Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայրենադարձության կոչերն անարդյունավետ են». արտերկրում բնակվող Արթուր Մինասյանը՝ Հայաստան վերադառնալու մասին

Մայիս 27,2018 19:43

Նիդեռլանդներում բնակվող մեր հայրենակից Արթուր Մինասյանը ապրիլին ֆեյսբուքյան իր էջում արտերկրում բնակվող ՀՀ քաղաքացիների ցուցակ էր հրապարակել, որոնք մերժում էին նախկին իշխանությունների վարած քաղաքականությունը:

Aravot.am-ը նրանից հետաքրքրվեց՝ հիմա, երբ իշխանություն է փոխվել, Դուք մտադի՞ր եք վերադառնալ հայրենիք, կամ նման մի ցուցակ հրապարակել, թե ովքե՞ր են պատրաստվում արտերկրից վերադառնալ հայրենիք՝ նոր իրողությունների պայմաններում: Նա պատասխանեց. «Նախ մի կարևոր շեշտադրում․ ձեր նշած հայտարարությունում, ճիշտ եք, նշված էր, որ այն արտերկրում բնակվող ՀՀ քաղաքացիների հայտարարություն է և, ըստ այդմ, դրան կարող էր միանալ արտերկրում բնակվող ցանկացած ՀՀ քաղաքացի։ Ոչ բոլոր էթնիկ հայերն են Հայաստանի քաղաքացի և ոչ բոլոր Հայաստանի քաղաքացիներն են էթնիկ հայ։ Էթնիկ ազգայնականությունն, իմ համոզմամբ, չարիք է և պետք է ձերբազատվել այդ հնամաշ փիլիսոփայությունից։ Ես կարծում եմ, որ խնդրահարույց է նաև հայրենիք եզրն այն իմաստով, որ իմաստով այն հիմնականում ընկալվում և օգտագործվում է հայաստանցիների շրջանում․ ոչ միայն որովհետև այն ինքնին հայրիշխանական է ձևով, այլև՝ առկա ընկալման բովանդակությամբ։ Հայրենիք ասվածի փոխարեն անհրաժեշտ է օգտագործել պետությունը, որովհետև առաջինը վերացական է, իսկ երկրորդը՝ կոնկրետ։ Ինչի՞ համար գոյություն ունեն պետությունները․ ապահովելու համար մարդու երջանկությունը, այլ կերպ՝ արժանապատիվ կյանքի իրավունքը, մյուս իրավունքներն ու ազատությունները։ Եվ երբ մարդկանց այդ իրավունքներն ու ազատությունները վտանգված են ու նրանք ունենում են հնարավորություն ընտրելու, թե որ պետությունում ապրեն, մարդիկ ընտրում են այն պետությունները և հասարակությունները, որոնցում երջանիկ լինելու հնարավորություն կա։ Սիրիացիներն, օրինակ, ոչ թե Կիմ Չեն Ընի Կորեա են տեղափոխվում, այլ երջանկության ինդեքսում բարձր հորիզոնականներ զբաղեցնող պետություններ։ Նույնը՝ հայաստանցիները, որ հնարավորության դեպքում ընտրում են ոչ թե Իրանը, ոչ թե Սաուդյան Արաբիան, ոչ թե Սոմալին, այլ հիմնականում արևմտյան ժողովրդավարությունները»:

