«Հիմա պետք է հանգիստ հետեւել, որ ամեն ինչ օրենքով ստուգվի եւ բացահայտվի»,-Դիլիջանում այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ԱԱԾ-ի՝ օրերս բացահայտած կոռուպցիոն սխեմային, ասաց սփյուռքահայ բարերար, գործարար, «Ավրորա» մարդասիրական մրցանակի հիմնադիրներից Ռուբեն Վարդանյանը: Ապա լրագրողները հետաքրքրվեցին, թե իր դիտարկմամբ՝ ներդրումային դաշտի համար ինչ է փոխվել նոր իշխանությունների պարագայում: Վարդանյանը չցանկացավ համեմատականներ անցկացնել այս եւ նախորդ իշխանությունների միջեւ:
«Մենք բարեգործություններ արել ենք եւ անելու ենք՝ որքան կարող ենք՝ անկախ նրանից, թե ով է երկրի ղեկավարը»,-վստահեցրեց նա: Ռուբեն Վարդանյանը նշեց, որ Նիկոլ Փաշինյանից եւ նրա կառավարությունից ակնկալում են, որ իրենց հայտարարությունները կյանքի կկոչեն:
«Իմ ընկերների հետ միասին մենք կշարունակենք մեր աշխատանքը՝ անկախ նրանից, թե ով կլինի՝ Փաշինյանը, Քոչարյանը, թե Սարգսյանը»: Բարերարը նաեւ կարծիք հայտնեց, որ իշխանափոխությունից հետո երիտասարդները սկսել են ժպտալ, եւ չպատասխանեց հարցին, թե ով էր «գողացել» նրանց ժպիտը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