«Կրթության ոլորտում հարյուրավոր միլիոնների անարդյունավետ ծախս կա»,- այսօր «Թումո» կենտրոնում հայտարարեց ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը: Նախարարը մասնակցում էր «Նոր սերնդի կրթությունը հարթակի ձեւավորումը 1-ին քայլ» միջոցառմանը: Այս ձեւաչափով համագործակցությունը քննարկվել է դեռ նախկին իշխանության օրոք:
Արայիկ Հարությունյանն ասում է` վերջին 2-3 շաբաթում մեր երկրում կրթության նկատմամբ հետաքրքրություն է ձեւավորվել, որ մեծանում է։ «Հեղափոխությունից հետո, նոր իշխանություններն այս ոլորտներում պատրաստվում են փոփոխություն բերել՝ ոլորտի մասնագետների հետ համագործակցելով: Դրա կարիքը կա՝ ավելի լավ հայեցակարգեր կրթական ոլորտ բերելու համար»,-ասաց նա` հորդորելով կենտրոնանալ լուծումների վրա: Խնդիրների մասին միշտ է խոսվել, գիտեն:
Ավելին, իր պաշտոնավարման երկու շաբաթվա ընթացքում Արայիկ Հարությունյանն ասում է, որ վերհանել է բազմաթիվ օպերատիվ խնդիրներ: Դրանք լուծելուն զուգահեռ իրենք ռազմավարական ու մարտավարական գործողություններ են իրականացնելու. «Ցանկանում ենք նոր գաղափարներ ներգրավել, այն էլ բոլոր ոլորտներում՝ մանկապարտեզներից սկսած մինչ բուհական կրթություն»:
Նախադպրոցական կրթության ոլորտի խնդիրներին, Արայիկ Հարությունյանը ծանոթ է եղել մինչ նախարար նշանակվելը, այս ընթացքում մի քիչ ուսումնասիրել է նաեւ միջին մասնագիտական ոլորտը, բուհ-ական ոլորտից էլ տեղյակ է`«ես բուհ-ի մարդ» եմ: Նախարարն ասաց նաեւ, որ այս բոլոր հարցերին պատրաստվում են լուծումներ տալ ոչ միայն իրենց թիմի մասնագետներով: Այլոց էլ են լսելու:
Առաջնահերթությունների շարքում Արայիկ Հարությունյանը կարեւորում է բուհերի ապաքաղաքականացումը, առկա ռեսուրսների ճիշտ բաշխումը: Ասաց. «Մինչ օրս նախարարությունում ահռելի չափով չարդարացված ծախսեր են կատարվել, որոնք հասնում են հարյուրավոր միլիոնների»։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