Ինչ վերաբերում է ներգաղթին՝ Արթուր Մինասյանը պատասխանեց. «Հայաստանում հատկապես վերջին շրջանում հաճախ են հնչում այսպես կոչված հայրենադարձության կոչեր։ Իմ համոզմամբ՝ հայրենադարձության կոչերից պետք է հրաժարվել, դրանք արդյունավետ չեն։ Հնարավոր է՝ դրանք ազդեն էմոցիոնալ տրամադրված փոքրաթիվ մարդկանց վրա, բայց ոչ ավել։ Կա շատ պարզ տարբերակ․ հայրենադարձության կոչերի փոխարեն անհրաժեշտ է ստեղծել այնպիսի պայմաններ, որ ապահովվեն մարդկանց ազատությունները, իրավունքները, արժանապատիվ կյանքն ու երջանկությունը, և դա գրավիչ կլինի մարդկանց համար։ Ի դեպ՝ անկախ էթնիկ ծագումից։ Այդ դեպքում որևէ կոչի կարիք չի լինի, մարդիկ իրենք իրենց ոտքերով կգան Հայաստան, ինչպես գնում են Դանիա, Շվեդիա, Գերմանիա, Ֆրանսիա և այլ պետություններ։ Այնքան շատ կգան, որ պետությունը ստիպված կլինի մտածել նրանց հոսքը սահմանափակելու մասին․ այն, ինչ այսօր տեսնում ենք վերոնշյալ պետություններում։ Դրա համար անհրաժեշտ է նաև ունենալ իրավունքների ու ազատությունների պաշտպանության արդյունավետ համակարգեր, այդ թվում՝ արտաքին մարտահրավերներից, ու նաև հաստատել խաղաղություն, որովհետև ապրելը մարդկային բնական մղում է, մեռնել ցանկանում են միայն հոգեպես անառողջները։ Կարճ ասած՝ հայրենասիրական ոչ էֆեկտիվ կոչերը պետք է փոխարինել կոնկրետ գործնական քայլերով՝ ուղղված հասարակական բոլոր խմբերի, այդ թվում՝ փոքրամասնությունների իրավունքների ու ազատությունների իրացման հնարավորությամբ ու նախ և առաջ կյանքի իրավունքի պաշտպանությամբ։ Հայաստանում, Վրաստանում, Ղազախստանում, Սուդանում կամ այլուր ժողովրդավարության, իրավունքների ու ազատությունների հաղթանակին նպաստելու համար ամենևին պարտադիր չէ ֆիզիկական ներկայությունը՝ նկատի ունենալով այն հնարավորությունները, որ ընձեռում է 21-րդ դարը։ Հնարավոր է գտնվել արտերկրում ու էական ներդրում ունենալ այս կամ այն պետությունում մարդկանց երջանկության համար պայմանների ստեղծման գործում»:

Կոնկրետ իր վերադարձի հետ կապված Արթուր Մինասյանն ասաց. «Ես ինձ ավելի հարմարավետ եմ զգում այնտեղ, որտեղ գտնվում եմ և չունեմ Հայաստան վերադառնալու պլաններ, բայց շարունակելու եմ իմ կարողությունների ներածին չափով նպաստել այն գաղափարների տարածմանն ու կյանքի կոչմանը, որոնք ճիշտ եմ համարում, և ոչ միայն տարածմանը Հայաստանում, այլ ամենուր։ Յուրաքանչյուրը պետք է ապրի այնտեղ, որտեղ առավելագույն հնարավորություններն է տեսնում իր երջանկության, բարօրության, պոտենցիալի իրացման և այդպիսով մարդկության զարգացման մեջ ներդրում ունենալու առումով։ Ես վստահ եմ, որ Հայաստանը վաղ թե ուշ կդառնա այնպիսի պետություն, որը հարմարավետ կլինի նաև ինձ համար։ Այժմ այն դեռ այդպիսին չէ և ես չեմ կարող կանխատեսել, թե երբ կդառնա այդպիսին։ Հայաստան կվերադառնան նրանք, ովքեր համերաշխ են հայաստանյան ներկայիս հասարակական֊քաղաքական, սոցիալական իրողությունների հետ կամ նրանք, ովքեր իրենց ներդրումը այդ իրողությունների վերափոխման մեջ ինչ-ինչ պատճառներով տեսնում են անպայմանորեն իրենց ֆիզիկական ներկայությամբ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    յօդուածի վերնագիր՝ «հայրենադարձության կոչերը արդյունավետ են»

    մինչ յօդուածում այս անձը ասում է՝«դրանք արդյունավետ չեն։ »

    ե՞ն…
    չե՞ն

    լինել, չլինել…

    • Տաթեւ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ says:

      Հարգելի ընթերցող, շնորհակալություն ուշադրության և հոդվածի նկատմամբ հետաքրքրություն ցուցաբերելու համար, սակայն վերնագրում օգտագործված է անարդյունավետ բառը:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031