Նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկար սպասեցնել չտվեց և մի քանի օրվա մեջ կառավարություն կազմեց: Նորանշանակ փոխվարչապետների ու նախարարների վերաբերյալ կարծիքները չափազանց տարբեր են իրարից, և կարծում եմ, որ անձամբ մեր կարծիքն էլ էապես կտարբերվի մյուսներից:
Սկսենք Օսիպյանից, ում նշանակումն ամենից շատ խոսակցությունների առիթ տվեց: Օսիպյանի նշանակումն ամենից ավելի հեղափոխականներն են արդարացնում, ասելով ու պնդելով, որ Օսիպյանը կոռումպացված չինովնիկ չէ: Որ ասում են, ուրեմն մի բան գիտեն: Թե որտեղից գիտեն, հայտնի չէ: Այդուհանդերձ, թավշյա ու սիրո հեղափոխության ընթացքում հեղափոխականների կողմից Օսիպյանի հանդեպ սեր չենք նկատել: Իսկ հիմա նկատում ենք: Ընդ որում՝ Օսիպյանի կողմից էլ հեղափոխականների հանդեպ է սեր նկատվում, և դա Օսիպյանը լավագույնս արտահայտեց քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանի ընտանիքին իր բնակարանում հյուրընկալելով:
Նշանակումների ընթացքում լուր տարածվեց, որ, ամենայն հավանականությամբ, առողջապահության նախարար է նշանակվելու Առողջապահության փոխնախարար Սամվել Մարգարյանը: Չորս կողմից հարձակումներ սկսվեցին Սամվել Մարգարյանի վրա: Որոշ լրատվամիջոցներ նույնպես հարձակվեցին Սամվել Մարգարյանի վրա՝ հեգնանքով նշելով, որ փոխնախարարը հեծանիվով է աշխատանքի գնում: Հետաքրքիր է, չէ՞:
Ուրիշ ժամանակ մենք հիացմունքով ենք արտահայտվում արտասահմանյան այն պաշտոնյաների մասին, ովքեր հեծանիվով են աշխատանքի գնում, իսկ մեր ու Սամվել Մարգարյանի դեպքում, պարզվում է, դա թերություն է: Առողջապահության ոլորտի որոշ աշխատողներ նույնպես հարայհրոց բարձրացրին Սամվել Մարգարյանի դեմ՝ աղաղակելով, որ Մարգարյանն առողջապահության ոլորտում անփորձ է և որպես փոխնախարար վատ է աշխատել: Եթե մի քանի տարի փոխնախարար աշխատած մարդն է անփորձ, ապա ո՞վ է փորձառուն: Կամ ՝ եթե վատ էր աշխատում, ինչու՞ իր պաշտոնավարության օրոք չէին քննադատում:
Ալթունյանին շատերն էին քննադատում, իսկ Սամվել Մարգարյանի մասին որևէ քննադատության չենք հանդիպել: Ինչևէ. կարծում ենք, որ Սամվել Մարգարյանի դեմ հրապարակային այս հարձակումները պատճառ դարձան, որ երիտասարդ փոխնախարարը նախարար չնշանակվեց: Երիտասարդ լինելն այս դեպքում, փաստորեն, չգնահատվեց:
Մշակույթի նախարար նշանակված Լիլիթ Մակունցի դեպքում ճիշտ հակառակն է. ոչ միայն նրա երիտասարդ լինելն է որպես դրական հատկանիշ համարվում ու գնահատվում, այլև տվյալ բնագավառում նրա անփորձ լինելու մասին հիմնականում լռում են, և հատկապես մշակույթի բնագավառի մարդիկ են լռում:
Պարզվում է՝ մշակույթի բնագավառի մարդիկ ու արվեստագետները շատ ավելի մեծահոգի են: Ոչ միայն մեծահոգի, այլև՝ համբերատար: Նրանք փորձառու նախարարներ շատ են տեսել և անփորձ Լիլիթ Մակունցին փորձառություն ձեռք բերելու հնարավորություն կտան: Մինչդեռ թվում էր թե՝ Մշակույթի նորանշանակ նախարարի անփորձության թեմայով ամենից ավելի հենց մշակույթի գործիչները պիտի աղմուկ բարձրացնեին: Բայց չբարձրացրին: Եվ դա ոչ միայն անսպասելի էր, այլև՝ հաճելի: Եթե հեղափոխության շարժիչ ուժը երիտասարդությունն էր, ուրեմն պիտի երիտասարդներին երկրի կառուցման գործում ինքնադրսևորվելու հնարավորություն տրվի: Վերջապես, Նիկոլն ինքն էլ է երիտասարդ: Ընդ որում, հոգով շատ ավելի երիտասարդ է, քան՝ տարիքով: Երկրի գլխավոր ղեկավարի պաշտոնը զբաղեցնող քառասունն անց տղամարդը կարող է միանգամայն չափահաս համարվել:
