Լրահոս
Օրվա լրահոսը

Երվանդ Օտյան. Հեղափոխության մակաբույծները. Մաս Բ. Խմբագիրը

Մայիս 27,2018 15:30

Նախորդ մասը կարդացեք այստեղ

Կարճուկ շատ կարճուկ մարդ մը: Քառակուսի: Կատարելապես քառակուսի դեմքով մը, որուն ճակատը թուշին կմիանա ուղիղ, բացարձակապես ուղիղ գծով մը: Քիչ մը պեխ, աղտոտ հագուստներ, պզտիկ շուն մը ետևեն, ու ահա նույն ինքն պարոն Զաքեոս:

Զինքը ճանչցա պալքանյան պետության մը քաղքին, մեղա, մայրաքաղաքին մեջ: Երբ իրեն հետ տեսնվելու պատիվն ունեցա, արդեն խմբագրության սկսած էր և իր թերթին, «Համերաշխություն»-ի երկրորդ թիվը շարելու վրա էր: Ախ այդ գիրերը շարելու գործողությունը. ինչ տանջանքներ տված էր իրեն: Հազիվ հաջողված էր գտնալ նախկին դերասան մը, որ լուսանկարչություն կըներ այդ քաղքին մեջ, համոզելու համար զինքը, որ իր կոչումը գրաշար ըլլալու է: Նախկին դերասանը, որ տասներեք անգամ ըլլալով իր անունը փոխած և Փայլակյան հեղափոխաշունչ անունն առած էր, հավաներ էր իր աջակցությունը նվիրել այդ թերթին, որուն իբրև թե նպատակն էր միություն առաջ բերել մեր հեղափոխական կուսակցություններուն մեջ:

* * *

Սեպտեմբերին իրիկուն մը, պ.Զաքեոս բռնեց օձիքես ու ստիպեց, որ միասին երթանք գարեջուր խմելու առանձին տեղ մը, քաղաքեն դուրս, հեռավոր պարտեզի մը մեջ:

– Քանի՞ տարիե ի վեր հոս ես, – հարցուցի իրեն, երբ կերթայինք ծառազարդ ճամփայե մը դեպի մեր նպատակակետը:

-Տասնըչորս տարիե ի վեր:

–Ինչո՞ւ ձգեցիր Պոլիսը:

– Ախ, իմ պատմությունս երկար է: Պոլիսեն փախա ճիշտ այն միջոցին, ուր զիս տասնըհինգ տարվան տաժանակիր աշխատության պիտի դատապարտեին: Եվ դատապարտեցին` «ի բացակայության»:

– Վատերը, – գոչեցի, – ի՞նչ սուտ ամբաստանությամբ քեզ դատապարտեցին: Հեղափոխակա՞ն գործի համար:

– Չէ, – պատասխանեց պ. Զաքեոս, – չէ, այն ատեն դեռ հեղափոխություն չի կար. պարզապես… հրձիգության համար:

-Վատերը, ինչ սոսկալի զրպարտություն:

– Զրպարտություն չէր, անհերքելի վկայություններ կային ինծի դեմ: Լռեցի: Դեմինս «անկեղծ» հրձիգ մըն էր:

Լռությունը որ տևեց մեր մեջ` պաղ էր, ինչպես հովը, որ կփչեր դեկտեմբերին, Աթենքի մեջ, Հիմեդ լերան կողմեն:

– Պոլիսեն փախա, – շարունակեց Զաքեոս, – և գացի Թրիեսթե, անկե եկա հոս, ուր կգտնվիմ տասնըչորս տարիե ի վեր:

-Ինչպե՞ս թերթ հրատարակելու գաղափարն ունեցար:

– Մարդ մը, որ կծնի, պետք է ապրի մինչև իր մեռած օրը, – պատասխանեց Զաքեոս վճռաբար: – Եթե հրձիգության փորձս հաջողեր, դիտավորությունս էր Պոլսո նպարավաճառի խանութ մը բանալ. դժբախտաբար չեղավ: Երբ հոս եկա, քովս մի քիչ ստակ կար, անով վիմագրատուն մը հաստատեցի և սկսա ապրիլ: Արդ, վիմագրատունեն խմբագրություն քայլ մը միայն կա և այդ քայլը առի շնորհիվ Խազապբեկյանի:

