Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ԱԺ-ում հայտարարեց, որ իրեն պաշտոնանկ անելու մեխանիզմներ կան եւ այդ մեխանիզմները պատգամավորներին քաջ հայտնի են:
Այս առնչությամբ մեզ հետ զրույցում «Ելք» Խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն ասաց, որ «ԱԺ կանոնակարգ» օրենքով կարող են գլխավոր դատախազին անվստահություն հայտնել, խմբակցությունը կարող է դա նախաձեռնել եւ իհարկե, այդ ճանապարհը իրենք գիտեն:
Իսկ թե ինչո՞ւ չեն նախաձեռնում այդ գործընթացը՝ Մարուքյանը պատասխանեց. «Երբ որ կգտնենք դրա կարիքը կա, քաղաքական որոշում կլինի՝ կանենք»:
Մարուքյանն ԱԺ-ում Արթուր Դավթյանին հարց էր ուղղել, թե «հիմա մենք ո՞նց ենք շարունակելու աշխատել ձեր հետ»: Մարուքյանի խոսքով՝ «Մենք հարցադրում արեցինք, ինքն էլ ասում է՝ ես աշխատում եմ, նորմալ կաշխատեմ, բայց նաեւ հարցն այն է, որ պաշտոնանկ անելու համար պետք են համապատասխան թվով ձայներ: Միայն «Ելք» խմբակցությունն իր ձայներով չի կարող պաշտոնանկ անել գլխավոր դատախազին: Բնականաբար, կլինի քաղաքական պրոցես, եթե նման որոշում ունենանք՝ կլինի նման նախաձեռնություն: Այս պահին չկա որոշում»:
Նա ասաց, որ մյուս խմբակցությունների հետ չեն խորհրդակցել այս թեմայով եւ չգիտեն՝ կաջակցե՞ն, թե՞ ոչ, քանի որ որոշում չեն ունեցել՝ այդ քայլին գնալու. «Գլխավոր դատախազի իմպիչմենտի քննարկման հարց հիմա չունենք: Գլխավոր դատախազին ասում ենք, թե ինչ պետք է աներ՝ չի արվել ու թե ինչպես պետք է դա աներ, ինչ խնդիրներ կան համակարգում: Դա արել ենք նաեւ անցած հաղորդման ժամանակ եւ միշտ: Ինչ վերաբերում է տարբեր պաշտոնյաների հրաժարականներին կամ պաշտոնանկության վերաբերյալ իմպիչմենտի գործընթաց սկսելուն, դրանք քաղաքական որոշումներ են, բնականաբար, շատ մանրամասն քննարկելու, որոշում կայացնելու կարիք ունեն, երբ որ կունենանք նման որոշում, կունենանք նման նախաձեռնություն»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