Լևոն Տեր-Պետրոսյանն ու Ռոբերտ Քոչարյանն էլ, երբ ստանձնեցին երկրի ղեկավարի պաշտոնը, քառասունը մի քիչ էին անց, բայց համաձայնվեք, որ Փաշինյանն այս երկուսից անհամեմատ երիտասարդ է ոչ միայն տարիքային առումով, այլև՝ եռանդով, ավյունով և մտածողությամբ: Այդ է պատճառը, որ նորընտիր Վարչապետն իշխանության մեջ երիտասարդներին մեծ տեղ տվեց: Բայց երիտասարդների ու երիտասարդության թեմայի չարաշահումն էլ ցանկալի չէ: Ասում ենք, որ այս հեղափոխությունը երիտասարդության հեղափոխությունն էր: Բայց իրականում տարիքավորներն էլ պակաս ակտիվ չէին: Ինչպես Թաթայի երգում է ասվում՝ «այսքան ուրախ չէի տեսել հորս ու մորս»:
Եվ վերջապես. մեր համեստ կարծիքով, Վարչապետ Փաշինյանի նշանակած ամենահաջող նախարարներն Արծվիկ Մինասյանն ու Արտակ Զեյնալյանն են, ովքեր այնքան էլ երիտասարդ չեն: Օսիպյանն էլ երիտասարդ չի, և չնայած ոստիկանապետի նշանակման առիթով շատ քննադատություններ եղան, բայց հույս ունենք, որ Օսիպյանն առաջիկայում էլ կաշխատի այնպես, ինչպես նախկին իշխանություններ եղան, բայց հույս ունենք, որ Օսիպյանն առաջիկայում էլ կաշխատի այնպես, ինչպես նախկին իշխանությունների օրոք է աշխատել, և եթե հեղափոխությունը թավշյա էր ու անարյուն, դրանում մեծապես նաև Օսիպյանի դերն էր նշանակալի:
Ինչպես նաև՝ Վլադիմիր Գասպարյանինը: Եվ չնայած հեղափոխականներն ու անձամբ Վարչապետը Օսիպյանի նշանակման կապակցությամբ նշում ու շեշտում են, որ վերջինս ոստիկանության համակարգում կոռուպցիայով չի զբաղվել, այդուհանդերձ, եթե հեղափոխության ընթացքում արյուն ու թեկուզև մեկ զոհ լիներ, ոչ ոք հաշվի չէր առնի, որ Օսիպյանը կոռուպցիայով չի զբաղվել, և չնայած ողջ հեղափոխության ընթացքում Օսիպյանը հեղափոխակաների թիվ մեկ թիրախն էր, այս պահի դրությամբ հեղափոխականներից շատերը նրան համարում են թավշյա հեղափոխության խորհրդանիշներից մեկը՝ դրական իմաստով:
Չնայած Օսիպյանի պաշտոնը էապես է բարձրացել, այդուհանդերձ, ինքը շարունակում ու շարունակելու է իր աշխատանքը՝ նույն ոգով, որովհետև, չնայած հեղափոխությունն ավարտվել է, ոստիկանության ու անձամբ Օսիպյանի խնդիրներն էապես չեն փոխվել, քանի որ հեղափոխականներից օրինակ վերցնելով՝ քաղբանտարկյալներին ազատություն և Տարոն Մարգարյանից հրաժարական պահանջողները ժամանակ առ ժամանակ փակում են փողոցները, և այլ առիթներով կառավարության շենքի մոտ էլ են բազմաթիվ բողոքավորներ հավաքվում, հուսալով, որ նոր իշխանությունն ու անձամբ Նիկոլ Փաշինյանը մի օրում լուծելու են կուտակված բոլոր խնդիրները:
Շատերը, ինչպես նաև Հայաստանի առաջին նախագահն այն կարծիքին են, որ հանրապետականները զենքերը վայր չեն դնելու և փորձելու են վրեժ լուծել նոր իշխանություններից՝ խաթարելով նրանց աշխատանքը: Վահրամ Բաղդասարյանը, Աշոտյանը, Շարմազանովն ու այլ հանրապետականներ միանգամայն այլ կարծիքի են: Նրանք խոստանում են, որ իրենք ամեն ինչ անելու են՝ նպաստելու նոր իշխանությունների գործունեությանը: Տա Աստված, որ այդպես լինի:
Ինչևէ. նոր իշխանությունների խնդիրները բազմաթիվ ու բազմաբարդ են: Միակ ելքը հանդուրժողականությունն է, ընդ որում՝ բոլորեքյան: Ինչպես նաև՝ պետական մտածողությունն ու պետության հանդեպ սրտացավությունը:
ՈՍԿԱՆ ԵՐԵՎԱՆՑԻ