– Խազապբեկյա՞ն:

– Այո, Խազապբեկյանի, զոր հոս ճանչցա և որուն «Զանգակ» թերթին հասցեները ես կգրեի: Այն ատեն տեսա, որ ատ մարդը, ինե ավելի վարպետ, հրձիգութենե շահավետ գործ մը գտած էր` հեղափոխական թերթ մը հրատարակելով և կուսակցություն կազմելով:

Բայց Խազապբեկյան տիրած էր հրապարակին և անկարելի էր հետը մրցիլ:

Հիմա կուսակցական երկպառակություններուն պատճառով, հարմար ատենն էր մեջտեղ նետվելու և նետվեցա:

Ինչպես կտեսնաք, պ. Զաքեոս անկեղծ էր իր խոսքերուն, ինչպես հրձիգության մեջ:

«Համերաշխություն»-ի երրորդ թիվը հրատարակվեցավ և հետզհետե, ամեն ամիս, կանոնավորապես թերթերը լույս կտեսնեին: Թերթը հաջողություն կգտներ. աշխարհքի չորս կողմեն «Համերաշխություն» կուզեին և եթե այսպես շարունակվեր, խեղճ Զաքեոս, հագուստներեն ետքը, կոշիկն ու գլխարկն ալ ծախելու պիտի ստիպվեր` թերթը հրատարակելու համար, որովհետև «Համերաշխություն»-ը… ձրի կտրվեր և ճամփու ծախքը խմբագրության վրա էր…

Այո, պ. Զաքեոս, որ թեև Ավետարանի իր անվանակցին հասակը ուներ, բայց ոչ անոր հարստությունը, իր հույսը դրած էր նվերներու վրա միայն: «Թերթը ձրի է, բայց նվեր շնորհակալությամբ կընդունենք», կգրվեր ատեն-ատեն, մինչև «Համերաշխություն»-ի համակիրները թերթը կուզեին… բայց նվեր չէին ղրկեր հաճախ:

– Ախ, այդ Խազապբեկյանը, նվերի աղբյուրները բոլոր իրեն կքաշե տակավին, – կգոչեր խեղճ Զաքեոս, երբ ձեռնաթափ կդառնար նամակատունեն, ուր հերոսական անպարտելի հույսով մը կշարունակեր երթալ օրը երկու անգամ, նույնիսկ երբ վստահ էր, թե թղթաբերը եկած չէ:

Ու նվերները, որ կուգային ցանցառ-ցանցառ չեմ գիտեր ինչ հրաշքով, ճղճիմ բաներ էին: Երեք ֆրանք Պուլկարիայեն, կես տոլար Ամերիկայեն, հիգ ղուրուշ Եգիպտոսեն, զորս գանձելու համար ամոթով կմոտենար խեղ ճը` դրամ վճարող պաշտոնյային, ո ծաղրական ժպիտ մը շրթունքին վրա կուտար իրեն, ողորմության մը պես, այդ ֆրանքները կամ կես տոլարը, կամ հինգ ղուրուշը:

* * *

Որու պիտի բավեին այդ խղճուկ նվերները, լուսանկարչությունը ձգող նախկին դերասան գրաշարին պահա՞նջքը կարգադրելու, Քոլոքոթրոնիս փողոցը գտնվող սափրիչին, լեղակ աչքերով կնոջ` Ելենիի` տարիե մը ի վեր խոստացած գուլպաները գնելու, ճաշարանին հաշիվը մաքրելու տան վա՞րձքը տալու, շունին ոսկոր գնելու, որո՞ւն պիտի բավեր երեք ֆրանքը, կես տոլարը կամ հինգ ղուրուշը:

Ու Զաքեոս` հուսահատ` «ապերախտ ազգ» գոչելով թղթատունեն կմեկներ գանձած քիչ մը դրամովը ու շունչը կառներ գինետուն, ըստ խրատու առակողին, թե «օղին կորսվելու վրա եղողին ու գինին դառնահոգիներուն տվեք, որ անոնք խմեն ու իրենց աղքատությունը մոռնան և իրենց նեղությունը մեյ մըն ալ չհիշեն»: Երբեմն մեզի ալ կհրավիրեր.

