Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ո՞վ է համարձակվում խոսել բարոյականությունից

Մայիս 28,2018 09:28

«Առավոտ»-ի կայքում երեկ հրապարակվեց Երևանի Նիկողայոս Տիգրանյանի անվան տեսողության խանգարումներ ունեցող երեխաների թիվ 14 հատուկ դպրոցի նախկին փոխտնօրենի հոդվածը, որտեղ ներկայացրել էր իր աշխատանքից ազատման և դատարանով վերականգնման պատմությունը: Այդ հոդվածն ինձ ստիպեց «ամբողջացնել» դպրոցի տնօրեն Ա. Ահարոնյանի կերպարը:

Այդ դպրոցի 7-րդ դասարանում է սովորում իմ բարեկամներ Տեր Գրիգորի և երեցկին Անահիտի որդեգրած 2 հաշմանդամ երեխաներից մեկը՝ Հովհաննեսը: 2017 թ. սեպտեմբերին դասարանի ծնողները Անահիտին ընտրել են ծնող կոմիտեի նախագահ: Անահիտը, որպես շատ հետևողական ծնող, դպրոցում անընդհատ բարձրաձայնել ու բարձրաձայնում է այն մասին, որ Հովհաննեսի կրթությունը, ներառյալ բրայլյան համակարգով, պատշաճորեն չի իրականացվում, որ կան առարկաներ, որոնք չտեսնող երեխաների համար հարմարեցված չեն կազմակերպվում:

Բնականաբար այդ բողոքները տնօրենին դուր չեն գալիս ու ինքը 2017թ. սեպտեմբերին ծնողական ժողովի ժամանակ, որտեղ քննարկման են դրվել դպրոցի ուսումնադաստիարակչական, երեխաների հիգիենային վերաբերվող հարցեր, տնօրեն Ա. Ահարոնյանն անհարգալից տոնայնությամբ տիկին Անահիտին ասել է. «Դուք բարոյապես իրավունք չունեք ծնողական խորհրդի նախագահ լինել»:

Պատկերացնո՞ւմ եք, ո՞վ է խոսում բարոյականությունից, այն մա՞րդը, ով մինչև հոգու խորքը վիրավորում է մանկատնից 2 հաշմանդամ երեխա որդեգրած մորն ու ներողություն չի խնդրում, ով անօրեն կերպով աշխատանքից ազատում է ՄԿԱ գծով փոխտնօրենին ու, չնայած նա դատարանի վճռով վերականգնվում է, բայց մինչ օրս չի աշխատում: Այն մարդը, ով, փաստորեն տեսողության խանգարումներ ունեցող դպրոցում ունի 8-10 կույր երեխա, մնացածների մեջ էլ կան կրթության ոչ մի առանձնահատուկ պայմանի կարիք չունեցող երեխաներ և յուրաքանչյուր երեխա բյուջեից տարեկան բերում է մոտ 1 մլն դրամ, մեծ մասն էլ Երևանից, պետական միջոցները, մեղմ ասած, նպատակային չի օգտագործում, այսինքն` խաբում է պետությանը ու բարոյակա՞ն է իրեն համարում:

Գանք աշխատանքից ապօրինի ազատված ու դատարանով վերականգնված փոխտնօրենին: Ի՞նչ է ստացվում, տնօրենը հավաստագրման քննության ժամանակ պատասխանել է օրենսդրությանը վերաբերող հարցերին, ստացել է հավաստագիր, աշխատում է որպես տնօրեն, սակայն խախտելով ՀՀ օրենքը՝ քաղաքացուն ազատում է աշխատանքից, ում դատարանը ոչ միայն վերականգնում է, այլև պարտադրում է դպրոցի բյուջեից 2.500.000 դրամ պարապուրդի գումար վճարել: Նշանակում է նույն հաստիքի համար դպրոցի բյուջեից կրկնակի գումար է ծախսվել, որի մասին շատ լավ տեղյակ են ԿԳՆ-ում ու ոչ մի կերպ սրան չեն արձագանքո՞ւմ: Այդ տնօրենն անգամ «նկատողություն» չի ստանո՞ւմ ու շարունակում է աշխատե՞լ: Ի դեպ, այս տնօրենի նկատմամբ քրեական գործ կա ու անցյալ տարի «խիստ նկատողություն է վաստակել»:

Ես հարց եմ բարձրացնում ԿԳ նորանշանակ նախարարի առաջ. ո՛չ միայն այս դպրոցի տնօրենի, այլև բազմաթիվ այլ տնօրենների ապօրինի հրամաններով ազատված մանկավարժներին դատարանի վճռով դպրոցի բյուջեից վճարված միլիոնավոր գումարները պահանջել իրենց գրպանից ետ դնել բյուջե ու կասկածի տակ դնել տնօրենի ստացած հավաստագրի համապատասխանությունը իր գիտելիքներին:

 Անահիտ ԲԱԽՇՅԱՆ

Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ

Ալեքսան Ահարոնյանի լուսանկարը՝ «Մեդիամաքսի»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031