Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ԼԳԲՏ անձանց պաշտպանվածություն, ոչ պարտադիր զինծառայություն». արտագաղթած հայերի ակնկալիքները՝ ներգաղթի համար

Մայիս 27,2018 19:08

Արտերկրում բնակվող մի խումբ քաղաքացիներ հեղափոխության օրերին հայտարարություն էին տարածել ֆեյսբուքում՝ իրենց աջակցությունը հայտնելով «Հայաստանում մշտապես կեղծվող ընտրությունների և կեղծված սահմանադրական հանրաքվեի միջոցով ձևավորված ավտորիտար համակարգի դեմ պայքարի դուրս եկած և իրենց քաղաքական և քաղաքացիական ազատություններն իրացնող մեր համաքաղաքացիներին»:

Մենք նրանցից հետաքրքրվեցինք՝ հիմա, երբ Հայաստանում իշխանություն է փոխվել, դուք մտադի՞ր եք վերադառնալ հայրենիք՝ նոր իրողությունների պայմաններում: Հայտարարության տակ ստորագրած, Ավստրալիայում բնակվող Էվելինա Գյուլխանդյանը պատասխանեց. «Այո, մտածում ենք»: Թե ի՞նչ ակնկալիքներ ունեն եւ ե՞րբ են պատրաստվում վերադառնալ, ի՞նչ ազդակներ են պետք վերադարձի համար եւ մինչ այժմ Փաշինյանի քայլերը, կադրային նշանակումները, որոշումները բավարարո՞ւմ են՝ դրական տրամադրվելու եւ նոր Հայաստանում ապրելու որոշում կայացնելու՝ նա պատասխանեց. «Ակնկալիքներս կապված են արդարության հնարավոր վերականգման հետ։ Ակնկալիքներից զատ ուզում եմ իմ ներդրումն ունենալ հանրապետության զարգացման գործում։ Վերադառնալը՝ մոտ երկու, երեք տարի հետո։ Դա ավելի շատ դիտարկում ենք փուլային։ Ասենք՝ սկզբից տուն գնենք ՀՀ-ում, հետո գնանք գանք մի քանի տարի երեխաներին ինտեգրենք, մոտ երկու-երեք տարի կտևի… Պայմանները, որ փոխվեն, արդեն բավականին շատ պայման փոխվել է, կրիմինալ կառավարության փոխարեն ունենք ոչ կրիմինալը։ Եթե այսպես շարունակվի դատական և օրենսդիր իշխանություններ էլ հեղափոխվեն, ապա դա կնպաստի վերադարձի մասին մեր վերջնական որոշման կայացմանը: Իսկ Փաշինյանի քայլերը եւ նոր կառավարությունը բավարարում են»:

Լեհաստանում բնակվող Գեւորգ Քեհյանի խոսքով՝ «Ես Հայաստանից իշխանության պատճառով չեմ հեռացել, այլ իրողությունների, հիմա միայն իշխանություն է փոխվել, բայց ոչ իրողություններ։ Հիմա պատրաստ չեմ, պայմաններ են պետք, որպեսզի էդ պահը ինձ մոտ հասունանա։ Ամեն դեպքում հետեւում եմ իրադարձություններին, անտարբեր չեմ: Առաջիկա 1-2 տարիներին հաստատ նման հեռանկար, այնուամենայնիվ, չեմ տեսնում»:

Հարցին՝ մասնավորապես ի՞նչ ակնկալիքներ ու սպասումներ ունեք, ի՞նչը կլինի ազդակ, որ վերադառնաք, Փաշինյանը հավաստիացնում է, որ սա այլեւս նոր Հայաստան է, հին արատավոր երեւույթները չեն լինելու, ի՞նչ քայլեր պետք է հետեւեն այս խոսքերին, որ արտերկրում ապրող մեր հայրենակիցները, նաեւ Դուք վերադառնաք՝ Քեհյանը պատասխանեց. «Առաջին հերթին մարդու իրավունքներ: ԼԳԲՏ անձանց պաշտպանվածություն, անօթեւան մարդկանց իրավունքներ, ոչ պարտադիր զինծառայություն, կրոնից, առաքելական եկեղեցու դերի նվազեցում, անկախ դատական համակարգ»:

Չեխիայում բնակվող Լիլի Ղազարյանը ի պատասխան մեր հարցի՝ վստահեցրեց, որ ինքը մի քանի ամսից վերադառնալու է: Հարցին՝ Իսկ դրանում դեր խաղացե՞լ է հեղափոխությունը, նախկին իշխանությունների օրոք չէի՞ք ցանկանում գալ՝ նա պատասխանեց. «Բնականաբար, ես որոշել էի մնալ։ Շատ լավ հնարավորություն կար, բայց Հայաստան եմ գնալու»: Հարցին՝ ի՞նչ ակնկալիքներ, սպասումներ ունեք նոր Հայաստանում՝ նա պատասխանեց. «Անկախ Հայաստան ունենալն է իմ մեծագույն ակնկալիքը դա իր հերթին շատ դրական փոփոխությունների կբերի: Ու, իհարկե, արտահերթ ընտրություններ։ Դա ամենակարեւորն է այս պահին»:

Գերմանիայում բնակվող Նանե Խաչատրյանն էլ, որը ստորագրել էր այդ հայտարարության տակ, ասաց. «Արտերկրում գտնվում եմ իմ ուսումնառության շրջանակներում (ասպիրանտուրայի), այսինքն՝ նպատակային արտագաղթ որպես այդպիսին չկար։ Սակայն Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը և իշխանափոխությունը կարծում եմ արտերկրի մեր քաղաքացիներին, այդ թվում նաև ինձ, իհարկե ավելի է պարտավորեցնում դրսում ստացած իրենց գիտելիքներն ու փորձը էլ ավելի մեծ ոգևորությամբ ծառայեցնել Հայաստանին։ Կարծում եմ, ներկայիս իշխանությունները այս հարցում ավելի հետևողական են և կօգտագործեն այդ ներուժը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ara Shahbazian says:

    Այդքան տարատեսակ պատասխաններից հենց ԼԳԲՏ-ին վերաբերող մա՞սը պետք է վերնագիր դառնար… Ինչու՞ եք զոռով տպավորություն ստեղծում, թե սփյուռքում այդ հարցն այդքան կարևորում են… Թե՞ անձամբ Ձեզ է դա այդպես հուզում…

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031