– Եկեք, սանկ քանի մը հատ ճնկենք, անանկ ալ կործանեցա, ասանկ ալ:

Ու այս փիլիսոփայական մտածումով զորացած կմտներ գինետուն, ուր րեչինան` այդ Հոմերոսեն երգված գինին` կմոռցներ պահ մը իր կյանքին տխուր իրականությունները:

Հոն սեղանին առջև, մեծ ու պզտիկ տակառներու դրացությամբ, Զաքեոս կամաց-կամաց կխանդավառեր ու կսկսեր անկեղծ շատախոսությամբ մը դուրս տալ սրտին մեջ եղածները:

Դեկտեմբերի մեջ, ցուրտ ու անձրևոտ իրիկուն մը, երեք բարեկամ նստած էինք նպարավաճառ-գինետան մը անկյունը. երբ Զաքեոս ներս մտավ հաղթական ձևով մը:

– Րեչինա՞ թե ուզո, – գոչեց խոսքը մեզի ուղղելով, երբ տեսավ, որ սեղաննուս վրա տակավին գավաթներ չէին երևցած:

-Րեչինա:

Հարկ եղած հրահանգները տալե վերջ` եկավ քովերնիս:

– Թղթատունե՞ն կուգաս կոր, – հարցուցինք:

– Ձգեցեք սա թղթատունը, – պոռաց Զաքեոս արհամարհոտ ձևով մը թևը կես մը բարձրացուցած:

-Ուրեմն ինչպե՞ս պիտի խմենք րեչինան:

– Արաբկիրցի հարուստ մը, – շարունակեց Զաքեոս, – հոս կգտնվի եղեր, գործ մը ունեցել է պանքային հետ ու լեզու չգիտնալուն ստիպվեր է գալ զիս փնտռել, որպեսզի մեկտեղ երթանք գործը կարգադրենք: Գացինք կարգադրեցինք մարդը հանեց տասը ֆրանք նվեր տվավ: Ըսի իրեն, որ ես երբեք նվեր չեմ ընդունիր, բայց «Համերաշխություն» – ի համար կընդունիմ: «Առ տե, ինչի համար կուզես առ», ըսավ ու ձգեց գնաց: Ես ալ ութ ֆրանքը տպագրիչին տվի ու երկուքն ալ մեր Միչոյին պահեցի:

-«Մեր Միչոն» գինեպանն էր:

* * *

Երբ րեչինային առաջին շիշը պարպվեցավ, Զաքեոս գլխարկը դեպի ետև քշեց, քիչ մը ճակատը քերեց, ձեռքը զարկավ սեղանին ու գոչեց.

– Ուշ հասա, ուշ: Եթե վեց-յոթը տարի առաջ գործի սկսեի` հիմա դիրքս շինած էի: Ես ալ եղած էի Խազապբեկ մը…

-Նորեն կըլլաս, մի հուսահատիր:

– Չէ, ալ լմնցավ, կտեսնամ, որ ժողովրդին աչքը բացվեցավ… ալ առջի միամիտները չեն: Տեսնելու բան էր Խազապբեկին հոս եղած ատենը, երբ միասին Բոսթան կերթայինք, ամեն կողմե անձրևի պես կուգար դրամները, շաբաթը երբեմն հարյուր ոսկի կըլլար… հարյուր: Միչո, սա շիշը վերցուր և ուրիշ մը բեր:

Զաքեոս շարունակեց.

– Ախ, այդ տեղատարափ նվերներն էին, որ իմ ալ գլուխս դարձուցին: Այն օրեն միտքս դրի ես ալ հեղափոխական թերթ հրատարակել, կուսակցություն կազմել ու այդ նվերներուն գոնե հարյուրին տասը ձեռք անցնել: Հիմա չափս առի:

-Կամաց –կամաց:

– Էհ, եթե քիչ մը դրամագլուխ ունենայի տարի մը դիմանալու չափ, բայց ախ, չեք գիտեր վիճակս: Ամեն օր նոր – նոր պարտքեր ընելու վրա եմ, ալ քաղքին մեջ մարդ չպիտի մնա, որ ինծի ապառիկ տա: Երեկ խանութիս տերը վերջնականապես ըսավ, որ ամսու գլխուն եթե պարտքս չվճարեմ, զիս դուրս պիտի նետե…

