղթահարելով բարձրանային Դսեղ գյուղ` հետագա անելիքները պարզելու համար: Իսկ եթե Անդրանիկը մնար Ստեփանավանում՝ անպայմանորեն կընկներ ծուղակի մեջ, քանի որ մի կողմից երկաթգծով Ղարաքիլիսայից կշարժվեին թուրքական գլխավոր բանակի զորամիավորումները, իսկ Վորոնցովկայի կողմից՝ թուրքական զորախմբի հրամանատար Մուսուլ փաշայի ղեկավարած՝ կանոնավոր, գերազանց զինված, զինվորական լավ պատրաստություն անցած ասկյարները եւ Անդրանիկը շրջապատման մեջ կհայտնվեր: Դրա համար էլ իր զորքը պահպանելու նպատակով Անդրանիկին հարկավոր էր անցնել երկաթգծի մյուս կողմը՝ դեպի Դսեղ, ինչն էլ նա կատարեց:
…Ստեփանավանը ամենավերջինը թողնելու հրաման է ստացել Մախլուտոյի գումարտակը: Նա պիտի մութն ընկնելուց առաջ նախապես ուժգնորեն ռմբակոծեր հակառակորդի դիրքերը եւ նոր հեռանար: Ստեփանավանից հեռանալու ճանապարհին գողտրիկ Նիկոլաեւկայի (ներկայումս Ամրակից գյուղի) բնակիչները գեներալ Անդրանիկին ու նրա զորքին դիմավորել են աղ ու հացով, եղբայրական զգացմունքների արտահայտություններով: Վարդաբլուր գյուղում զորավարը բացել է տվել ռուսական բանակի թողած ռազմամթերքի ու հագուստի պահեստները, որպեսզի բարիքները թուրքին չմնան, որոնց կարիքը զգում էին Հարվածող զորամասն ու ժողովուրդը: Ռուս սպա Պյոտր Սիբիրցեւը Ջալալօղլիի 1918-ի մայիսյան դեպքերի մասին պատմելիս հայտնում է, որ Ստեփանավանում եղել են մի քանի մանկատներ, որոնց սաներին, Անդրանիկի հետ խորհրդակցելուց հետո, որոշվել է տեղափոխել Քոլագիրան կայարան, իսկ այնտեղից, երկաթուղով՝ Թիֆլիս: Մանուկներին ձիերի վրա զորամասի հեծյալները հասցրել են կայարան:
Զորավարը գրել է. «Մեկուկես օր կռվելէ վերջն է միայն, որ գաղթականությունը բավականին ճամբա բռնեց դեպի Քոլագիրան (ներկայումս՝ Թումանյան կայարան) երկաթուղիի կայարանը, որով կրցա մեկնել Քոլագիրան գյուղը, ուր գտա բանաստեղծ Հովհաննես Թումանյանը»:
Ստեփանավանի տարածաշրջանի բնակչության կողմից գեներալ Անդրանիկին օգնություն ցուցաբերելու պատրաստակամության մասին է վկայում հուշագրավ մի փաստ եւս: Ստեփանավանից Անդրանիկի հեռանալուց մի քանի օր անց, Կուրթան գյուղում եղած ժամանակ Լեւոն Շահվերդյանը նամակ է ստացել Հովհաննես Թումանյանից, որում Մեծ Լոռեցին հայտնել է, որ հայկական զորքերը Դիլիջանից վերադարձել են Ղարաքիլիսա եւ մարտի են բռնվել թուրքական զորամիավորման հետ Արչուտ գյուղի մոտակայքում եւ հետ են մղել թշնամուն: Նամակում Հ. Թումանյանը հայտնել է նաեւ, որ Անդրանիկն իր զորքով վերադառնում է Ղարաքիլիսա՝ հայկական զորքերի թիկունքը պաշտպանելու նպատակով եւ հանձնարարել է Լ. Շահվերդյանին կոչեր ուղարկել Ձորագետի ձախափնյա գյուղերի բնակիչներին, որպեսզի «…զենքին ծանոթ մարդիկ դուրս գան Անդրանիկին օգնության»: Ստանալով այդպիսի կոչեր, լոռեցիները երկար սպասել չեն տվել եւ արդեն հաջորդ օրը առավոտյան զինված երիտասարդներ են լցվել Կուրթան: Ստեփանավանցի Կարապետ Խանաղյանի գլխավորությամբ՝ շուրջ 50 կամավորներից կազմված մի վաշտ Լ.Շահվերդյանը ուղղել է «Քարհանք» կոչվող տեղանք: Միաժամանակ, կազմավորվել են գթության քույրերի խմբեր եւ տներ են առանձնացվել՝ վիրավորների համար: Այդ ընթացքում կամավորներն անգամ գնդացիր են հայթայթել իր անհրաժեշտ պարագաներով: Գտնվել է նաեւ մի գնդացրորդ, որը կուրթանեցի Արշակ Զոհրաբյանի որդին է եղել: Նախատեսվել է նրան տեղակայել Սուրբ Սարգիս եկեղեցու գմբեթին: Կամավորների մեծ մասը Օձուն գյուղից է եղել, իսկ Կուրթան նրանք եկել են Օձունի նախկին տանուտեր Արշակ Փերիխանյանի որդու գլխավորությամբ: Երբ Կ. Խանաղյանի վաշտն արդեն դիրքավորվել է «Քարհանքի» մոտ, իսկ Զոհրաբյանը իր գնդացրով պատրաստվել է բարձրանալ եկեղեցու գմբեթին՝ լուր է ստացվել այն մասին, որ Անդրանիկը իր զորքով եւ իր հետ վերցնելով մեծ քանակությամբ գաղթականների՝ Դսեղից մեկնել է Դիլիջանի ուղղությամբ: Ստեղծված պայմաններում հետ է կանչվել Կ. Խանաղյանը իր վաշտով եւ բոլոր կամավորները արձակվել են իրենց տները …
Ելնելով վերը նշված փաստերից՝ միանգամայն անհիմն է դառնում այն պնդումը, թե Անդրանիկը Լոռու բնակչությունից օգնություն չի ստացել՝ ուղղակի իրերի բերումով զորավարին օգնությանը պատրաստ կամավորների մի մասը միացել է նրա զորքին դեռեւս Ստեփանավանում եւ մասնակցել Մեծ զորավարի կողմից կազմակերպված՝ քաղաքի պաշտպանության մարտերին, իսկ մյուս մասը՝ զինված եւ պատրաստ, չի հասցրել կանգնել զորավարի կողքին …
ԳԱԳԻԿ ՇԻՐՄԱԶԱՆ
Բանաստեղծ, թարգմանիչ
Օգտագործված գրականություն
Ռուբեն Սիմոնյան. «Անդրանիկ. Սիբիրյան վաշտի ոդիսականը»
Հ. Կարապետյան. «Անդրանիկ»
«Տաճիկ զորքը Լոռիում» (Ականատեսի եռամսյա ապրումներից), Ավ. Տեր -Պողոսյան, «Ժողովրդի ձայն», 28.09.1918 թ.
Լ. Շահվերդյան. «Հուշեր»
Լեւոն Արազի Շահվերդյան (1877-1964)
Կոնստանտին Արազի Շահվերդյան (1875-1924)
«Առավոտ»
26.05.2018