«Շիրակ» ֆուտբոլային ակումբի մեծ թվով երկրպագուներ՝ «Հայրապետյան հեռացիր», «Ձեռքերդ հեռու մեր Շիրակից» ցուցապաստառներով, փակել են Գյումրի-Երևան ճանապարհի Ազատանի հատվածը՝ պահանջելով Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի հրաժարականը։
Նրանք ՀՖՖ-ի կողմից հրապարակված ՈՒԵՖԱ-ի նամակը, որով ՈՒԵՖԱ-ն վարույթ է սկսել «Շիրակ»-ի դեմ Երևանի «Բանանց»-ի հետ պայմանավորված խաղ անցկացնելու վերաբերյալ, համարում են կասկածելի ու Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից պահանջում են հրապարակել ՈՒԵՖԱ-ի բոլոր նամակները Հայաստանում տեղի ունեցած պայմանավորված խաղերի վերաբերյալ:
Երկրպագուները բողոքի ցույցի ընթացքում իրենց պահանջը հնչեցնելով՝ ֆուտբոլ են խաղում։ Նրանք Ռուբեն Հայրապետյանից պահանջում են կատարել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը (դատավոր` Ռ. Վարդազարյան) որոշումը, համաձայն որի` հայցի ապահովման կարգով (այսինքն` ժամանակավորապես` մինչև արբիտրաժային կարգով վեճի վերջնական լուծումը) արգելվել է նվազեցնել «Շիրակ»-ի միավորները:
«Վերջ տվեք ապօրինություններին, հարգեք օրենքը»,-բացականչում են «Շիրակի» երկրպագուները։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