-Բեր սա գավաթդ լեցունեմ:

– Աս «Համերաշխություն»-ը խերս անիծեց, մեջքս կոտրեց, եղբայր: Քանի մը ոսկի խնայողություն ըրած էի, ան գնաց… պարտքի սկսա, և ինչ խայտառակ պարտքեր, հինգ ղուրուշ մեկեն, տասը ղուրուշ մեկելեն… քեփազե եղանք ամենուն քով: Ձեռք մը նոր լաթ ունեի` ան ալ ծախեցի, «Համերաշխություն»-ը հոս հասցուց ինծի: Նայեցեք սա բանթալոնիս ու բալթոյիս վիճակը, սա գլխարկս… հապա կոշիկներս… ոտքս ջուրերուն մեջն է: Տարի մը առաջ տեսնելու էիք ինծի, դեռ մարդու շնորք կար վրաս… հիմա կամչնամ կոր հայելին նայելու… ապերախտ ազգ: Միչո, սա շիշը վերցուր ուրիշ մը բեր:

Ալ լռեց:

Գրգռված էր ու տխրություն եկած էր վրան, այն տեսակ մը ծանր տխրություններեն, որոնք երբեմն կիյնան հոգիին վրա ու կճնշեն զայն: Լռությամբ պարպեց վերջին շիշը:

– Այս իրիկուն րիչինան փոխանակ քեզ զվարթացնելու` ավելի տխրեցուց, – ըսի:

– Այո՞, – պատասխանեց վհատ ձայնով մը, – մատնիչը… ան ալ զիս լքանել սկսավ:

Ոտքի ելանք: Դիաբեզային առջև Զաքեոս մաքրեց րեչինաներու հաշիվը, կես ֆրանքի չափ ավելցավ:

-Քոնյաք մը տուր: Հատ մըն ալ:

Երկու քոնյաքը երբ խմեց, փողոց ելանք: Զաքեոս սկսած էր սայթաքել: Դուրսը, տխուր, անձրևոտ գիշեր մըն էր, ցուրտ, հուսահատական:

– Գիշեր բարի, – ըսավ Զաքեոս ու մխրճվեցավ` գայթ ի գայթ` դիմացի փողոցին մեջ, մինչև անձրևը կծեծեր իր աղտոտ գլխարկը ու հին լաթերը: Իր շունը` Գանելան, պոչը կծկած ետևեն կերթար…

* * *

Հիմա երկու տարիեն ետքը աչքիս առջևն է տեսարանը: Դեկտեմբերի այդ անձրևոտ պաղ գիշերը, ու կարճուկ ստվերը Զաքեոսին, որ պատն ի վեր, կաղի հարաշարժ լույսին տակ, խոլական ձևեր կառներ, ու այդ չար անձրևը, որ կարծես անձրևանոց չունեցող գլուխներուն վրա կիջնա` հատկապես` անգութ համառությամբ մը, ու անմեղ նահատակ իր տիրոջ փառատենչ անուրջներուն` Գանելան, որ գուցե օրն ի բուն ոսկոր չէր գտած կրծելու և հիմակ, ջուրին տակ խխում եղած, կհետևեր` ստոյիկ համակերպությամբ մը` իր տիրոջ, որ գայթ ի գայթ կերթար պատն ի վեր:

– Խեղճ Զաքեոս, – ըսինք ամենքս միաբերան, երբ ջրաթաթավ ստվերը ալ խառնվեցավ մթության հետ:

Տգետ, անխելք, նյութապես անկարող, ֆիզիքապես անշնորհք, ամեննեն արհամարհված, երկչոտ մարդ մը` անծանոթ մնալու բոլոր օգուտներով օժտված, որ ինքզինքը հանձնարարելու համար բան մը չունի, որ իր ոչնչության գիտակցությունը ունի և որ սակայն կուզե հանրային դեր մը խաղալ, թերթ հրատարակել, կուսակցություն կազմել, հրամանին տակ մասնաճյուղեր ունենալ, հրահանգներ տալ և… նվերներ առնել, վերջապես, մակաբույծ մը, բայց մեծկակ մակաբույծ մը ըլլալ: Արդարև, խեղճ մարդ:

