Լրահոս
Օրվա լրահոսը

Ավագանու անդամի լիազորությունների «դադարեցո՞ւմ», թե՞ «դադարում»

Մայիս 27,2018 10:14

Երևանի քաղաքապետի կողմից Ալեն Սիմոնյանին՝ ավագանու անդամի լիազորություններից զրկելու մասին հայտարարությունն ուղեկցվեց կոնկրետ օրենսդրական ակտերի վրա հղումներով, սակայն իրավաբանների շրջանում էլ այդ կապակցությամբ միասնական դիրքորոշում չկա: Պարզաբանումներ ստանալու համար դիմեցինք իրավագիտության  դոկտոր, պրոֆեսոր, Բարձրագույն դատական խորհրդի անդամ Գևորգ Դանիելյանին:

-Երևանի քաղաքապետն հղում է կատարում կոնկրետ իրավական ակտերի, «Տեղական ինքնակառավարման մասին», «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքին, դրանք բավարար չափով չե՞ն կարգավորում ավագանու լիազորությունների դադարեցման հարցը, ինչո՞ւ է, այնուամենայնիվ, այս գործընթացը տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք տալիս:

-Նկատի ունենալով, որ հարցադրումն ունի նաև քաղաքական ենթատեքստ, կսահմանափակվեմ միայն իրավական ասպեկտներով:

Օրենսդրական ակտի որոշակիությունը պայմանավորված չէ զուտ խմբագրական հստակությամբ, այն պետք է անհրաժեշտ չափով նաև որոշակի լինի բովանդակային չափանիշներով, և ամենակարևորը՝ համահունչ լինի սահմանադրական հիմնադրույթներին: Կոնկրետ  «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին», ինչպես նաև «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքներում, իմ խորին համոզմամբ, բացակայում է անհրաժեշտ հետևողականություն, թերևս, ոչ այնքան բարդ հարցադրման, մասնավորապես, լիազորությունների դադարեցման և լիազորությունների դադարման կտրվածքով: Այս երկու հիմնարար օրենսդրական ակտերում, հատկապես, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում անհարկի շփոթ կա, ինչի արդյունքում լիազորությունների դադարեցումը պարզապես հավասարեցվել է լիազորությունների դադարման հետ: Թերևս, նրանք, ովքեր պնդում են, որ ԱԺ պատգամավորի լիազորություններն ստանձնած Ալեն Սիմոնյանի՝ ավագանու անդամի լիազորությունները պետք է «մեխանիկորեն», այսինքն՝ իրավունքի ուժով դադարեն, ինչ խոսք, հիմք են ընդունում «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 20-րդ հոդվածի նորմերը, սակայն չպետք է անտեսել, որ այդ հոդվածում առկա է ակնհայտ ներքին հակասություն. անհամատեղելի պաշտոն ստանձնելը միանգամայն իրավաչափորեն դիտարկվում է իբրև լիազորությունների «դադարեցման» հիմք, մինչդեռ՝ նույն այդ հոդվածում նշված հիմքի պարագայում նախատեսված է լիազորությունների «դադարման» իրավական ռեժիմին բնորոշ ընթացակարգ:

-Պարոն Դանիելյան, ընտրված պաշտոնյայի համար որևէ իրավական նշանակությո՞ւն ունի, թե ինչ իրավական ձևակերպմամբ է ինքը զրկվում իր կարգավիճակից՝ լիազորությունների դադարեցմամբ, թե դադարմամբ: Ի՞նչ տարբերություն այդ երկու «բառ»-եղանակների միջև:

-Ներկայացուցչական մարմնի ընտրված պաշտոնյան հանրային իշխանության դեմք է, ուստի վերջինիս կարգավիճակը սոսկ իր անձնական խնդիրը չէ:

