Մայիսի 27-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալեց Ռամկավար Ազատական կուսակցության Կենտրոնական վարչության և Գերագույն խորհրդի ղեկավար կազմին:
Ամենայն Հայոց Հայրապետը գալիք տոների առիթով իր օրհնությունն ու բարեմաղթանքները փոխանցեց ՌԱԿ ներկայացուցիչներին` վստահություն հայտնելով, որ այս օրերն առավել պիտի խանդավառեն, հավելեն բերկրանքն ու ոգևորությունը մեր ժողովրդի: Վեհափառ Հայրապետն ընդգծեց, որ այս շրջանում բոլոր պատկան պետական և հասարակական կառույցները, ազգային հաստատությունները, այդ թվում նաև` Ռամկավար Ազատական կուսակցությունը, պետք է ջանքեր գործադրեն զորացնելու ազգի զավակների քաջազուն ոգին և միասնաբար լծվեն երկրի ու ժողովրդի առջև ծառացած դժվարությունների ու մարտահրավերների հաղթահարմանը:
Նորին Սրբությունը գնահատանքով անդրադարձավ այն օգտաշատ ծառայությանը, որ ավանդական կուսակցությունը մատուցել է հայ ժողովրդին, ինչպես նաև այն զորակցությանը, որ ոչ հեռավոր անցյալի եկեղեցական պատմության դժվարին ժամանակահատվածում ցուցաբերել է Մայր Աթոռ Ս. Էջմիածնին:
Հանդիպման առիթով իրենց ուրախությունը հայտնեցին նաև ՌԱԿ ներկայացուցիչները, Գարեգին Բ Վեհափառ Հայրապետին ներկայացրին կուսակցության կողմից արձանագրված ձեռքբերումները և առաջիկա անելիքները: ՌԱԿ ղեկավար կազմը, իր հավատարմությունը հայտնելով Ամենայն Հայոց Հայրապետին, պատրաստակամություն արտահայտեց ազգային միասնականության պահպանման ձգտումով հետայսու նույնպես զորավիգ լինելու Հայոց Եկեղեցուն:
Այս առնչությամբ Նորին Սրբությունը գոհունակություն հայտնեց առ այն, որ կուսակցությունը նույն նախանձախնդրությամբ ու նվիրումով շարունակում է նեցուկ լինել Հայոց Եկեղեցու առաքելությանն ու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին:
Տեղեկատվական համակարգ
Մայր Աթոռ Ս. Էջմիածին
Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցի