Սիրելի’ հայրենակիցներ
Մայիսի 28-ին մենք ազգովին տոնում ենք Արևելյան Հայաստանի 1-ին հանրապետության և Մայիսյան հերոսական գոյամարտերի 100-րդ տարեդարձը:
Վստահ եմ, մեր գենի հիշողությամբ յուրաքանչյուրիս մտքում ակամա ուրվագծվում են մեր բիբլիական Հայրենիքի ծովից ծով սահմանները, ծվեն – ծվեն եղած մեր նահանգներն ու քաղաքները… և եղեռնից փրկված, մոխիրներից փյունիկի պես հառնած մեր արարող ժողովուրդը:
Անցյալ դարասկզբին մեր ազգը իր միասնությամբ, իր վճռական կամքով, տոկունությամբ կռեց իր հաղթանակը՝ անհավասար գոյամարտում պաշտպանելով իր ապրելու, նախնիների հողում ազատ, անկախ արարելու իր իրավունքը և պետականությունը կորցնելուց դարեր անց Արևելյան Հայաստանում՝ մեր պատմական Հայրենիքի փրկված այս ոստանում, իր պետությունը հռչակեց:
Անցյալ դարավերջին դարձյալ մենք հաղթեցինք պարտադրված պատերազմում։
Եվ հավատում եմ` այսուհետ նույնպես հաղթելո’ւ ենք՝ հանուն մեր սրբազան հողի, հանուն մեր թիկունքում մեզ հուսացող, սպասող մեր մայրերի, կանանց, զավակների:
Ի սրտե շնորհավորելով Հայաստանում և Արցախում ապրող, աշխարհասփյուռ մեր հայ ժողովրդին՝ մաղթում եմ, որ յուրաքանչյուրիս ազգանվեր, հայրենաշեն գործունեությամբ ապագան Հայաստանի և Արցախի համար նշանավոր դառնա նոր ձեռքբերումներով:
Խաղաղությունը թող լինի մեզ ուղեկից:
Սեյրան ՕՀԱՆՅԱՆ
ՀՀ պաշտպանության նախկին նախարար