Ինչ վերաբերում է տարբերությանը, ապա այն խիստ էական է, ընդ որում, այդ տարբերության սահմանադրական հիմքերն առավել որոշակի ամրագրված են 2015 թ. խմբագրությամբ Սահմանադրությամբ: Նկատենք, որ լիազորությունների դադարման հիմքերը, իսկապես, կարող են հանգեցնել սոսկ ակնհայտ, անվիճելի այնպիսի փաստի արձանագրմանը, ինչպիսին մարդու մահն է, քաղաքացիությունից դուրս գալը և այլն: Այս դեպքում, կարիք չկա քննարկում նախաձեռնել այդ հիմքերը պարզելու համար և քվեարկությամբ որոշում կայացնել: Բոլորովին այլ իրավական իմաստ ունի լիազորության դադարեցման հիմքը, որոնցից մեկն էլ հենց անհամատեղելի պաշտոն ստանձնելն է, մանավանդ այնպիսի իրավիճակում, երբ առնվազն մի քանի ասպեկտներով ակնհայտ առկա է իրավական ակտերի նորմերի կոլիզիա: Բոլոր դեպքերում լիազորությունների դադարեցման հիմքը որևէ տրամաբանությամբ չի կարող զուտ արձանագրման ընթացակարգով հաստատվել և դիտարկվել իբրև  իմպերատիվ փաստ: Համեմատության համար նկատենք, որ ԱԺ պատգամավորների պարագայում լիազորությունների դադարեցման որևէ հիմք «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով զուտ արձանագրմամբ հավաստելու ընթացակարգ նախատեսված չէ, մինչդեռ՝ դա համարվել է իրավաչափ լիազորությունների դադարման պարագայում: Այս համատեքստում անհասկանալի է, թե ինչ նկատառումով է սահմանադրական կարգավորումներին ոչ համահունչ մոտեցում ամրագրված այլ օրենքներում:

Փորձեք կոնկրետ նորմերի վերլուծությամբ պարզաբանել լիազորությունների դադարեցման և դադարման ընթացակարգերի էությունը:

– «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասում խոսվում է ավագանու անդամի լիազորությունների դադարեցման, այլ ոչ թե դադարման մասին, մինչդեռ՝ արդեն 4-րդ մասով նախատեսված է, որ քաղաքապետը պարզապես կազմում է արձանագրություն և ուղարկում ԿԸՀ, ինչը որևէ աղերս չունի լիազորությունների դադարեցման հետ: Ընդ որում, բացառություն է սահմանված միայն 1-ին կետի համար, որում խոսվում է ամբողջ ավագանու լիազորությունների դադարման մասին, ինչն ինքնին ոչ թե ավագանու անդամի դադարեցման, այլ դադարման հիմք է և, հավանաբար, թյուրիմացաբար է հայտնվել այդ հոդվածում:

Ինչ վերաբերում է «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքին, ապա այս օրենսդրական ակտի 22-րդ հոդվածով ավագանու անդամության հետ անհամատեղելի պաշտոն զբաղեցնելու փաստի առնչությամբ արդեն ոչ թե համայնքի ղեկավարը, այլ ավագանին է կազմում լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին արձանագրություն, թեպետ՝ սա ևս խնդրահարույց է: Ինչևէ, բոլոր այն համայնքներում, որտեղ համայնքի ղեկավարն ընտրվում է ոչ թե բնակչության, այլ անմիջապես ավագանու կողմից, չի կարող օժտված լինել ավելի լայն լիազորություններով ավագանու անդամների նկատմամբ:

Փաստորեն, երկու օրենքների միջև որոշակի տարբեր իրավական կարգավորումներ են առկա, բայց չէ որ Երևանի տեղական ինքնակառավարման համար Սահմանադրությունը վերապահումներ է նախատեսել, ուստի այն տպավորությունն է, որ կարելի էր նախատեսել առանձնահատկություններ:

-Սահմանադրության 187-րդ հոդվածը օրենքով կարգավորման առարկան սահմանափակում է բացառապես տեղական ինքնակառավարման առանձնահատկություններով. «Երևանում տեղական ինքնակառավարման առանձնահատկությունները սահմանվում են օրենքով»: Այսպիսով, նշված օրենքը չպետք է դուրս գար իր  կարգավորման առարկայից և հընթացս առնչվեր նաև տեղական ինքնակառավարման մարմինների անդամների լիազորությունների դադարման կամ դադարեցման առանձնահատկություններին, որոնք համընդհանուր իրավական լուծում եմ ենթադրում:

Հարցազրուցը` Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Ռուբեն Թորոսյան says:

    Բայց ինչ կարիք կա սար ու ձոր ընկնել, քանի որ այդ հարցը վաղուց լուծվել է և կա նախադեպ, հենց այդ նույն մարմինների և ղեկավարների մասնակցությամբ, որի մասին արդեն հրապարակումններ կան ԶԼՄ-ներում՝
    https://www.azatutyun.am/a/24590422.html

    https://www.azatutyun.am/a/24599712.html

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031