«Մեր երկրում արհեստագործական կրթությունը բավական խոցելի վիճակում է»,- այսօր` «Թումո» կենտրոնում կազմակերպված «Նոր սերնդի կրթությունը հարթակի ձեւավորումը 1-ին քայլ» միջոցառման ժամանակ կարծիք հայտնեց «Yes Armenia» նախաձեռնության անդամ Նորիկ Թունյանը: Ըստ բանախոսի` մասնագիտական կրթության եւ ուսուցման (ՄԿՈՒ) օղակը համակարգի «խորթ զավակն» է, քանի որ տարիներ շարունակ մյուս ոլորտները պետական աջակցություն են ստացել, այս ոլորտը`ոչ:
Ըստ բանախոսի`առաց որակյալ աշխատուժի, չկա տնտեսական աճ: Հայաստանի պարագայում, այդ աշխատուժը տարբեր արհեստների տիրապետող մարդիկ են. «Երկրի զարգացման եւ առաջընթացի համար մեկը պետք է քարը քարին դնի, մեխ խփի»: Այս համատեքստում, ասում է, գործատուների կարծիքը հաշվի առնելով պետք է կրթություն կազմակերպենք:
Նորիկ Թունյանի կարծիքով, պետք է ստեղծվի պետության կողմից մշակված այնպիսի տնտեսական մեխանիզմ, որը մասնավոր հատվածի սեփականատերերին կշահագրգռի` իրենց աշխատողներին ուղարկել ՄԿՈՒ հաստատություններում դասավանդելու: Նաեւ`ակադեմիական նյութերն ու դասապրոցեսը հենց մասնավոր հատվածի ներկայացուցիչների կողմից պետք է մշակվեն: Այսինքն`պրակտիկ գիտելիքների հիման վրա, ոչ թե ակադեմիական:
«Հայաստանն անկախ պետություն է եւ արհեստավորը նույնքան պատիվ ունի, որքան ակադեմիկոսը»,- ասաց նա:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