Իր անհաջողության պատճառները երբեմն կփնտռեր Զաքեոս. «Նախ ժողովուրդը առաջինը չէ, – կըսեր, – հետո ես գեշ ըրի, գործի սկսելե առաջ` պետք էր տարի մը չափ գավառները երթալ, սանկ, ինչպես ըսեմ, նախկին գործիչի մը համբավ շինել և ետքեն թերթ հրատարակել: Հեղափոխական կյանք չունենալս շատ սախտե կուտա կոր ինծի… Ասկե զատ, շիտակը ըսեմ, հասակիս կարճությունը և կզակիս ձևը գործը կավրեն կոր. ո՞ւր էր, որ երկայնահասակ մը մեկը ըլլայի, առատ մազերով, խոշոր մորուքով… Խազապբեկին պես բան մը: Հետո, հետո… մեյ մը Ժնև գացած չըլլալս… ի՞նչ կըլլար, փոխանակ Թրիեսթեեն ուղիղ հոս գալու, Ժնևի ճամփով դառնայի… ան «սոցիալ-դեմոկրատի» (Նկատի ունի հնչակյաններին) պես բառերը տեսա՞ր մի, ահա անոնք են քսակներու բանալիները, անոնք` նվեր բերողները…

– Անոնց ալ մոտան անցավ, պարոն Զաքեոս: Հուլիոս կեսար, Նաբոլեոն առաջին, պարոն Թիեռ ալ կարճահասակ էին…

– Այրած սրտի մխիթարանք… ես ըսածս գիտեմ: Տես անցած օր ինչ պատահեցավ: Սրճարանը նստած էի, եկան զիս փնտռեցին, ըսելով, որ երկու շնորհքով մարդ «Համերաշխություն»-ի հրատարակիչը տեսնել կուզեն անպատճառ: Լուրը բերողը ըսավ, որ նվեր տալու խոսք ըրեր են: Խենթի պես վազեցի խանութս: Քիչ մը ետքը պիտի գան եղեր, վերջապես եկան:

– Ո՞ւր է պարոն Զաքեոսը, «Համերաշխություն»-ի հրատարակիչը, – հարցուցին ինծի:

-Ես եմ, – պատասխանեցի:

– Դո՞ւն… դուն թե՞րթ կհրատարակես, – ըսավ մին կես մը խնդալով:

-Այո, հրամմեցեք նստեցեք, սուրճ մը առեք:

– Ոչ շնորհակալ ենք, ստիպողական գործ ունինք, մնաք բարով, հաջողություն կմաղթենք:

Ու ելան գացին:

Ետքը իմացա, որ ծանոթներուս մեկուն ըսեր են. «Միտք ունեինք նվեր մը ընելու, բայց, շիտակը, իր կերպարանքին չհավնեցանք, ատ մարդը ինչպե՞ս խմբագրություն կընե»:

– Կերպարանքիս չեն հավներ, անպիտաններ, փեսա՞ փնտռելու եկաք, թե նվեր տալու… զարմացեր են, թե ինչպե՞ս խմբագրություն կընեմ… կարճահասակ մարդ մը խմբագրություն չի՞ կրնար ընել… սանդուխի մը վրա կելամ ու անանկ կընեմ խմբագրություն… ապերախտ ազգ…

Երկու տարի է, որ մեկնած եմ այդ քաղքեն ու չեմ գիտեր, թե «Համերաշխություն»-ը դեռ կհրատարակվի՞: «Համերաշխություն» չկարդալս անշուշտ զրկանք մը չեմ համարեր ինծի համար, բայց անհուն ձանձրույթի վայրկյաններուն, որ կունենամ երբեմն, կարոտը կքաշեմ Զաքեոսին, որուն տեսքն ու խոսակցությունը հաճախ զվարթություն տված են ինծի:

Բալյաչո մըն է, որ ծերունի հոր դերը խաղալ կուզե. ահա իմ սխալը:

Անարդար եղա իրեն նկատմամբ, երբ հեղափոխության մակաբույծներուն մեջ դասեցի զինքը, իր նպատակը շեշտել ուզելով ավելի: Ստուգապես Զաքեոս հեղափոխության…զոհն է:

ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031