Ապրիլին՝ թավշյա հեղափոխության օրերին, արտերկրում բնակվող ՀՀ քաղաքացի գիտնականները հայտարարություն էին տարածել՝ պահանջելով Սերժ Սարգսյանի հրաժարականը: Հայտարարության մեջ գիտնականները նշել էին ՀՀ գիտական ներուժի արտահոսքի ցավոտ խնդրի մասին՝ ասելով. «Մեր համերաշխությունն ենք հայտնում Հայաստանում ձևավորված ավտորիտար համակարգի դեմ պայքարի դուրս եկած և իրենց քաղաքական և քաղաքացիական ազատություններն իրացնող մեր համաքաղաքացիներին»:
Aravot.am-ը արտերկրում բնակվող գիտնականներից հետաքրքրվեց՝ հիմա, երբ Հայաստանում իշխանություն է փոխվել, մտադի՞ր եք վերադառնալ հայրենիք եւ այստեղ շարունակել ձեր գործունեությունը: Բանասեր, PhD ուսանող Տիրան Մանուչարյանը, որը Հայաստանից հեռացել է 2014-ին եւ բնակվում է Միացյալ Թագավորությունում, պատասխանեց. «Ճիշտն ասած հատուկ Հայաստան վերադառնալու մասին չեմ մտածում։ Նեղ մասնագիտացում ունեմ ու կախված որտեղ աշխատանքի հնարավորություն կունենամ, այնտեղ էլ կաշխատեմ։ Իսկ Հայաստանի իրավիճակը հեռվից դժվար է լիարժեք օբյեկտիվ գնահատել։ Ինձ դուր է գալիս ընդհանուր ոգեւորությունը, բայց պարզ է, որ մի օրում կամ մի տարում նույնիսկ Շվեյցարիա չենք դառնալու։ Գիտության առումով դեռ շատ-շատ խնդիրներ կան, հատկապես հումանիտար գիտությունների ոլորտում։ Չեմ կարծում թե փոփոխություններ լինեն՝ պիտի սպասենք, որ բոլորը վերադառնան։ Մարդիկ ինչ-որ տեղերում կայացել են, հաստատվել, մանավանդ հումանիտար գիտությունների ոլորտում ոչ մի տեղ հեշտ չի աշխատանք ունենալը։ Ուղղակի ժամանակի ընթացքում Հայաստանում պետք է հնարավոր դարձնել, որ տեղում գիտությամբ զբաղվելը հրապուրիչ լինի, չեմ ասում մրցունակ, որովհետեւ դա դեռ երկար ժամանակ կպահանջի»:
Հոնկ Կոնգում բնակվող քիմիկոս Ալբերտ Ոսկանյանը, որը Հայաստանից հեռացել է 2012-ին, պատասխանեց. «Եթե գոնե նվազագույն բավարար պայմանները ստեղծվեն, ապա լրջորեն կմտածեմ հայրենիք վերադառնալու մասին: Տեղի ունեցած փոփոխությունները չափազանց դրական եմ գնահատում եւ հույս ունեմ մոտակա կարճ ժամանակահատվածում էֆեկտիվ քայլեր կմշակվեն ուղղված գիտության զարգացմանը մեր հայրենիքում»: Թե նվազագույն բավարար պայմաններ ասելով՝ ի՞նչ նկատի ունի՝ նա պատասխանեց. «Պետության կողմից գիտության առաջնահերթության կարեւորում, արդար մրցութային պայմաններ, ժամանակակից սարքավորումներ՝ փորձնական հետազոտություններ կատարելու համար, պետական մրցութային դրամաշնորհներ, բարձր աշխատավարձ եւ այլն»:
Նյարդա եւ հոգելեզվաբան Բյուրակն Իշխանյանը Հայաստանից հեռացել է 2011-ին, բնակվում է Դանիայում: Նա մեր հարցին ի պատասխան՝ ասաց. «Այս պահին էդպիսի մտադրություն չունեմ։ Նախ, ընդհանրապես հայտնի չէ, թե նոր իշխանություններն ինչպիսի գիտական քաղաքականություն են ունենալու, որովհետեւ առայժմ ոչ մի բառ չեն ասել գիտության մասին։ Հետո, ուղղակի անհնար է էդպես մի օրում ամեն ինչ թողնել ու գալ Հայաստան` առանց իմանալու, թե մեզ ինչ է սպասվում»:
Նշենք, որ Բյուրակն Իշխանյանը հեղափոխությունից հետո կարճ ժամանակով եղել է Հայաստանում եւ իր բլոգում այցի եւ Հայաստան մշտապես վերադառնալու հետ կապված գրել. «Սերժի հրաժարականից մի քանի օր անց Երեւանում էի։ Այցելությունս կարճ էր, չհասցրի բոլորին նորմալ տեսնել, բայց ընկերներիցս ում հետ էլ որ խոսում էի, ասում էին՝ մտքները փոխել են, էլ չեն արտագաղթելու։ Հետո ինձ էին հարցնում․ «Հետ կգա՞ս Հայաստան»։ Մոտ ընկերներս այս չորս տարիների ընթացքում այս հարցն առաջին անգամ էին տալիս, որովհետև երբեք չէին մոռանում, թե ինչպես երազանքներով լցված Եվրոպայից վերադարձա Հայաստան` փորձելով մարզերում աշխատանք գտնել կամ գիտությամբ զբաղվել, ու ինչպես երազանքներս հատիկ-հատիկ փշրվեցին։ Ընդամենը կես տարի անց նորից գնացի՝ այս անգամ իսկապես համոզված լինելով, որ այլևս երբեք չեմ վերադառնալու։ Բայց հեղափոխությունից հետո առաջին անգամ այդ հարցը նաև ինքս ինձ տվեցի, իսկ հետո նաև մեկ այլ հարց տվեցի․ «Իսկ ինչու՞ հետ գամ»։ Ու ես մենակ չեմ։ Կուլիսների հետևում Հայաստանից հեռացած շատերս քննարկում ենք հետ գնալու հավանականության մասին, բայց ոչ մեկս ճամպրուկները չի հավաքելու ու վաղը Հայաստան գնա։ Բայց նոր իշխանությունները շարունակում են ներգաղթի կոչեր անել։ Ֆեյսբուքյան բազմաթիվ օգտատերեր հորդորում են «հենց հիմա Հայաստան վերադառնալ»։ Իսկ մենք՝ արտերկրում ապրող բազմաթիվ հայերս, ուղղակի շրջանցում ենք այդ զրույցները, որովհետև գիտենք, որ հենց հիմա չենք ներգաղթելու, ոչ էլ մյուս տարի, ոչ էլ գուցե հինգ տարի անց։ Եվ նույնիսկ ամբողջ օրն էկրաններից կախված մնալն ու հերթով բոլոր լրատվամիջոցների կայքերը մտնելը, հեղափոխության, իսկ հետո նաև նոր իշխանությունների ամեն քայլին հետևելն ու քննարկելը չի նպաստում, որ ամեն ինչ թողնենք ու հետ գանք Հայաստան»:
Արտերկրում բնակվող այլ գիտնականների արձագանքի մասին կանդրադառնանք առաջիկայում:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