Լրահոս
Օրվա լրահոսը

«Ո՞նց եք պատկերացնում, որ ՀՀԿ մարզային խորհրդի նախագահն աշխատի հեղափոխության առաջնորդ Փաշինյանի հետ». Մարուքյան

Մայիս 27,2018 13:36

Այս օրերին մարզպետները մեկը մյուսի հետեւից հրաժարական են տալիս: «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն այս առնչությամբ մեզ հետ զրույցում ասաց, որ այդպես էլ պետք է անեին, բա իշխանափոխություն է եղել, հեղափոխություն է եղել. «Այդ մարզպետները աշխատել են ՀՀԿ-ի ժամանակներում, իսկ հիմա այլ ժամանակներ են, եւ պետք է նոր մարդկանց համար ճանապարհ բացվի, եւ նրանք դա գիտակցելով՝ անում են: Դիմում են գրել ու նրանց փոխարեն պետք է այլ նշանակումներ արվեն»:

Հարցին՝ ճնշումներ նրանց վրա չե՞ն եղել, իրենք իրենց կամքով սուսուփուս հրաժարակա՞ն են տվել պաշտոնից՝ Մարուքյանը պատասխանեց. «Կարծում եմ՝ այո: Այսինքն, ի՞նչ ճնշում պետք է լիներ, մարզպետը քաղաքական պաշտոն է եւ չեմ կարծում, թե մի մարզպետ լինի, որ ինքը ասի՝ չէ, ես մնում եմ Նիկոլի հետ աշխատեմ: Վարչապետն ինքը կորոշի՝ ուզո՞ւմ է նրա հետ աշխատել, թե՞ չէ: Դա քաղաքական պաշտոն է: Դա թիմային պաշտոն է: Օրինակ, տեսեք, պատգամավորը գնաց, իր օգնականն իր հետ գնում է,որովհետեւ դա թիմային է: Չի կարող իմ օգնականը ուրիշ պատգամավորի հետ աշխատի, եթե այդ ուրիշ պատգամավորը չի ցանկանում: Կամ ֆրակցիայի փորձագետը: Ֆրակցիայի ղեկավարը դուրս է գալիս՝ փորձագետները հետը գնում են: Պետք է նոր ֆրակցիայի ղեկավարը դիմում գրի, ստորագրի, որ հին էքսպերտները մնան: Դա թիմային աշխատանք է: Քաղաքական հայեցողական պաշտոնները, որ կան՝ մարզպետներ, փոխմարզպետներ, նախարարներ, փոխնախարարներ, դրանք բոլորը թիմային են: Եթե նոր նախարարները որոշեն աշխատել նախորդ փոխնախարարների հետ՝ աշխատում են, որոշեն, որ չեն ցանկանում, այդ մարդիկ դիմում են գրում եւ ազատվում են՝ առանց որեւէ ճնշումների»:

Մարուքյանը վստահ է, որ մարզպետները հասկանալով, որ նոր թիմ է գալիս, իրենք իրենց կամքով որոշել են հեռանալ ու նոր թիմի համար ճանապարհ բացել. «Որովհետեւ ես աշխատելու իմ ոճն ունեմ, մյուս պաշտոնյան մի ուրիշ ոճ ունի, ասենք, ես ինձ հասկացող մարդկանց հետ եմ ուզում աշխատել: Խոսքը չի գնում քաղծառայողների մասին: Նրանց չեն կարող բան ասել, որովհետեւ նրանք պաշտպանված են օրենքով: Իսկ քաղաքական պաշտոնյաները թիմային են, նրանք քաղաքական պրոցեսների արդյունքում են հայտնվում այդտեղ եւ հեռանում՝ նույն պրոցեսների արդյունքում: Այդ մարդիկ ընտրված չեն, նշանակված են նախորդ կառավարության օրոք, նախորդ կառավարության քաղաքական թիմի անդամներ են, մեծ մասը՝ ՀՀԿ-ի մարզային խորհուրդների նախագահներն են եւ դուք ո՞նց եք պատկերացնում, որ, ասենք, մարզային խորհրդի նախագահն աշխատի հեղափոխության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի հետ, որ ի՞նչ, ո՞նց կարող է նման բան լինել: Նորմալ է, այդտեղ ոչ մի բան մի փնտրեք, ընդհակառակը, աննորմալ կլիներ, եթե ինչ-որ մի մարզպետ ասեր՝ ես մնում եմ՝ հեղափոխություն անողների հետ աշխատելու»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031